«ԵՄ դիտորդները կոտրեցին ՀՀ իշխանությունների այն թեզը, թե ՀԱՊԿ-ը չպետք է դիտորդություն իրականացնի, քանի որ հասցեական չի քննադատում». Սկակով
Ապրիլ ամիսը բավականին ակտիվ է հայ-ամերիկյան քաղաքական ու դիվանագիտական շփումների տեսանկյունից: Ամսվա սկզբին Հայաստանում էր ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15-ը գործուղվել էր ԱՄՆ, ունենալով մի շարք հանդիպումներ այնտեղ և մասնակցելով Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին:
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
Օրերս՝ մասնավորապես, ապրիլի 13-ից՝ Երևանում, և մինչև ապրիլի 22-ը՝ ռեգիոնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, ով Երևանում հանդիպել էր իշխանական շրջանակներին և ի թիվս այլ հարցերի՝ ծանոթացել Տեղ համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպին:
Իսկ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդեց, որ ողջունում են ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին Հայաստանում: «Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին»,- ասված էր դեսպանատան հաղորդագրությունում:
Ավելի վաղ 168.am–ը գրել էր, որ, չնայած ռուսական կողմի պնդումներին, թե Միրզոյանն ու Բայրամովը համաձայնել են հանդիպել Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հովանու ներքո, կողմերն իրենց գլխավոր բանակցությունները Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ կանցկացնեն Վաշինգտոնում: Սակայն դեռ հստակեցված չէ՝ սպասվում է նախարարակա՞ն, թե՞ ղեկավարների մակարդակով հանդիպում:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ հայ-ամերիկյան շփումներում, բացի քաղաքական ու դիվանագիտական ակտիվությունից, նկատվում է տնտեսական բաղադրիչ:
Ըստ նրա, ակնհայտորեն ամերիկյան կողմը փորձում է նաև դրա վրա ուշադրություն դարձնել, քանի որ առանց առևտրատնտեսական բազայի՝ քաղաքական հարաբերություններն այնքան ամուր չեն:
«Իսկ ԱՄՆ մոտիվացիան պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնցից այս պահին ամենավտանգավորն Արևմուտքի համար Իրանի դիրքն ու ազդեցությունն է Հարավային Կովկասում, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, ուստի ԱՄՆ-ը նաև Հայաստանին է փորձում հնարավոր բոլոր տարբերակներով դուրս բերել Իրանի ազդեցությունից, ինչպես նաև առաջ մղել խաղաղության համաձայնագրի բանակցությունները, որով անմիջապես ռեգիոնալ աշխարհաքաղաքականության հարցը կլուծվի:
Բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի պահանջներն այնքան մաքսիմալիստական են, գործընթացն այնքան միակողմանի ու ուժի ներքո, որ չի հաջողվում նույնիսկ կամքի դեպքում այդ գործընթացն ավարտին հասցնել: Իսկ Արևմուտքը, ստացվում է, որ չի կարողանում և չի ցանկանում հավասարակշռել իրավիճակը կողմերի միջև, զսպել Ադրբեջանի հավակնությունները, որի պարագայում միայն հնարավոր է Խաղաղության համաձայնագիր ու խաղաղություն ռեգիոնում, իսկ եթե չկա խաղաղություն, այս իրավիճակը դեռ շարունակվելու է:
Արևմուտքը չի փորձում դետալների մեջ խորանալ, չունի այդ ցանկությունը, սակայն այս հակամարտությունը հենց այդ դետալներից է բաղկացած, որոնց շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել: Ուստի սա արդեն իսկ սխալ ճանապարհ է, բայց շատ աշխարհաքաղաքական այս պայքարը ռեգիոնի համար դեռ բավականին ժամանակ կշարունակվի՝ ուղեկցվելով միջադեպերով կողմերի միջև, ինչի ականատեսը դարձանք օրերս:
Զուգահեռաբար տեսանք, որ ԵՄ դիտորդները չարեցին հասցեական հայտարարություն, թեև տեղում դիտորդություն են իրականացնում, դրանով իսկ կոտրելով ՀՀ իշխանությունների այն թեզը, թե ՀԱՊԿ-ը չպետք է դիտորդություն իրականացնի, քանի որ հասցեական չի քննադատում: Ստացվեց, որ որևէ կենտրոն պատրաստ չէ գնալ Երևանի ակնկալիքներով, և դա բնական է»,- ասաց նա: