Վեհափառը՝ իշխանության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների մասին

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է, և ամեն անձ այցելում է Մայր Աթոռ, ու եթե խնդիրներ կան, հարցեր կան՝ նաև հանդիպումներ է ունենում Ամենայն Հայոց Հայրապետի հետ (եթե նրա տնօրինության տակ են այդ հարցերի լուծումները)»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցադրմանը, որ թեև շատ եկեղեցականներ կոշտ քննադատության են ենթարկում իշխանությանը, սակայն Մայր Աթոռը բարձր ընդունելության է արժանացնում ԿԳՄՍ նախարարին, փոխնախարարին, Տիգրան Ավինյանին:

«Այդպիսի հանդիպումներ ունեցանք վերջերս. մեզ այցելեց կրթության նախարարը, ինչպես նաև` տիար Ավինյանը: Նրանց հանդիպումների վերաբերյալ  տեղեկատվական մեր ծառայությունը համապատասխան հաղորդագրություն տարածել է, և այնտեղ ներկայացված են բոլոր այն հարցերը, որոնք մենք քննարկել ենք»,- տեղեկացրեց նա:

Դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ իր հանդիպումից օրեր անց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հանելու գործընթացն ակտիվացել է, նա արձագանքեց, որ այդ հանդիպմանը անդրադարձել են «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, որը տարրալուծվում է այլ առարկաների, այդ թվում՝ «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ, որը ՀԱԵ-ն ճիշտ չի համարում:

«Մենք հստակ մեր ժխտական դիրքորոշումն արտահայտել ենք:

Կարդացեք նաև

Այս օրերին էլ, անշուշտ, մեր հոգևորականների կողմից այդ խնդրին անդրադարձ եղավ. իրենք նույնպես արտահայտեցին վերաբերմունքը մեր և մեր սուրբ եկեղեցու, և կարծում եմ՝ նաև մեր հավատավոր ժողովրդի:

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան գիտելիքների փոխանցում չէ միայն. այն ոգի, նկարագիր, ինքնություն, գիտակցություն, արժեհամակարգ կերտող դասընթաց է: Հնարավոր է, որ այսօր այդ դասագրքերը ճիշտ կազմված չլինեն, թեմաները ճիշտ ներկայացված չլինեն. կարելի է այդ դասագրքերը խմբագրել, սրբագրել և ճիշտ վիճակի մեջ բերել: Նաև պետք է ուսուցիչների վերապատրաստության գործընթացն իրականացնել:

Այդ խնդրի առնչությամբ մենք ունեինք համաձայնություն, որ ստեղծված հանձնաժողովները պետք է հանդիպեին, քննարկումներ ունենային և համապատասխան լուծումների հանգեին: Այդ առաջարկը կրթության նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել ենք և տեսնենք՝ ինչ արդյունքի կհասնենք, ինչ հետևանքներ կունենանք»:

Գարեգին Բ-ի խոսքով, իրենք ոչ միայն Ժաննա Անդրեասյանին, այլև իրենց հանրային հայտարարությունների մեջ հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ անընդունելի է, մերժելի է մոտեցումը՝ տարրալուծել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ, կամ սահմանափակել 1-2 դասարանում դասավանդելով, որովհետև, եթե նման մոտեցում է որդեգրվում, պետք է հստակեցվի նպատակը:

«Վերջնանպատակը ո՞րն է այդ առարկայի ուսուցման, ինչի՞ ենք ուզում հասնել, ի՞նչ ենք ուզում արձանագրել, և մեր համոզումն է, որ այն մեթոդաբանական մոտեցումով, որը ձևակերպումն էր տիկին նախարարի, հնարավոր չէ իրականացնել այն նպատակը, որ մեր կողմից մեր դիրքորոշումներում արտահայտված է:

Մենք առաջարկ ենք բերել, որ շարունակվեն այդ քննարկումները և փոխընդունելի, ճիշտ լուծման, եզրահանգման հանգենք: Սպասում ենք արձագանքի»,- ամփոփեց Գարեգին Բ-ն:

Տեսանյութեր

Լրահոս