«Փաշինյանը կա՛մ քաղաքականապես անգրագետ է, կա՛մ ամենավերջին սրիկա. նա հայ ժողովրդին տանում է ցեղասպանության». Գոռ Սարգսյան
Իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանը նախօրեին անդրադարձավ ՀՅԴ-ին կամ, ինչպես ինքն էր ասում՝ դաշնակցական մտածողությանը, և նշեց, որ ՀՅԴ-ն իր սեփական երևակայության մեջ պետությանը զուգահեռ վերպետական կառույց է. «Նրանք դա համարում են համազգային: Սրանից ՀՅԴ որոշ անդամների մոտ առաջանում է զգացողություն, թե իրենք հանուն մոգական ազգայինի կարող են շրջանցել Սահմանադրությունը և ինչ-որ բյուրոյում կամ խորհրդում առանց ժողովրդի քվեարկության՝ կայացնել որոշումներ աշխարհասփյուռ հայ ժողովրդի անունից»:
Թեպետ, հայ ժողովրդի անունից հայ ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնող մի մարդու գիտենք, որն այս պահին Մարիա Կարապետյանի թիմի ղեկավարն է, բայց ամեն դեպքում, Մարիա Կարապետյանի ելույթը ողջունվեց իշխանական տարբեր պատգամավորների կողմից: Այդ ելույթում, ի դեպ, թիրախավորված էր ոչ միայն ՀՅԴ-ն, այլև մեր ավանդույթներն ու Հայ Առաքելական եկեղեցին:
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության նախագահ Գոռ Սարգսյանն այն կարծիքին է, որ և՛ Մարիա Կարապետյանի, և՛ իշխանության մյուս ներկայացուցիչների նման արտահայտությունները ՀՅԴ-ի մասին վկայում են, որ Դաշնակցությունը ճիշտ է աշխատում:
«ՀՅԴ-ն ուղղակի ծնվել է ժողովրդի միջից և գործում է հանուն հայ ժողովրդի ազգային շահերի: Մարիա Կարապետյանը անգրագետ է, նա կարող է հակադաշնակցական լինել, դեմ լինել Դաշնակցության գաղափարներին, բայց գոնե ՀՀ ԱԺ պատգամավոր լինելով՝ պետք է ծանոթ լինի Դաշնակցությանը: Դաշնակցության 132 տարվա պատմությունը սոսկ Դաշնակցության և դաշնակցականների պատմությունը չէ. ուզենք թե ոչ, դեմ լինենք թե կողմ, դա հայ ժողովրդի պատմության մի հատվածն է՝ սկսած ֆիդայական շարժումից, Առաջին Հանրապետությունից, Սփյուռքին կազմակերպելուց մինչև արցախյան ազատամարտ և մեր օրեր: Այո, ունեցել ենք թերություններ, բացթողումներ, չի կարող գործունեություն ծավալող, բովանդակություն ունեցող կենսունակ ուժը չունենալ թերություններ, բայց պատմության մեջ վստահաբար կարձանագրվի, թե մարիակարապետյաննե՞րն են հայ ժողովրդին վնաս հասցրել և դավաճանական քայլեր կատարել, թե՞ Դաշնակցությունը: Դաշնակցությանը նմանատիպ ձևով թիրախավորում են մարիակարապետյանները և Թուրքիան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ ջահերով երթին ընդառաջ նման թիրախավորումներն ինչի՞ մասին են հուշում, անհանգի՞ստ են իշխանությունները. «Միանշանակ: Երբ ամբողջ իշխանական քարոզչությունը վերևից ներքև մեկ կոճակով թիրախավորեց այն երիտասարդին, որ Ադրբեջանի դրոշը վառեց, շատ հետաքրքիր էր, և շատ կարևոր բան տեղի ունեցավ. կրկին տեղի ունեցավ լյուստրացիա և շատ ցցուն երևաց, թե իշխանականները որքան վատ զգացին դրանից: Կարող էր մեկ-երկու պաշտոնյա զուտ միջազգային