«Դիրքերում ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում՝ մեր կողմից էլ, իրենց կողմից էլ». Տեղ համայնքի ավագանու անդամ

Ապրիլի 11-ին Տեղ համայնքում հայկական դիրքերի վրա ադրբեջանական ուժերի զինված հարձակումից հետո՝ իրավիճակը հանգիստ է։ Այս ընթացքում ադրբեջանցիները դեռևս որևէ սադրանքի չեն դիմել։ 168.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Տեղեկատվությունը, թե իրավիճակը կրկին լարված է, իրականությանը չի համապատասխանում։ Ապրիլի 11-ից հետո թշնամին կրակոցներ չի հնչեցրել։ Այս պահին դիրքերում ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացվում՝ մեր կողմից էլ, իրենց կողմից էլ։ Թշնամին ինչ դիրքում կանգնած էր ապրիլի 11-ին, այդ դիրքերում է՝ առաջ չի եկել»,- իրավիճակը ներկայացրեց Արգամ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ իրենց մշակած հողատարածքները, որոնք մնացել են թշնամու հսկողության տակ, դեռ չգիտեն՝ ինչ ճակատագիր են ունենալու։

«Մարդ կա՝ վարկ է վերցրել, այդ հողը մշակել, չգիտենք, գուցե պետությունը փոխհատուցում տա, բայց այս պահին նման բան դեռևս չկա, մոնիտորինգ էլ դեռևս չեն արել»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ էին բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

Տեսանյութեր

Լրահոս