Բաժիններ՝

Ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ փողոց կանվանակոչեն

Ապրիլի 18-ին կգումարվի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանին որոշում կընդունի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցն անվանակոչել հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ՝ «Պարիս Հերունու փողոց»:

Նշենք, որ Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հերունու ազգային տիեզերական կենտրոնի նախագծի ղեկավար, պրոֆեսոր Արևիկ Սարգսյանը համաձայն չէ գիտնականների ներկայացրած պնդումների հետ, թե գիտական գործունեություն այնտեղ հնարավոր չէ ծավալել. դա  հիմարություն է:

«Անցած դարում մնացած 2 աշխատակից ունեն, որոնք ստում են, թե իբր Հերունու հետ միասին մասնակցել են նախագծմանը, շինարարությանը: Նման բան չկա: Հիմնարկը 1970-ական թվականներին է ստեղծվել, Ռուբեն Տեր-Անտոնյանը, չգիտեմ, մի 10 տարի աշխատել է, թե ոչ, աշխատանքից ազատվել է տարբեր կարգապահական խնդիրների պատճառով, հետո 1990-ական թվականներին որպես գիշերային պահակ է ընդունվել աշխատանքի, ապա արդեն Հերունու մահվանից հետո ինստիտուտում դարձել է ավագ գիտաշխատող և իրեն իրավունք է վերապահում պնդել, որ Հերունին շեղվել է պրոյեկտից, անտենան սխալ է կառուցել, այնինչ տեղյակ էլ չէ, որ եղել են մի քանի պրոյեկտներ՝ տարբեր հիմնարկների կողմից. Սկզբում՝ Մոսկվայում մշակված, հետո փոքրացավ անտենայի չափը՝ ֆինանսավորման հետ: 17 տարի պլանավորվում էր, բայց ֆինանսավորում չկար Սովետական Միությունում, որ անտենան կառուցվեր: Եվ պրոյեկտը տարբեր փոփոխությունների է ենթարկվել, ինքը պարզապես տեղյակ չէ: Մյուս անձինք՝ Խաչատրյան Նորիկ և Յոլչյան Նորիկ, ռադիոընդունիչների մասնագետներ են, ոչ թե անտենաների: Հերունու հրավերով եկել են աշխատանքի այն ժամանակ, երբ արդեն անտենան կառուցված էր:

Չեն մասնակցել անտենայի ոչ նախագծմանը, ոչ շինարարությանը, ու իրավունք չունեն անհիմն պնդումներ անել, թե իբր Հերունուն և թիմին չհաջողվեց ճիշտ կարգավորել անտենան: Ես եղել եմ անտենայի գիտական աշխատանքի պատասխանատուն՝ 1991-2014թթ.: Անտենան՝ ռադիոդիտակը, համարվել է ազգային արժեք, պետությունից ֆինասավորվել է 1991-2011թ. տարեկան միջինում 20 միլիոն դրամով: Չաշխատող օբյեկտի վրա՞ է փող ծախսել պետությունը: Էլ չեմ ասում՝ ԽՍՀՄ-ը: Հսկայական գումար ծախսել է էլի չաշխատողի համար»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Արևիկ Սարգսյանը:

Կարդացեք նաև

Պարիս Հերունին ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը: 1951թ. ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը: 1957թ., ավարտելով ուսումը, վերադարձել է Հայաստան և որպես ռադիոճարտարագետ՝ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում: 1957-1960թթ. աշխատել է Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանում` որպես ռադիոինժեներ, գիտաշխատող, այնուհետև` Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բյուրոյի պետ: 1960-1968թթ. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի` գիտության գծով տեղակալ և ԳԲՀ բաժնի վարիչ, 1968-1971թթ.` Ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա)  ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժանմունքի տնօրեն, 1971-2008թթ․` Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1983 թվականից` գլխավոր տնօրեն, 1983-2008թթ․՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Անտենային համակարգեր» Ռադիոգիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր և բազային ամբիոնի վարիչ: Պարիս Հերունին ունի շուրջ 353 հրապարակված գիտական աշխատություն, այդ թվում՝ 248 տպագիր, 4 մենագրություն և 25 արտոնագիր։ Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։ Նա երկրագնդի տարբեր կետերում գտնվող 4 աստղադիտակների միջոցով հետազոտել է Զորաց քարերը (Սյունիքի մարզում) և եզրահանգել, որ այն ավելի քան 7․500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։

Տեսանյութեր

Լրահոս