Պետք է պատրաստվել ծանրագույն սցենարի. Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին և հնարավոր լայնածավալ պատերազմական գործողությունների վերաբերյալ փորձագետների հայտարարություններին՝ ասաց.

«Դժվար է միանշանակ ասել, թե գործընթացն ինչ ընթացք կվերցնի, կմնա լոկալ բախումների՞, թե՞ լայնամասշտաբ ռազմական գործողությունների տրամաբանության մեջ: Իրականության մեջ սցենարային բոլոր ուղղությունները կենսունակ են, և ես դա ցավով եմ ասում, դրանց վրա ազդող բազմաթիվ գործոններ կան… Բայց միանշանակ դժվար է ասել, թե այդ գործընթացն ինչ ուղղությամբ կգնա:

Համենայն դեպս, Հայաստանը չունի այլ տարբերակ, քան պատրաստվել իրադարձությունների զարգացման ամենածանր սցենարներին: Ես հասկանում եմ, որ հասարակության համար ամենօրյա բոթերը դարձել են ցավալի, մտահոգիչ, մարդիկ նույնիսկ չեն էլ ուզում լսել դրանց մասին, բայց մենք չունենք այլ ճանապարհ, քան պատրաստվելու հնարավոր ծանր զարգացումներին:

Դա Հայաստանի այս իշխանությունների պարագայում գրեթե անհնար է, ես այդ սցենարն ասում եմ այն պարագայում, երբ Հայաստանում կլինի նորմալ իշխանություն, որը կգիտակցի իրավիճակի լրջությունը, որը կսահմանի ճիշտ առաջնահերթություններ և կգնա դրանց հետևից:

Կարդացեք նաև

Հայաստանի այս իշխանությունը, եթե նույնիսկ ամեն ինչ մի կողմ դնենք, մեր քաղաքացիների համար ի ցույց է դրել այն հանգամանքը, որ ի վիճակի չէ ճգնաժամային իրավիճակներում գործելու, իսկ նրա յուրաքանչյուր օրը իշխանության ղեկին մնալը մեր ժողովրդին անընդհատ բերում է նոր զրկանքներ:

Այն գործընթացները, որոնք նրանք են ծավալում ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, որակական առումով որևէ նոր իրավիճակ չեն ստեղծել:

Սկսած Տեղ գյուղում տեղի ունեցած վերջին ողբերգությունից, ավարտած Նախիջևանի հատվածից 2 ադրբեջանցիների ներթափանցումով ՀՀ տարածք, օրերով Հայաստանում նրանց շրջագայությունները և այլն, ցույց են տալիս, որ անվտանգության համակարգը որևէ մակարդակում էֆեկտիվորեն չի գործում: Սա չի՛ ասում միայն ընդդիմությունը, սա չե՛ն ասում միայն փորձագետները, սա տեղում իրենց մաշկի վրա զգում են մեր քաղաքացիները, և, բնականաբար, մարդկանց համար հասկանալի է, որ այս իշխանությունը, եթե նույնիսկ ունենար մեծ կամք, ապա այս ամենը հաղթահարելու որևէ հնարավորություն պարզապես չուներ:

Իսկ մեծ առումով, ոչ կամքն է երևում, ոչ այլ դրսևորում է երևում, դեռ չեմ խոսում, որ ինչ էլ արվում կամ չի արվում, հետևանքը ծանր կորուստներն են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս