«Ծխելը 2-3 անգամ բարձրացնում է ցրված սկլերոզի հավանականությունը». Սարգիս Աբրահամյան

Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբան Սարգիս Աբրահամյանն այս և առաջիկա երեք կիրակիներին ժամը 22:30-ին պատասխանելու է 168TV-ի և մեր ընթերցողների հարցերին: Հաղորդումների համար ընտրվել են ամենատարածված հիվանդություններից մի քանիսը՝ ցրված սկլերոզ, գլխուղեղի իշեմիկ կաթված, էպիլեպսիա, հիշողության խանգարումներ, դեմենցիա:

Առաջին թողարկման ընթացքում անդրադարձել ենք ցրված սկլերոզ հիվանդությանը: Բժիշկը նախ ընդգծեց, որ այն որևէ առնչություն չունի հիշողության խանգարումների, այսինքն՝ դեմենցիաների հետ:

«Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկ բորբոքային պրոցես է, որը հաճախ հանդիպում է երիտասարդների շրջանում: Ցրված սկլերոզն աուտոիմուն հիվանդություն է, այսինքն՝ առաջանում է իմունային համակարգի ոչ կանոնավոր գործունեության արդյունքում: Նորմայում իմունային համակարգն ընդունակ է պաշտպանել օրգանիզմն օտար բջիջներից՝ դրանք կլինեն բակտերիաներ, սպիտակուցներ, վիրուսներ, ճանաչում է դրանք և չեզոքացնում, իսկ ցրված սկլերոզի ժամանակ խաթարվում է իմունային համակարգի կանոնավոր գործունեությունը: Այսինքն՝ սեփական իմունային համակարգն ընկալում է սեփական օրգանիզմի նյարդային բջիջներին՝ որպես օտար, և սկսվում է ախտաբանական պրոցես այդ բջիջների նկատմամբ: Արդյունքում՝ կենտրոնական նյարդային համակարգում՝ գլխուղեղում և ողնուղեղում, առաջանում են բորբոքային օջախներ, որոնք հետագայում ենթարկվում են սպիացման, այսինքն՝ սկլերոզի, այդտեղից անվանումը՝ ցրված սկլերոզ, և կախված օջախների տեղակայումից և քանակից՝ առաջանում են տարբեր կլինիկական դրսևորումներ»,- ասաց բժիշկը:

Սարգիս Աբրահամյանի խոսքով՝ ցրված սկլերոզի համար սպեցիֆիկ նշաններ չկան, առաջանում են բորբոքային օջախներ գլխուղեղի և ողնուղեղի տարբեր հատվածներում, և կախված նրանից, թե որ հատվածում է առաջանում այդ բորբոքային օջախը, և ինչ քանակի են այդ օջախները՝ առաջանում են կլինիկական դրսևորումները:

Կարդացեք նաև

«Առավել հաճախ հանդիպող գանգատները, որոնցով հիվանդները դիմում են բժշկի, զգացողության խանգարումներն են, որոնք առաջանում են դեմքի շրջանում կամ որևէ վերջույթում, կամ ուժի նվազումը, որոնք առաջանում են սուր կամ ենթասուր և տևում են 24 ժամ և ավելի: Այսինքն՝ թմրածությունը, որն առաջանում է և տևում է վայրկյաններ կամ րոպեներ, դեռևս չի նշանակում, որ տվյալ անձի մոտ կարող է առկա լինել ցրված սկլերոզ: Ավելի հաճախ հանդիպող գանգատներից են տեսողական խանգարումները, որոնք կարող են արտահայտվել երկտեսության կամ գունային տեսողության խանգարմամբ: Առաջին ախտանշանները կարող են լինել ոչ սպեցիֆիկ, օրինակ՝ մարդը կարող է ունենալ խիստ արտահայտված հոգնածության համախտանիշ, այդ խնդրով դիմում է բժշկին, և կատարված հետազոտությունների արդյունքում դրվում է ցրված սկլերոզ ախտորոշումը»,- նշեց բժիշկը:

Նա շեշտեց՝ ցրված սկլերոզը երիտասարդների հիվանդություն է, առաջին ախտորոշումը դրվում է 20-40 տարեկան հասակում, սակայն հնարավոր են դեպքեր, երբ ախտորոշումը հաստատվի նաև ավելի վաղ հասակում կամ ավելի տարեց անձանց շրջանակում. «Կանայք 2-3 անգամ ավելի հաճախ են ունենում այս հիվանդությունը՝ ի տարբերություն տղամարդկանց, սակայն կանանց մոտ ավելի բարորակ ընթացք է ունենում և ավելի հեշտ է ենթարկվում դեղորայքային բուժման: Ցրված սկլերոզի պատճառագիտությունը մնում է դեռևս չպարզված, սակայն առկա տվյալները վկայում են այն մասին, որ ցրված սկլերոզն առաջանում է գենետիկ գործոնների և արտաքին միջավայրի գործոնների փոխազդեցության հետևանքով:  Արտաքին միջավայրի փոխազդեցության գործոններից այս պահին բավականին լավ ուսումնասիրված են վիտամին D-ի պակասը, ծխելը, որը բարձրացնում է ցրված սկլերոզի հավանականությունը 2-3 անգամ, մենք խոսում ենք ռիսկի գործոնների մասին, և Էբշտեյն-Բարր կոչվող վիրուսը, որն այս պահի դրությամբ ամենահիմնական պատճառն է ցրված սկլերոզի զարգացման: Ցրված սկլերոզ ունեցող բոլոր հիվանդների մոտ առկա են հակամարմիններ այդ Էբշտեյն-Բարր վիրուսի նկատմամբ: Տվյալ անձինք ինչ-որ մի ժամանակ առնչվել են այդ վիրուսի հետ, որն իմունային համակարգում առաջացնում է որոշակի փոփոխություններ, որի արդյունքում իմունային համակարգը սեփական նյարդային բջիջներին ճանաչում է օտար, և սկսվում է ախտաբանական պրոցես՝ կենտրոնական նյարդային համակարգի նկատմամբ»:

Բժշկի խոսքով՝ եթե ցրված սկլերոզը չախտորոշվի և չենթարկվի ճիշտ բուժման, ապա որոշակի տարիներ հետո այդ պացիենտները դառնում են հաշմանդամ. «Ցրված սկլերոզն ունի ընթացքներ: Որպեսզի հասկանանք բուժման մեխանիզմները, պետք է խոսենք ընթացքների մասին: Ամենահաճախ հանդիպող ընթացքը կլինիկորեն գրոհային ընթացքով ցրված սկլերոզն է: Գրոհային ընթացք ասելով՝ հասկանում ենք նոր առաջացող գանգատներ, որոնք պահպանվում են 24 ժամ և ավելի: Առաջին փուլում սուր բորբոքային պրոցեսի դեմ ուղղված դեղորայքն է, որը տրվում է մեծ դեղաչափով: Առաջին փուլի ավարտից հետո անհրաժեշտ է անցնել բուժման երկրորդ փուլին, որի նպատակն է՝ կանխարգելել նոր գրոհների առաջացումը, և յուրաքանչյուր նոր գրոհի ընթացքում առաջանում են նոր օջախներ, և հիվանդությունն ունենում է առաջընթաց: Երկրորդ փուլում կա ցրված սկլերոզի համար նախատեսված սպեցիֆիկ դեղորայք, այս պահի դրությամբ 17 թույլատրված դեղորայք է առկա, որոնք իմուն-մոդուլյատոր կամ իմուն-սուպրեսոր դեղորայքներ են, ազդում են իմունային համակարգի վրա, որպեսզի ընկճվի այդ նոր գրոհների առաջացումը: Սովորաբար, մարդիկ, երբ առաջին փուլի բուժումը ստանում են, ստանում են այդ ստերոիդային թերապիան, և իրենք իրենց համարում են բուժված: Այս հիվանդության վերջնական, լիարժեք բուժում դեռևս բացահայտված չէ, սակայն այս հիվանդությունը համարվում է կառավարելի հիվանդություն: Այսինքն՝ կա դեղորայք, որն ազդում է իմունային համակարգի վրա, որպեսզի չառաջանան նոր գրոհներ, նոր օջախներ և կանխարգելվի հաշմանդամությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս