Հիշողությունդ թարմացնենք

Ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, որին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է դստեր՝ Արփի Փաշինյանի հետ, ներկա են եղել պաշտոնատար այլ անձինք:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որպես մասնակից երկրի, բեմահարթակ է բերվել նաև Ադրբեջանի դրոշը, սակայն այդ պահին դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել է բեմահարթակին, դրոշը պահող աղջկա ձեռքից վերցրել այն ու այրել, հեռացրել դահլիճից: Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ամեն ինչ արդեն հարթված էր: Իսկ իշխանական և իշխանամերձ շրջանակները շատ ծանր են տարել Ադրբեջանի դրոշը վառելու փաստը: Այդ նույն ՔՊ-ականների ու նրանց հարող շրջանակների համար ոչինչ, որ մի քանի օր առաջ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքում սպանել են հայ զինծառայողների, խոշտանգել նրանց, Սյունիքի սովորական բնակչի են սպանել, որ 2021-ից մինչ օրս օկուպացրել են ավելի քան 150 քկմ տարածք, որ հայկական եկեղեցիներ են ավերում, պղծում, որ չեն վերադարձնում հայ գերիներին, որ նրանց կտտանքների են ենթարկում… Այս շարքը կարելի է շարունակել: Բայց հետաքրքիր է՝ սահմանադրական կարգի տապալմամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը հիշո՞ւմ է իր ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում» 2010 թվականի մարտի 28-ին հրապարակված անանուն հոդվածը՝ «Ադրբեջանի հիմնը` Երևանում» , որի հեղինակը հաստատ ժամանակին ընդդիմադիր Փաշինյանն է եղել:

Թարմացնենք նրանց հիշողությունը.

Կարդացեք նաև

«Օրերս հայտնի դարձավ, որ այս խոշոր մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը։ Ադրբեջանցիները պաշտոնապես հաստատել են, որ ցանկանում են ժամանել Երևան, և այս փաստը օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեցին նաև մրցաշարի կազմակերպիչները։ Անկախություն ձեռք բերելուց ի վեր` Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ սա աննախադեպ իրադարձություն է. եթե ադրբեջանցիները ժամանեն Հայաստան, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո դա կլինի առաջին դեպքը, երբ Հայաստանում անցկացվող մարզական միջոցառմանը մասնակցում են հարևան հանրապետության` Ադրբեջանի ներկայացուցիչները։ Հիշենք, որ Հայաստանը 2007-ին մասնակցեց Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, ու Յուրի Պատրիկեևի նվաճած բրոնզե մեդալի շնորհիվ Բաքվում բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Բայց հենց նույն 2007-ին մեծ հիասթափություն ապրեցին հայ ֆուտբոլասերները, քանի որ չկայացան Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների` երկար սպասված երկու ընտրական հանդիպումներ։ Ընդ որում, հանդիպումների ձախողման հիմնական մեղավորն ադրբեջանական կողմն էր, որը շատ հստակ բացատրեց ՈւԵՖԱ-ին, որ իրենք չեն ցանկանում հայ ֆուտբոլիստներին տեսնել Բաքվում։ Բաքվում և Երևանում վերջին երկու տարիներին տեղի ունեցան մի շարք այլ խոշոր մարզական միջոցառումներ, սակայն կողմերը զերծ մնացին դրանց մասնակցելուց։ Մասնավորապես, Ադրբեջանի հավաքականը Երևան չժամանեց շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների երկու առաջնությունների ժամանակ, հրաժարվեց ելույթ ունենալ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը։ Հայաստանն էլ Ադրբեջան չմեկնեց մի շարք այլ մրցումների ժամանակ։ Եվ ահա, Երևանում սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող մոտ 40 երկրների ցանկում հայտնվել է Ադրբեջանը։

Իսկ թե ինչո՞ւ առաջին անգամ հենց ձյուդոյի մրցաշարի ժամանակ Հայաստան կժամանի Ադրբեջանի մարզական պատվիրակությունը, բացատրվում է մի պարզ ու հասարակ հիմնավորմամբ. Ադրբեջանը ունի բավականին ուժեղ երիտասարդական հավաքական, ու մարզիչները վստահ են, որ հաջող են հանդես գալու Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Ադրբեջանցի ձյուդոյիստները վերջին տարիներին մեծ թվով մեդալներ են նվաճում տարբեր խոշոր մրցաշարերում, իսկ 2008-ի օլիմպիական խաղերում նույնիսկ ոսկե մեդալի արժանացան։ Նախորդ տարիներին ադրբեջանցիները գրեթե միշտ կտրականապես հրաժարվել են մեկնել Հայաստան, քանի որ վստահ չեն եղել հաղթանակին, իսկ հիմա պատկերն այլ է։ Ադրբեջանցի ձյուդոյիստները բավականին ուժեղ են ու Երևանում մի քանի քաշային կարգերում կարող են պայքարել ընդհուպ չեմպիոնության համար, ինչն այնքան էլ անհավանական չէ։

 Իսկ պատկերացնո՞ւմ եք, եթե ադրբեջանցիները իրոք ժամանեն ու ոսկե մեդալի արժանանան. Հայաստանը, այս դեպքում, ստիպված է լինելու ոչ միայն Ադրբեջանի դրոշը բարձրացնել, այլ նաև հիմնը հնչեցնել, ընդ որում` Ծիծեռնակաբերդում (մրցաշարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում)։ Ահա թե ինչ է սպասվում մեզ, եթե ադրբեջանցիները գան։

Սա բացառելու մեկ ձև կա, որը շատ ու շատ անգամ արդեն իրագործել է Ադրբեջանը։ Պետք է ընդամենը խուսափել ադրբեջանցի մարզիկներին ընդունելուց, ընդ որում` շատ էլ հեշտ ու հասկանալի պատճառաբանությամբ` անվտանգության երաշխիքների բացակայություն։ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ հենց այսպիսի բացատրությամբ արգելել է հայաստանցի, նաև` հայ մարզիկների մուտքը Ադրբեջան այն դեպքերում, երբ փոքր-ինչ անգամ կասկած է ունեցել, թե հայերը կարող են հաղթել Բաքվում։ Այս անգամ նման իրավիճակում է Հայաստանը։ Բայց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության կազմկոմիտեի նախագահը Հայաստանի վարչապետի պաշտոնում աշխատող Տիգրան Սարգսյանն է, ու «անվտանգության երաշխիքների բացակայությամբ» պատճառաբանելը այս դեպքում ուղղակի չի կարող փրկել իրավիճակը։ Ու իրոք մնում է փաստել. Հայաստանի իշխանությունները հերթական անգամ անհեթեթ ու անօգնական իրավիճակում են հայտնվելու»,- գրել էր «անանուն հոդվածագիրը» Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անձնական թերթում:

Ընթերցողին հիշեցնենք՝ 2010 թվականին Հայաստանը և Արցախը հաղթողի դիրքերից էին հանդես գալիս, չկար այն իրավիճակը, որ այսօր կա, թշնամին չէր կարող քայլելով ՀՀ ինքնիշխան տարածքից մասեր գրավել, զբոսնել ՀՀ քաղաքներում, գյուղերում, մտնել հայի տուն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ասած՝ անհեթեթ և անօգնական վիճակում այսօր հենց իր իսկ իշխանությունն ու «Նոր Հայաստանն» է հայտնվել՝ անկախ այս սպորտային միջոցառումից:

Իսկ դրոշ վառելու արարողությունը բողոքի ակցիա էր, մեսիջ՝ ուղղված իրեն, թշնամական երկրներին և աշխարհին առ այն, որ Նիկոլ Փաշինյանը չի՛ ներկայացնում ամբողջ հայ ժողովրդին, որ ոչ բոլորն են նրա ու նրա քաղաքական թիմի, շրջապատի պես մտածում: Եվ, որ իրական հայը արժանապատվություն և ողնաշար ունի:

Փաշինյանը վերջերս սիրում է ասել՝ արարքի մոտիվացիան պետք է հասկանալ. հիմա այս քայլի մոտիվացիան պետք է հասկանալ, իսկ ավելի լավ կլիներ, որ դա արվեր ավելի վաղ, և վերոնշյալ հոդվածում իր նշած պատճառաբանությամբ ադրբեջանցի մարզիկները չգային Հայաստան, հատկապես, երբ հենց նույն Փաշինյանի շնորհիվ ադրբեջանական դրոշն այսօր շատ մոտ է «կանգնած» հայկական դիրքերին, և հենց Փաշինյանի և նրա թիմի գործողությունների շնորհիվ ադրբեջանցիները հաղթեցին 44-օրյա պատերազմում՝ 5000 տղաների, Արցախի, Շուշիի, Հադրութի ու շատ ու շատ կորուստներ պատճառելով:

Տեսանյութեր

Լրահոս