Նոր ատոմակայանի կառուցման հարցում կան խնդիրներ. Գնել Սանոսյան
Այսօր Կառավարության տարեկան հաշվետությունը ներկայացնելու ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը ատոմակայանի նոր էնեգաբլոկի կառուցման վերաբերյալ հարց ուղղեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։
«Ատոմակայանի երկրորդ բլոկի շահագործման ժամկետը երկարացվեց և վերազինման բավականին լուրջ աշխատանքներ են տարվել։ Այդուհանդերձ, դրան զուգահեռ՝ ակտիվ քննարկվում է նաև նոր էներգաբլոկի կառուցման հարցը։ Արդյո՞ք կառավարությունն ունի վերջնական որոշում, եթե այո, ապա ի՞նչ հզորությամբ կլինի ատոմակայանի նոր բլոկը, և ի՞նչ ժամկետներում կավարտվեն աշխատանքները։
Էներգետիկ ռազմավարությամբ նախանշված է, որ մինչև 2040 թվականը պետք է զարգացնել վերականգնվող էներգիան, մասնավորապես՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ»,- հետաքրքրվեց իշխանական պատգամավորը։
«Ատոմակայանի հետ կապված վերազինման մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին, որի արդյունքում երկարացվեց ատոմակայանի աշխատանքի ժամկետը։ Հիմա մտնում ենք այդ աշխատանքների երկրորդ փուլ, և մի շարք աշխատանքներ կան իրականացնելու, դրանով մենք ժամկետը կերկարացնենք մինչև 2036 թվական։ Աշխատանքները նախանշվել է սկսել երևի սեպտեմբեր-հոկտեմբերից, և առաջիկա երկու տարիների ընթացքում կիրականացնենք, որպեսզի մեր թույլտվությունները ստանանք 2036 թվականն աշխատելու։
Նոր ատոմակայանի հետ կապված աշխատանքներ կան, այն բավականին լուրջ ու բարդ որոշում է, սկսած իր ֆինանսական, քաղաքական, էներգետիկ, ժամանակային առումով։ Այսինքն՝ բազմաթիվ կոմպոնենտներ կան։ Դժվարարությունն այն է, որ նոր ատոմակայանները կառուցվում են 60+40 ժամանակահատվածի համար, այսինքն՝ առնվազն 100 տարի կյանք կունենա, և մենք հիմա կարիք ունենք ճիշտ որոշումներ կայացնելու, որպեսզի երբ կառուցենք, այն ունենա այնպիսի հզորություն, որպեսզի ճիշտ տեղավորվի մեր էներգոհամակարգում»,- նշեց Գնել Սանոսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում