«Եթե Ադրբեջանին պատասխանող լինեին, «Արևտյան Ադրբեջան»-ին կարձագանքեին, եթե դրան չեն հակադարձում, մի հուշարձանի համար կհակադարձե՞ն. Կասեն՝ դե հիմա քարեր են, էլի…». Աշոտ Ավագյան
Ադրբեջանը հերթական կեղծ քարոզչությունն է սկսել՝ ընդդեմ հայկական արժեքների։ Այս անգամ թշնամու թիրախում Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոցն է։
Ամեն ինչ իրեն վերագրելու մոլուցքով տարված, Ադրբեջանն օգոստոսին կազմակերպած երիտասարդական ճամբարի ժամանակ հայտարարել է, որ «Զորաց քարերը» գտնվում են «հին Ադրբեջանում», այլ խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանում»։
Արցախում հայկական հուշարձաններն աղվանական ներկայացնելու քարոզչությունն առաջ տանելուն զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է նաև ՀՀ տարածքում գտնվող հուշարձանների հայկական լինելը դնել հարցականի տակ։
168.am-ի հետ զրույցում «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի նախկին վարիչ, քանդակագործ Աշոտ Ավագյանն ասաց, որ Ադրբեջանի բոլոր տեսակի զեղծարարություններին պետք է պետական մակարդակով համարժեք պատասխան տրվի։ Սակայն այսօր այս համարժեք պատասխանը չկա և չի էլ լինելու։
«Ես չեմ հավատում, որ ՀՀ իշխանությունը մեր պետական գերատեսչությունների միջոցով կպատասխանի Ադրբեջանին։ Եթե պատասխանող լինեին, տևական ժամանակ է՝ նրանք Հայաստանն անվանում են «Արևտյան Ադրբեջան», դրան կարձագանքեին, եթե դրան չեն հակադարձում, մի հուշարձանի համար կհակադարձե՞ն։ Կասեն՝ դե հիմա քարեր են, էլի, ասել՝ ասել են։
Պետական մակարդակով հակադարձում չկա, դրա համար էլ Ադրբեջանն ինչ ցանկանում, այն էլ անում է և շարունակելու է անել»,- նշեց Աշոտ Ավագյանը։
Ըստ Աշոտ Ավագյանի՝ «Զորաց քարերը» հայտնի հուշարձան է, դրա համար էլ այսօր այն հայտնվել է Ադրբեջանի ուշադրության դաշտում, հիմա այն «ադրբեջանականացնելու» քարոզչությանն են լծված, որպեսզի ապագայում իրենցով անեն։
«Սիսիանում մի լավ խոսք կա՝ խաչեն-խաչան՝ հաչում են՝ հաչան, հիմա եթե մեր պետությունը որևէ բան չի անում, որևէ մտավորականի, անհատի կամ հասարակական կազմակերպության ասածը՝ որևէ բան չի փոխելու։
Գիշեր-ցերեկ թուրքն ասում է՝ Երևանը թուրքական է, մի հակադարձում լսե՞լ եք այս իշխանությունների կողմից, ես չեմ լսել։ Եթե ՀՀ իշխանությունն Ադրբեջանին կամ Թուրքիային որևէ թթու խոսք ասեր, այն կողմից դիմելու էին դատարան, կանչելու էին հաշիվներ պահանջեին։ Այնպես որ, մի սպասեք, որ «երկու քարի» համար ՀՀ իշխանությունն Ադրբեջանի հետ վատամարդ կլինի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ քանդակագործի, ի սկզբանե պետք է Ադրբեջանի քարոզչության դեմ հայկական կողմից տարվեր հակաքարոզչություն, որպեսզի այսքան Ադրբեջանը չխորանար։
«Չնայած՝ Հայաստանի իշխանությունը հակադարձող լիներ, Արցախը կպահեր, ՀՀ տարածքներն ադրբեջանական օկուպացիայից կպաշտպաներ։ Կրկնում եմ՝ եթե պետությունը չի անում, անհատի արածը մի կոպեկի արժեք չունի։ Բայց երբ պետությունն անում է, անհատն էլ օգնում է՝ միշտ լինում է սպասված արդյունքը։ Եթե այսպես շարունակվի, վաղն էլ Ադրբեջանը կասի՝ ««Զորաց քարերը» եղել են ադրբեջանական առաջին աստղադիտարանը»»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը։