«Տղավարի քայլ է արել հայ ազգի համար». Քաղաքացիները՝ Ադրբեջանի դրոշը հարթակից հեռացնելու մասին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը, որի ընթացքում ոճաբան Արամ Նիկոլյանը բարձրացավ հարթակ, վառեց, ապա հեռացրեց Ադրբեջանի դրոշը բեմից: Պաշտոնական Բաքուն վրդովմունքով է արձագանքել միջադեպին և հետ կանչել իր մարզիկներին:
Նիկոլյանի այս գործողությունը բուռն քննարկվեց համացանցում, բազմաթիվ օգտատերեր, հասարակական և քաղաքական գործիչներ, սովորական քաղաքացիներ, տարբեր ոլորտների մասնագետներ արդարացրեցին նրա արարքը՝ հատկապես հայ-ադրբեջանական սահմանում վերջերս տեղի ունեցած փոխհրաձգության ֆոնին, երբ թշնամու կրակոցից 4 հայ զինծառայող զոհվեց, 6-ը վիրավորվեցին, երբ սահմանախախտ ադրբեջանցի զինծառայողը հայ մարդու սպանեց, և իրավապահ համակարգը նույնիսկ չկարողացավ նրան վնասազերծել, դա արեցին սյունեցի պատանիները…
Ի դեպ, Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից ընդամենը ժամեր առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին էին հանձնել Սյունիքի Տեղ գյուղում թշնամու կողմից սպանված 4 զինծառայողներից մեկին՝ Մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետ, մայոր Մկրտիչ Հարությունյանին… Ընդ որում, իշխանության որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում նրա հուղարկավորությանը:
Փոխարենը, դիզայներ Արամ Նիկոլյանն ադրբեջանական դրոշը այրելու իր քայլով՝ դարձավ իշխանությունների թիվ մեկ թիրախը: Իշխանական՝ ՔՊ-ական թևը՝ իրենց ֆեյք-ֆաբրիկայի և իշխանամերձ ներկայացուցիչներով հանդերձ, կեղծ խաղաղասիրության, կեղծ լոզունգների առաջնորդությամբ քննադատում են Արամ Նիկոլյանի այս արարքը, որոշ մտքի գիգանտ-իշխանական պատգամավորներ միջազգային հանրությունից նույնիսկ նրա փոխարեն ներողություն են խնդրում, սպառնալիքներ, ամոթանքներ հնչեցնում…
Իսկ թե ինչ են մտածում Երևանի քաղաքացիները համացանցից դուրս, 168.am-ը պարզել է հարցախույզի միջոցով:
«Գերազանց եմ գնահատում մեր հայի արարքը»,- ասաց մի կին:
Մեծահասակ մի տղամարդ էլ ասաց, որ դեմ չէ Հայաստանում Ադրբեջանի դրոշը վառելուն, բայց դա կարելի էր դրսում անել, ոչ թե միջազգային նման միջոցառման ժամանակ.
«Ես թքած ունեմ Ադրբեջանի դրոշի վրա էլ, ադրբեջանցիների վրա էլ, բայց երևույթը մինուս էր մեր պետությանը»:
Հարցված քաղաքացիներից երիտասարդ մի աղջիկ էլ ասաց, որ ընդհանրապես թշնամի պետության ներկայացուցիչների՝ մեր երկրում գտնվելն արդեն իսկ տհաճ էր.
«Տհաճ էր, որ ադրբեջանցիները գտնվում էին Հայաստանում, բայց դրոշը վառելու վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չենք կարող անել, համենայնդեպս, չենք քննադատում արարքը»:
Երիտասարդ մի տղա ևս արդարացրեց Արամ Նիկոլյանի քայլը՝ հիշատակելով ադրբեջանցիների կողմից մեր երկրի բազմաթիվ արժեքների նկատմամբ գործողությունները.
«Շատ նորմալ եմ վերաբերվում այդ քայլին, քանի որ, եթե մենք լինեինք Ադրբեջանում և նման մրցույթի մասնակցեինք, իրենք ավելի վատ արարքների էին պատրաստ: Ներկա պահին մեր այս վիճակը հաշվի առնելով… Դուք ասում եք՝ դրոշ, բայց իրենք այրում են, պղծում են մեր եկեղեցիները, մեր մշակույթը, և այլն: Ինձ թում է՝ դա ամենամինիմալ բանն էր, որ մենք կարող էինք անել»:
Հարցվածներից մեկ ուրիշն էլ՝ մեծահասակ մի տղամարդ, ևս արդարացրեց Նիկոլյանի այդ քայլը.