հանրությանը և գլխավոր կազմակերպիչներին ցույց տալ, որ սա մեր պետական քաղաքականությունը չէ, միգուցե նորմալ լիներ, բայց երբ ֆեյքերով, իրենց ամբողջ քարոզչությունով անդրադարձել էին դրան… Վաղը լինելու է ջահերով երթը, և իրենց այս թիրախավորումները խոսում են այն մասին, որ Դաշնակցությունը կատարում է մի միջոցառում, որ մեծ հաշվով Հայաստանում տեղի ունեցող ամենամեծ հակաթուրքական ակցիան է, ամենամեծ հակաթուրքական գործունեությունն է, և նորմալ իշխանությունների դեպքում, թեկուզ ոչ հրապարակային, պետք է ուղղորդեին մարդկանց գնալ և մասնակցել:
Ջահերով երթը ամենամեծ հակաթուրքական միջոցառումն է, դա պահանջատիրության երթ է, և ամբողջ աշխարհին ու Թուրքիային ցույց ենք տալիս, որ՝ մենք ձեր պետության հետ խնդիր ունենք, քանի որ ձեր պետությունը հայ ժողովրդի ցեղասպանության արդյունքում է ձևավորվել: Թուրքիայի քաղաքականությունը մինչ օրս չի փոխվել: Թուրքիայի համար շատ կարևոր է, որ այս տարածաշրջանում հայերը չունենան պետություն, եթե անգամ ունենան պետություն կամ պետության նման ինչ-որ բան, դա պետք է կախված լինի իրենցից: Այս համատեքստում կարևոր է ջահերով երթի իրականացումը, ինչը մեր իշխանություններին ձեռք չի տալիս, չեն ուզում, քանի որ նրանց վարած քաղաքականությունը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից»:
Նա նկատեց՝ Թուրքիայի և 44-օրյա պատերազմից հետո՝ նաև Ադրբեջանի դրոշներն այրելը քաղաքական ակցիա է. «Մենք ցույց ենք տալիս, որ կան մարդիկ, որոնք այս իրականության հետ չեն համակերպվելու: Գալու է մի օր, երբ հատուցում լինի: Եթե իրենց համար դա երազ է, և իրենք ապրում են այս օրով ու թանկ երշիկ ուտելու համար, մեզ համար այդպես չէ, մենք մեր նպատակներից և ճանապարհից չենք շեղվելու: Հայ ժողովուրդը եթե այսօր կա, դա միայն ու միայն պայքարի արդյունքում է:
Նիկոլ Փաշինյանը կա՛մ քաղաքական, պատմական անգրագիտություն ունի, կամ ամենավերջին սրիկան է, որ կարող է հայ ժողովրդի հանդեպ լինել, քանի որ, եթե նայենք պատմությունը, այս տարածաշրջանում չի եղել 100 տարի, որ պատերազմ չլինի, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խաղաղության դարաշրջան: Խաղաղության դարաշրջան այսօր Արևմտյան Հայաստանում է, երբ ցեղասպանվեցին և մահացան մարդիկ, և չկա պետություն, չկան որոշում կայացնողներ, որոնք հայեր են:
Նման խաղաղության դարաշրջա՞ն է Արևելյան Հայաստանին Նիկոլ Փաշինյանը խոստանում: Իսկ եթե ինքը չի գիտակցում, որ խաղաղության դարաշրջան չկա, կա պայքար, և խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ դու ուժեղ ես, ուրեմն պատուհաս է, եթե գիտակցում է, ուրեմն՝ սրիկայություն է: Այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հայ ժողովրդին տանում են ցեղասպանության:
Փաշինյանը կա՛մ քաղաքականապես անգրագետ է, կա՛մ ամենավերջին սրիկա. նա հայ ժողովրդին տանում է ցեղասպանության»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում