Փաշինյանը վախենում է Սահակաշվիլիի ճակատագրին արժանանա. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Վիճակը տխուր է, ակնհայտ է, որ բանակցություններ եղել են, թեև վերջերս խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, թե չեն եղել, մինչդեռ 2020 թվականի մայիսին նույն խորհրդարանի դահլիճում նա հայտարարել էր՝ «Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք»: Անընդհատ հակասական հայտարարություններ անելով՝ շարունակում է մեկ արդարացումներ, մեկ մեղավորներ գտնել, խուսափում է պատասխանել իրեն ուղղված կոնկրետ հարցերին: Հենց մի բան սխալ են անում այս իշխանությունները, պավլովյան ռեֆլեքսն է աշխատում՝ նախկիններին են հիշում:
  • Անհաջող արդարացումների փորձեր է անում, ու չի ստացվում, որովհետև չունի փորձ, կրթություն:
  • 5 տարվա ընթացքում իրար հետևից կատարված այսքան սխալները պատահականություն չեն կարող լինել, ես հակված եմ մտածել, որ սա հստակ մշակված ծրագիր է՝ նախ Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, հետո կործանել Հայաստանը:
  • Ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից 2009 թվականին գրված հոդվածն այն մասին, թե ինչո՞ւ Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլիի իշխանությունը պետք է հեռանար իշխանությունից.

«Վրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։

Կարդացեք նաև

Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա։

Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։ Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից։

Հիմա Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով, ձերբակալություններով իբր ուզում են ցույց տալ, որ կանխում են Ռուսաստանի կողմից «պատվիրված» իշխանափոխությունը։ Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ Սահակաշվիլին չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է։

Տվյալ իրավիճակում, իշխանությունը պահելու սահակաշվիլիական մղումը որևէ կերպ չի համապատասխանում վրաց պետականության շահերին, և նրա հեռացումը բխում է ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում և` Հայաստանի շահերից։ Մի բան ակնհայտ է` Վրաստանի նոր իշխանությունը ունի փայլուն հնարավորություն` չլինել ո՛չ ռուսական և ո՛չ էլ արևմտյան խամաճիկ, և Սահակաշվիլին չկշռադատված գործողություններով կարող է միայն իր երկրին զրկել այսպիսի իշխանություն ունենալու հնարավորությունից, որը կլինի Վրաստանին նրա հասցրած երկրորդ հարվածը` նախորդ տարվա խելահեղ պատերազմից հետո։

Նիկոլ Փաշինյան, 26 մարտի, 2009թ.»:

  • 2008-ին պատժվեց Վրաստանը, հետո՝ Հայաստանը և Ուկրաինան: Այս երկրներում իշխանության եկան պոպուլիստ ղեկավարները, որոնց նպատակն էր՝ փոխել արտաքին քաղաքականության ուղղվածության կողմնորոշումը դեպի Արևմուտք:
  • Դուք տեսաք՝ ինչ եղավ Սահակաշվիլիի հետ՝ տոտալ ֆիասկո: Նույնն այս 5 տարվա ընթացքում մեզ հետ է եղել՝ դիվանագիտական տոտալ ֆիասկո: Կորցրեցինք տարածքներ, Արցախ, արժանապատվություն, հազարավոր զոհեր և հասանք տոտալ տապալման: Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր Սահակաշվիլիին 2009 թվականին, ինչո՞ւ հիմա ինքը նույնը չի անում: Հետաքրքիր է, որ ուրիշ երկրների ղեկավարներին ճիշտ խորհուրդներ էր տալիս, բայց ինքը դրանց չի հետևում: Վախենում է Սահակաշվիլիի ճակատագրին արժանանա:
  • Արևմտյան մեր գործընկերները գեղեցիկ խոսում են, բայց ռեալ են մտածում, Ռուսաստանի հետ առճատակումն այս տարածաշրջանում ծանր կլինի, դրա համար երրորդ երկրների ձեռքերով լուծում են իրենց հարցերը՝ դրդելով այդ երկրներին ինչ-որ գործողությունների: Իսկ վերջում, ինչպես Վրաստանի դեպքում եղավ, տեր չեն կանգնում լիդերին, քանի որ իրենց այլևս պետք չէ այդ մարդը:
  • Գերտերությունները ռեալ են մտածում, կոնկրետ իրենց շահերի տեսանկյունից, իսկ ժամանակակից աշխարհում, մեղմ ասած, «միամիտների» տեղը չէ, նրանք լավ չեն վերջացնում:
  • Ալիևն արդեն բացահայտ է հայտարարում, որ Արցախում էթնիկ զտում է անելու, նրանք, ովքեր համաձայն չեն դառնալ Ադրբեջանի քաղաքացի և ապրել իր երկրի օրենքներով, թող գնան ուրիշ երկրում ապրելու: Նա ուղիղ հայտարարում է այդ մասին: Արևմուտքը չի արձագանքում, որտե՞ղ է դեմոկրատիան: Հայաստանի իշխանության ղեկավարը, համաձայնելով Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, փաստացի առաջին անգամ համաձայնել է արցախահայության տեղահանման, ցեղասպանության:

  • Երկու օր առաջ էլ ռուսները կարևոր հայտարարություն արեցին՝ եթե Հայաստանը հանձնել է Արցախը, մենք այնտեղ չենք մնա:
  • Նիկոլ Փաշինյանը տարբեր հնարքներով շեղում է հանրության ուշադրությունը կարևոր հարցերից, օրինակ՝ Արագած սարի մասին հայտարարությունը խորհրդարանում, դա նաև ժեստ էր՝ ուղղված Թուրքիային: Շատ հնարավոր է, որ շուտով Փաշինյանը և իր թիմակիցները Ծիծեռնակաբերդի հուշարձանը ապամոնտաժեն, հրաժարվեն Քրիստոնեությունից, Սյունիքը հանձնեն ու ասեն, թե Մեղրին, Կապանը, Գորիսը դժգույն քաղաքներ են… ուրեմն պետք է հանձնել:
  • Արևմուտքը մեզ հետ վարվում է այնպես, ինչպես չորրորդ կատեգորիայի ժողովրդի հետ:
  • Ադրբեջանը պատերազմից հետո, արդեն 2.5 տարի է՝ բոլոր հարցերը ուժի միջոցով է լուծում ու առաջ շարժվում, իսկ մենք մուրճիկներով «խաղաղության դարաշրջան» քարոզելով՝ տապալվում ենք:
  • Հետաքրքիր է, եթե նույնը կատարվեր 5 տարի առաջ, Հայաստանի նախկին իշխանությունների օրոք՝ հազարավոր զոհեր, տարածքների կորուստ, Արցախից հրաժարում, ի՞նչ կաներ այն ժամանակվա ընդդիմությունը: Կամ ի՞նչ հայտարարություններ կանեին միջազգային կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները:
  • 4-րդ ամիսն է արդեն, 120 հազար մեր հայրենակիցներ Արցախում բլոկադայի մեջ են, որտե՞ղ են միջազգային կառույցները, ԵՄ արժեքները, մարդու իրավունքներն ու նրանց պաշտպանները: Այսպես չի կարելի շարունակել:
  • Ալիևը Հայաստանից պահանջում է հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և վերջ, սա վերջնագիր է, և դրանով գործը չի սահմանափակվելու: Դա գիտեն անգամ Հայաստանի իշխանությունները, որ ադրբեջանցիները հետո հայացքներն ուղղելու են դեպի Սյունիք, գուցե նաև՝ Երևան…
  • Այս իշխանությունները մեր թիկունքում բանակցություններ վարեցին, ձախողեցին, հետո պայմանագիր ստորագրեցին ու տապալեցին ամեն ինչ: Ալիևը ստիպեց Փաշինյանին, և մի քանի օր առաջ, փաստորեն, արեց այն, ինչ պահանջում էր Ալիևը նրանից՝ ասաց, որ Արցախը Ադրբեջանի մաս է:
  • Մեզ ստիպելու են ծնկի գալ, մենք դառնալու ենք մի փոքր անկլավ Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
  • Վերջերս ռուսներն ասել են՝ եթե դուրս գան Արցախից, հաջորդը լինելու է Գյումրին՝ դուրս կբերեն 102-րդ ռազմաբազան: Սա ծրագիր է, որ իրականացնում են ՀՀ այս իշխանությունները:

  • Այս իշխանությունները ձգձգեցին՝ ինչքան կարողացան, հիմա տեսնում են, որ այլևս չեն կարող: Միևնույն ժամանակ չեն ուզում հեռանալ, որովհետև գիտեն՝ պատասխանատվության են ենթարկվելու:
  • Սա հոգեբանության մեջ կոչվում է ցայտնոտ՝ սթրեսի ազդեցության տակ. Մարդը սկսում է իրարամերժ հայտարարություններ անել, արդարանալ, մերժել իրականությունը…
  • Հայաստանում հանրությունը, մարդիկ հուսահատված և կոտրված են: Բայց թող մարդիկ հիշեն, թե մենք որտեղ էինք 2018-ին և որտեղ ենք այսօր: Կորցրեցինք ամեն ինչ, զրկվեցինք մեր արժանապատվությունից: Տեսեք՝ ուր հասանք Փաշինյանի և նրա թիմի շնորհիվ:
  • Խոստումներով ժողովրդին փողոց հանեցին ու քանդեցինք մեր տունը:
  • Ալիևն ուզում է շահագրգռել գերտերություններին, որ Զանգեզուրով անցնեն կոմունիկացիաները, և դրան կհասնի ուժով՝ զորք մտցնելով, և պատրվակ կգտնի հարցերը լուծելու, այսօր 2.5 մլն հայ իրենց խանգարում են: Հայաստանն ու հայերին մաս-մաս բաժանում են. Նախ՝ Արցախ, հետո՝ երևի Սյունիք, գուցե մի օր՝ Սևան ու Երևան:
  • Սթրեսի ազդեցության տակ և ցայտնոտի մեջ գտնվող այս իշխանությունը կորցրել է որոշում կայացնելու ունակությունը:
  • Աշխարհում անգամ ամենավերջին գաղութը նման արհամարհանքի ու հեգնանքի չի արժանացել, որ իր առաջարկով դիտորդական առաքելությամբ եկած մասնագետները թշնամուն՝ Ադրբեջանին տեղեկություն տան ու զեկուցեն: Հիմա ԵՄ դիտորդներն ո՞ւմ կողմից են:
  • Այս իշխանությունները մի օր ասում են՝ Ռուսաստանից սպառնալիք կա, հետո, թե՝ պատրաստ են ՀԱՊԿ-ից դիտորդներին ընդունել:
  • Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, իրավիճակը լուրջ է, և սկսած խաղը չի կարելի շարունակել: Պետք է հստակ կողմնորոշվել, թե ով է մեր բնական դաշնակիցը:

Տեսանյութեր

Լրահոս