«Ես չեմ քննադատում, մեր հայերն ինչ էլ անեն նրանց նկատմամբ, ես չեմ մեղադրում, ճի՛շտ են անում, թուրքին այդպես պետք է պատասխանեն, 3 օր առաջ որ հարձակվան, ի՞նչ արեցին: Ես լավ չեմ վերաբերվում այս իշխանություններին, գոնե խոսքով պետք է պատասխան տան Ադրբեջանին, զենքով չէ՛, գոնե խոսքով, բայց ձայն չեն հանում: Ես այդ տղայի քայլը դրական եմ գնահատում, ոչ միայն դրանց, այլև Թուրքիայի դրոշն էլ կարելի էր հանել դուրս»:
Քաղաքացիներից երիտասարդ մի տղա ևս ողջունեց Նիկոլյանի քայլը.
«Նորմալ եմ վերաբերվում այդ քայլին, շատ ճի՛շտ, որովհետև, եթե հայի աչքով ես նայում, դա շատ ճիշտ է, ինչի՞ պետք է Ադրբեջանի դրոշն ընդհանրապես ծածանվի Հայաստանում: Վերցնենք Եվրատեսիլը, եթե մենք չենք գնում Ադրբեջան, իրենք չեն գալիս, բա խի՞ հիմա որոշեցին մասնակցել: Շատ ճիշտ քայլ էր, որովհետև իրենցից վատ ազգ չենք տեսել, չենք էլ տեսնելու, դրա համար ինքը տղավարի քայլ է արել հայ ազգի համար»:
Մեծահասակ մի կին էլ իր բացահայտ զզվանքն արտահայտեց ադրբեջանցիների մասին, և ոչ միայն.
«Ես տանել չեմ կարողանում դրանց, էդ թուրքերին: Հասնո՛ւմ է իրենց, գտել են՝ ճիշտ է, այրել են: Մեր իշխանությունները թուրքամետ են, իշխանությունն արդեն մեր հայրենիքը լրիվ… Եկել Երևան են հասել, իշխանությունը ոչ մի բան չի անում, չե՛ն կարողանում, թող դուրս գան, իրենց փոխարեն՝ ուրիշը գա: Ի՞նչ խաղաղության դարաշրջան, 4 հոգի 2 օր առաջ զոհվեցին»:
Հարցված քաղաքացիներից 75-ամյա մի տղամարդ էլ, որն Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր, ասաց.
«Մեր դրոշի համար այսօր էլ պատրաստ եմ… ուղղակի այսօր դրոշի տակ մենք շատ անհաջող մարդիկ ունենք, դա է վտանգավոր: Ես դեմ եմ ղեկավարությանը, կուսակցական չեմ, Ներքին զորքերում եմ ծառայել, 1995 թվին ինձ հեռացրել են, քանի որ ենթարկվող չէի, բայց ես իմ երկրից գոհ եմ եղել, իսկ այսօր… Էն, որ ասում են՝ մուկը կարասի մեջ ես գցում, հարամ է անում, էդ մեղրը տանում, թափում ես»:
Դիտարկմանը, որ երեկ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցած միջադեպն իշխանական թևը քննադատում է, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց.
«Նրանք մարդ են սպանում, հերոսի կոչում են տալիս, իսկ մերոնք, մեկը մի հասարակ բան է անում, արդեն… Ախր սա երկիր չի, էս ղեկավարը թյուրիմացություն է, որ ղեկավարում է մեր երկիրը, նա իրավունք չուներ նույնիսկ կոլխոզի նախագահ լիներ, բայց այսօր երկիր է ղեկավարում… Սրա ամենամեծ սխալն այն էր, որ «միջուկային զենքը» մեր ձեռքից խլեց, մենք «միջուկային զենք» ունեինք, դա մեր միասնականությունն էր, որ բոլորս միասին էինք, բայց այսօր՝ ոչ…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում