Գնամ, այսօրվա իշխանությանն ասեմ՝ ֆինանսավորեք, Արատտայի մասին ֆիլմ եմ նկարո՞ւմ.  Ռեա՞լ եք համարում դա, պարոնայք. Արտակ Ավդալյան

«Կարծում եմ՝ մեր կողքին պետք է կանգնեն այն մեծահարուստները, ովքեր մտածում են հայ երեխայի դաստիարակության մասին, քանի որ կինոն այսօր դաստիարակչական հզոր գործիքներից մեկն է»,- ասում է կինոռեժիսոր Արտակ Ավդալյանը, ում հետ զրուցել ենք մասնագիտական խնդիրների, փաստավավերագրական ֆիլմերի կարևորության մասին։

 – «Ռեժիսորը Կոլումբոսն է նավի վրանա ուզում է Ամերիկա հայտնագործել, իսկ խումբը ցանկանում է տուն վերադառնալ»,- ասել է իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին։ Ո՞վ է ռեժիսորը, ըստ Ձեզ։

– Ինձ համար ռեժիսորը մարդ է, ով ամբողջ կյանքում ուսումնասիրությունների մեջ է։

Կարդացեք նաև

– Որևէ բան հայտնագործելու ուղղությամբ մտածե՞լ եք, թե՞ արդեն հայտնագործել եք։

– Եղել է, որ նկարահանումների ժամանակ հայտնագործել ենք ինչ-որ բան։ Երջանկահիշատակ պատմաբան Արտակ Մովսիսյանի հետ, կարծեմ, «Ուրարտու» ֆիլմն էինք նկարահանում մոտ 10 տարի առաջ ու գնացել էինք Իրան, չնայած թույլ չէին տվել նկարահանումներ կատարել, քանի որ Իրանում տարածված կարծիք կա, որ Հայաստանը միշտ եղել է իրենց իշխանության տակ, իսկ մենք նկարում էինք այն ժամանակաշրջանի մասին, երբ Իրանն է եղել Հայաստանի պետականությունների իշխանության տակ, բայց մենք 280 կմ խորացել էինք Իրանի տարածքում և արդեն հասնում էինք Կասպից ծով, և սարերի մեջ Արտակը քար գտավ ու, երբ բարձրացավ վերև՝ ապշած ներքև էր նայում։ Բարձրացա և տեսա, որ ներքևում մեր Զորաց քարերի նման տարածք կա։ Այնպես որ՝ հայտնագործություններ լինում են մեր գործի ժամանակ։

Սովորել եք Սանկտ Պետերբուրգի թատրոնի և կինոյի ինստիտուտում՝ հեռուստառեժիսուրայի բաժնում, աշխատել հեռուստաընկերություններում՝ որպես ռեժիսոր։ Ինչպե՞ս կինոն Ձեզ խլեց հեռուստատեսությունից։

– Երբ սովորում էի բուհում, արդեն աշխատում էի հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես հնչյունային տեխնիկ։ Իհարկե, կինոն ինձ հետաքրքիր էր, բայց երբեք չեմ երազել կինոռեժիսոր դառնալու մասին, ընդհակառակը՝ միշտ երազել եմ քանդակագործ դառնալու մասին և ամեն ինչ անում էի դրա համար։ Ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց։ Աշխատելով հնչյունային տեխնիկ՝ հետո դարձա ռեժիսորի ասիստենտ։ Ինձ միշտ հետաքրքրել է հայոց պատմությունը, մշակույթը, և նույնիսկ դիպլոմային աշխատանքի ժանրը որոշելու ժամանակ բոլորը մտածում էին, թե այն ինչպե՞ս պետք է կոչվի, վարպետը եկավ եզրակացության, որ սա նոր բան է, որը կոչվում է՝ սիրո բացատրություն հայրենիքին։ Մինչ օրս էլ այդ բացատրությունը կրում եմ և շատ երջանիկ եմ դրա համար։ Ավելի շատ փաստավավերագրական ուղղվածությունն է, քանի որ հետաքրքիր է։ Այսօր էլ նյութեր եմ կարդում «Հայոց պետականությունները» ֆիլմի համար։

Նկարել եմ նաև խաղարկային գեղարվեստական ֆիլմ՝ Գրիգոր Նարեկացու մասին «Հովիվը» ֆիլմը։ Պատրաստվում ենք երկու գեղարվեստական ֆիլմ նկարել, որոնց սցենարը, ցավոք, ես եմ գրել։ Մեկը՝ Ներսես Շնորհալու, մյուսը՝ կարդինալ Աղաջանյանի (Կարդինալ Գրիգոր-Պետրոս XV Աղաջանյան) մասին է։ Աղաջանյանը ծնվել է հայկական հինավուրց Ջավախք գավառի Ախալցխա քաղաքում` կարնեցի գաղթականների ընտանիքում։

Փոքր հասակում գնացել է Հռոմ և այնտեղ սովորելով հասել է կարդինալի աստիճանի և երկու անգամ եղել է Հռոմի պապի թեկնածու։ Անգամ ասում են, որ ընտրվել է, սակայն երկու անգամ խանգարել են սովետական ԿԳԲ-ն, մասոնները, իտալական գաղտնի ոստիկանությունը, քանի որ հայ էր ու չէր կարող դառնալ կարդինալ։ Այդ ժամանակ դեռ միայն իտալացիներն էին ընտրվում Հռոմի պապ։

– Սցենարիստների հետ ինչո՞ւ չեք համագործակցում։

– Մենք գաղափար ունեինք՝ ֆիլմ նկարել Մաշտոցի մասին, և մի քանի սցենարիստի հանդիպեցի, որոնց հետ խոսելիս դեռ ամբողջ գաղափարը չբացահայտած՝ ինձ հարցնում էին, թե ինչքա՞ն գումար եմ տալու։ Դա ինձ միանգամից հետ էր վանում, որովհետև գոնե ես իմ աշխատանքում չեմ հենվում, թե ինչքան գումար են տալու։ Օրինակ, «Հայոց թագուհիները» ֆիլմից ես ու իմ ամբողջ խումբը ոչինչ չենք աշխատել։

Ուստի որոշեցի սցենար գրել, որովհետև արդեն լիամետրաժ ֆիլմի համար գրել էի Արևմտյան Հայաստան ուղևորության մասին և կոչվում էր «301 հոդվածը»։ Ցանկացած մարդ, ով Թուրքիայում կօգտագործի Ցեղասպանություն բառը, այդ հոդվածով կարող է 3-4 տարի ազատազրկման ենթարկվել։

Ցավոք, Մաշտոցի մասին ֆիլմը, չնայած սցենարը գրել էի, չկարողացանք նկարել, որովհետև գումար չգտանք։ Այն ամենաբարդ աշխատանքն է։ Դժվարանում եմ գնալ ու ինչ-որ մեկին ասել՝ ինձ փող կտա՞ք՝ կինո նկարեմ։ Ես այդ մարդը չեմ։ Կարծում եմ՝ մեր կողքին պետք է կանգնեն այն մեծահարուստները, ովքեր մտածում են հայ երեխայի դաստիարակության մասին, քանի որ կինոն այսօր դաստիարակչական հզոր գործիքներից մեկն է։ Ասորիների մասին 10 փաստավավերագրական ֆիլմ ենք նկարել և ինչո՞ւ, որովհետև ԱՄՆ-ում կա ասորական ֆոնդ, որին իմ ասորի ընկերներից մեկը գրել էր, որ նման գաղափար ունենք, և առանց որևէ խնդրի գումարը տրամադրում էին։ Հայկական նման ֆոնդ կամ մեծահարուստ, ցավոք, չունեմ իմ կողքին։

Կինեմատոգրաֆիայի մասին օրենքով առանձին բաժին հատկացված է ազգային ֆիլմերինառաջխաղացման նպատակով ձևավորվում է աջակցության դրամագլուխ, գումար է հատկացվում նաև պետությունից։ Չի՞ արվում։

– Պետական որևէ հիմնարկի հետ չեմ աշխատում։ Ցավոք, Անկախության տարիների ընթացքում չունեցանք ազգային գաղափարներ կրող կառավարություն, առավել ևս՝ այսօր։ Պատկերացնո՞ւմ եք, այսօր գնամ ու ասեմ, որ հայոց պետականությունների մասին ֆիլմ եմ նկարահանում, կֆինանսավորե՞ն այդ պրոյեկտը, չեմ կարծում։ Ինձ համար Մասիս սարն արժեք է։ Ես մշեցի եմ, չեմ կարող մոռանալ ո՛չ Հայրենիքը, ո՛չ Հայոց ցեղասպանությունը։ Իմ մեծ գերդաստանից միայն պապիկս է փրկվել։ Գնամ, այսօրվա իշխանությանն ասեմ՝ ֆինանսավորեք, Արատտայի մասին ֆիլմ եմ նկարո՞ւմ։ Ռեա՞լ եք համարում դա, պարոնայք։

Փորձը փորձանք չէ, գուցե օգնեն։

– Մի քանի անգամ փորձել ենք պատմաբան Արտակ Մովսիսյանի հետ։ Ասում էր՝ ոչինչ, դիմենք, թող մերժեն։ Մեկ անգամ էլ «Ոսկե ծիրանի» ֆոնդին ենք դիմել՝ «301 հոդվածը» ֆիլմի համար, բայց, բնականաբար, ֆինանսավորում չենք ստացել։ Մեկ անգամ «Հազարամյակների ճամփորդը․ Երևան» ֆիլմի համար ֆինանսավորել է Քաղաքապետարանը, այն էլ, ինչքան հասկացա, նրա համար, որ հները գնում էին, նորերն էին գալիս, ֆինանսներ դեռ մնացել էին։

– Կինեմատոգրաֆիայի մասին օրենքով ազգային ֆիլմի ցուցադրությունը մեկ հեռուստաալիքով, կինոթատրոնում չի կարող ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման 20 տոկոսից պակաս լինել։ Արդյո՞ք ցուցադրվում են։

«Հայոց թագուհիներ․ նվիրյալները» ֆիլմը միայն մեկ հեռուստաընկերություն է ցուցադրել։ Մյուսներն ասել են՝ կմտածենք, իսկ մեկ հեռուստաընկերություն ասաց՝ դա քաղաքականություն է, չենք կարող եթեր տալ։ Թագուհիները նվիրյալներ էին, իրենց որդիներին, հայրենիքն էին պաշտպանում, շինարարություն անում, հիվանդանոցներ բացում։ Այս ամենը մեծ քաղաքականություն է՝ այո։

Թագուհիներից ո՞ւմ կերպարը կառանձնացնեք։

– Իհարկե, Փառանձեմ։ Նա այնքան խելացի ու հզոր էր, որ ամուսնու մահվանից հետո կարողացավ ամբողջ Հայաստանը կառավարել, շուրջ երկու տարի պաշտպանվել պարսկական զորքից։ Եվ երբ պարսիկների կողմն անցած երկու հայ իշխան գալիս ու համոզում են նրան, որ հանձնվի, ինքն է նրանց համոզում, և անցնում են իր կողմը։

– Մեր օրերում կարողանո՞ւմ ենք հայ կնոջ կերպարը պահել։

– Համոզված եմ, որ՝ այո։ Այսօր մեր կանայք շատ հզոր են, մեր կողքին են, և նրանցից լավն ամբողջ աշխարհում չեմ տեսել։ Ավելի գեղեցիկ, նվիրյալ կին, հայ կնոջից բացի, չկա։

Դուք մի քանի լեզուներով փաստավավերագրական ֆիլմ եք նկարել արհեստածին Ադրբեջանի մասին։ Այն Հայաստանի սահմաններից դուրս եկա՞վ։

-Ֆիլմերի զգալի մասը տարբեր լեզուներով թարգմանում ենք, տեղադրում համացանցում։ «Պատմության կեղծարարները․ Ադրբեջան» ֆիլմը 7 լեզվով ներկայացված է։ Կարծում եմ, շատ թուրքալեզու մարդիկ նայած կլինեն։

Ինչո՞ւ մեզ մոտ պատմական կամ ազգային հերոսների մասին ֆիլմեր չեն նկարվում։ Վերջերս Մոնթեի մասին իր քրոջ և եղբոր հեղինակած գիրքն էի ընթերցում, և այն եթե դառնա ֆիլմ՝ հրաշալի կլինի։ Բյուջե չկա՞, թե՞ ցանկություն։

Բյուջե չկա։ Պատմական ֆիլմ նկարելն ավելի թանկ է, ինչպես նաև մենք այդ փորձը չունենք, բայց փորձը ձեռքբերովի է, պետք է սկսել անել։ Մեր կողքին կանգնած ֆինանսավորողը չկա, որ ասի՝ ես քո ձեռքը բռնում եմ, եկ այդ գործն անենք։ «Հայոց թագուհիները․ նվիրյալներ» ֆիլմը նկարել ենք մեր ընկերների նվիրած գումարներով։

Ստացվում է՝ մի նվիրյալ էլ կինոռեժիսորներն ենոչ մի տեղից ոչ մի օգուտ չստանալով՝ ինչպե՞ս կարող են ստեղծագործել։

Ամեն մեկը մի տեղից կարողանում է ինչ-որ բան հայթայթել։ Մի մասը հենվում է պետության և Կինոկենտրոնի վրա, բայց ես՝ չէ։ Ես այդ մարդկանցից չեմ։ Կփորձեմ ընկերների, հովանավորների միջոցով շարունակել իմ գործը։ Շուտով հայոց պետականություններին նվիրված ֆիլմաշարը կսկսենք նկարել պատմաբան Միքայել Մալխասյանի հետ։ Մեր կողքին է ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցը, ով խոստացավ ֆինանսավորել մեկ ճամփորդության համար։ Իսկ մենք լինելու ենք Իրանում, Արևմտյան Հայաստանում, որպեսզի կարողանանք նկարել Արատտա պետության նախկին տարածքները։

Շատ հեշտությամբ հովանավորներ գտնվում են հումորային հաղորդումների և սերիալների համար։ Գովազդատուների հետ կապ հաստատո՞ւմ եք։

– Այսօրվա հումորային հաղորդումները հումոր չեն պարունակում։ Հումորը շատ ավելի լուրջ բան է։ Երգիծաբանը Հակոբ Պարոնյանն էր։ Ծամածռություն անելը հումոր չէ։ Այո՛, նրանց ու սերիալների համար գումար են տալիս, բայց, վերջիվերջո, սա պետք է կարողանանք կոտրել։ Վաղամեռիկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում էր․ «Որպեսզի հայրենիքդ սիրես՝ պետք է ճանաչես այն»։ Մենք փորձում ենք այդ ծանոթությունը հայրենիքի հետ բերել մեր ժողովրդին։ Երբ սիրում ես, պատրաստ ես այն պաշտպանել։

Կինոթատրոններում ցուցադրելու փորձեր չեն արվո՞ւմ։

– Արվել են։ Երբ փորձեցի բացատրել, որ գումար չունենք, բայց ասացին՝ դահլիճի վարձակալության համար 400․000 դրամ է պետք։ Շնորհանդեսն արեցինք Կինոյի տանը, քանի որ աջակցեցին, դահլիճ տրամադրեցին։

– Ֆիլմերի թեմաներն ինչպե՞ս եք ընտրումգերադասում եք այն թեմաները, որոնք Ձե՞զ են հետաքրքրում, թե՞ հասարակության լայն շրջանակին։

– Ֆիլմերն իրենց կյանքով ապրում են։ Ընտրում ենք այն թեման, ինչը մեզ հոգեհարազատ է, իսկ հետո, թողնում ենք, որ նավակն ազատ լողա։

Կա՞ թեմա, որի վերաբերյալ ուզում եք ֆիլմ նկարել, բայց չեք համարձակվում։

– Ռիսկ չեմ արել ցանկացած ֆիլմ սկսելուց առաջ։ Միշտ ասում եմ՝ ես այդ գիտելիքն ու ունակությունն ունե՞մ։ Նարեկացու մասին ֆիլմ նկարելիս՝ չեք պատկերացնի, թե ինչ լուրջ խնդիրներ ենք ունեցել։ Նոյեմբերին Գառնու տաճարի մոտ նկարում ենք տեսարան, թե ինչպես է Նարեկացին բորոտին բուժում։ Ամպերը կուտակված, մարդիկ մրսում են, օպերատորը դժգոհում է՝ ասելով, որ նկարել չի լինի, իսկ ես հորդորում եմ գրիմ անել բոլորին։ Մյուս տեսարանը քարանձավի մոտ էր։

Մեր ազգն այնքան կեղտոտ է պահում մեր հայրենիքը, չեք պատկերացնի։ Ամբողջը ձեռքերով մաքրել եմ։ Ու ինչ տեսնեմ՝ երկինքը բացվեց ու արևի շողերն ընկան այդտեղ ու սկսեց թեթև ձյուն գալ, ոնց որ մանանա թափվեր։ Բոլորը զարմացել էին։ Նկարեցինք, ու կրկին մռայլվեց երկինքն ու ուժեղ անձրև սկսեց գալ։ Ես համոզված եմ, որ ինչ-որ բարձր բան ինձ տանում է։ Երբ նստում եմ սցենար գրելու՝ գրիչս ինքնուրույն սահում է։ Ինձ համարում եմ միջնորդ։

Որպես կինոռեժիսոր՝ ի՞նչ երազանք, նպատակ ունեք։

– Նպատակներ շատ ունեմ ու առանց երազանքների գնում եմ։ Ուզում եմ խաղարկային ֆիլմերից մեկը սկսել, 1-2 մաս նկարել հայոց պետականությունների թեմայով։ Իմ երազանքները հայրենիքի ու ֆիլմերի շուրջ են պտտվում։ Ուզում եմ միշտ գնալ Արևմտյան Հայաստան և կարոտս առնել։

Տեսանյութեր

Լրահոս