Մոսկվայի և Արևմուտքի մտադրությունները. առաջիկա 2-3 ամիսների ընթացքում մեզ համար ճակատագրական զարգացումներ են սպասվում. Դավիթ Շահնազարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Դավիթ Շահնազարյանն է
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- Մոսկվան Հայաստանից պահանջում է թուրանական միջանցքներ:
- Քանի դեռ հույսներս մեզ վրա չենք դրել, դաշնակից չենք ունենա:
- Հայաստանում իսպառ ջախջախված է անվտանգության համակարգը, որը հետևանք է այս իշխանությունների որդեգրած քաղաքականության, այսպես կոչված, խաղաղության ծրագրի: Իշխանությունները շատ լավ հասկանում են, թե դեպի ուր են տանում Հայաստանն այդ, այսպես կոչված «Խաղաղության» ծրագրով, և դա ավելի կործանարար է լինելու, քան 44-օրյա պատերազմը:
- ՀՀ գործող իշխանությունը շատ լավ հասկանում է, թե ուր է տանում Հայաստանն արդեն խաղաղության, այսպես կոչված, ծրագրով, խաղաղության պայմանագրով։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է՝ ինչ է իր համար նշանակում այդ պայմանագիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Ալիևը հայտարարում է՝ Արցախի, Լեռնային Ղարաբաղի հարց բացարձակապես գոյություն չունի, դա Ադրբեջանի ներքին խնդիրն է։ Իսկ սահմանազատումը կամ դելիմիտացիան, ըստ նրանց, պիտի կատարվի Ադրբեջանի պայմաններով: ՀՀ գործող իշխանությունների կողմից որևէ բովանդակային արձագանք Ադրբեջանի այդ հայտարարություններին ի պատասխան՝ չի եղել, և շարունակվում է այդ քաղաքականությունը։ Սա շարունակվում է անվտանգության ողջ համակարգի ջախջախված լինելու պայմաններով։ Այն, ինչ այսօր կատարվում է՝ կործանարար է Հայաստանի ոչ միայն ներկայի, այլ ընդհանրապես ապագայի համար։
- Ակնհայտ է, որ շտապում են կնքել Խաղաղության պայմանագիր կոչվածը, թեև բոլորն էլ գիտեն, որ դրանով խաղաղություն չի լինի, բայց իրենց պետք է ստորագրված փաստաթուղթ:
- Նպատակը ոչ թե Արցախն է, այլ թուրանական միջանցքը, և այդ նպատակի իրականացնողն առաջին հերթին Ռուսաստանն է: Ռուսաստանը պահանջում է Հայաստանից թուրանական միջանցքներ՝ 3 ավտոմոբիլային և նաև երկաթուղային ճանապարհով:
- Փաշինյանն ընդունում է միջանցքը, թեև խորհրդարանում հայտարարել է, թե միջանցք չի լինելու: Բայց ստորագրել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի 9-րդ կետում նշված է՝ «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
- Ո՞վ է շտապում և ի՞նչն է նպատակը։ Եթե չեմ սխալվում, 44-օրյա պատերազմից հետո Ձեզ հետ զրույցում եմ ասել, որ նպատակը ոչ թե Արցախն է, այլ թուրանական միջանցքն էր Հայաստանով, ընդ որում՝ հենց միջանցքն էր։ Եվ Հայաստանի վրա հիմա շատ մեծ ճնշում է գնում հենց այդ միջանցքների համար, և այս ամենը, ինչ կատարվում է 44-օրյա պատերազմից հետո, այդ նպատակն է հետապնդում։ Այդ նպատակն իրականացնողն առաջին հերթին Ռուսաստանն է։ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է թուրանական միջանցքներ։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ երեք ավտոմոբիլային ճանապարհ և երկաթուղային ճանապարհ։ Ընդ որում, խոսքը գնում է հենց միջանցքի մասին, դա Փաշինյանն ինքն ընդունել է, որ դա միջանցքներ են: Հիշեցնեմ. ԱԺ-ում ինքը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ միջանցքներ չեն լինելու, բայցև ավելացրեց, ինչ է լինելու: Հայաստանի սահմանին, նկատի ունի արևելյան սահմանին՝ Ադրբեջանի հետ նոր անցակետեր, հիշում եք, նույնիսկ Կառավարության որոշում ընդունվեց, հանձնարարեց այդ անցակետերը կազմակերպել: Ըստ նրա՝ այդ անցակետերում պետք է կանգնեն ռուսական սահմանապահները, ասաց՝ Ադրբեջանի կողմից թող կանգնեն թուրքական սահմանապահները կամ զինվորականները. սա առաջին կետն էր։ Երկրորդ կետը, որ մաքսային ծառայությունը պետք է իրականացնի ինչ-որ երրորդ երկրի մասնավոր ընկերություն։ Եվ, երրորդ կետը. ինչ վերաբերում է Ադրբեջանի, այսպես կոչված, մեքենաների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովմանը Հայաստանի տարածքով, ապա դա պետք է իրականացնեն ռուսական սահմանապահ զորքերը։ Ես ուղղակի բառացիորեն մեջբերում եմ անում Փաշինյանի ասածից։ Այսինքն՝ ինքը տվեց միջանցքի սահմանումը, ընդ որում, էքստերիտորիալ միջանցքի սահմանում է սա, բայց ասում է՝ անունը միջանցք չդնենք։
- Հիշում եք, վարչապետը նման սովորություն ունի, ասում է՝ պարտվենք, բայց անունը պարտություն չդնենք, լրիվ նույնն է։ Սա Հայաստանի համար կործանարար, ուղղակի պատմականորեն կործանարար ծրագիր է, պատկերացնո՞ւմ եք, այդ ճանապարհներին կանգնած են ռուս սահմանապահ զորքեր։ Այսինքն՝ նշանակում է, որ ուղղակի Սյունիքն է կտրվում ամբողջովին:
- Խաղաղության պայմանագրի կնքումը, ակնհայտ է, որ եղել է ռուս-թուրքական պայմանավորվածությամբ: Իսկ ռուս-թուրքական ծրագիրը տարածաշրջանում չի կարող ապահովել ոչ կայունություն, և ոչ էլ անվտանգություն:
- Անկարան շտապեցնում է Մոսկվային, որովհետև մոտ ժամանակներում աշխարհակարգը կարող է տրոհվել:
- Մի քանի պատճառներով է արագացվում Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը. առաջինը՝ մայիսի 14-ին Թուրքիայում շատ կարևոր ընտրություններ են լինելու, և Ռուսաստանը Էրդողանին մինչև այդ ընտրությունները պետք է նոր նվեր մատուցի, իհարկե՝ Հայաստանի հաշվին, Ռուսաստանն իր առաջ այդ խնդիրն է դրել։ Երկրորդ. 44-օրյա պատերազմից հետո, գրեթե իմ բոլոր հրապարակային ելույթներում ասել եմ, որ այս ռուս-թուրքական ձևաչափը, որը ստեղծված է մեզ մոտ, չի կարող ապահովել ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն։ Աշխարհաքաղաքական զարգացումները և մեր լայն տարածաշրջանի զարգացումները ցույց են տալիս, որ այդ ձևաչափը մոտ ժամանակներում կարող է ուղղակի տրոհվել։ Սա երկրորդ պատճառն է, որ շտապում են, ավելի ճիշտ՝ Անկարան շտապեցնում է Մոսկվային, որ իր պարտավորությունները կատարի իրենց հանդեպ։ Սրանք են այդ երկու հիմնական պատճառները, որով Ռուսաստանը շտապում է այդ հարցերը լուծել։
Դուք բնականորեն հարց կտաք, թե այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը ձգձգում, և տրամաբանական հարց կլինի։ Առաջինը, ես կարծում եմ, որ նա, իհարկե, կհամաձայնի դրան, ես օրինակը բերեցի, որ նա համաձայնվել է, բացի այդ, նա խոստացել է դա անել, կարծում եմ՝ գուցե սխալվում եմ, երկու պատճառով։ Առաջինը. ինքը հասկանում է, որ դա անելուց հետո ինքն այլևս որևէ մեկին պետք չի լինելու, Ռուսաստանին էլ պետք չի լինելու, և Ռուսաստանը հույս ունի, չեմ կարծում՝ այդ հույսերը կիրականանան, որ դրանից հետո Հայաստանում կբերի մի իշխանություն, որն այդ ամենը կընդունի։ Նորից եմ կրկնում՝ հետևանքները միայն միջանցքները չեն, սա Սյունիքի կորուստն է։
Երկրորդը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այդ զարգացումները և շատ լավ հասկանալով, որ սա միայն Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հարցը չէ, սա կարևորագույն աշխարհաքաղաքական հարց է, որին դեմ են շատ լուրջ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ, Փաշինյանը փորձում է ձգձգել։ Վախենում է, քանի որ մտավախություն ունի, որ թե՛ ինքը, թե՛ Հայաստանը կհայտնվի միջազգային պատժամիջոցների տակ, եթե այդ քայլին գնա, բայց ճար չունի և գնալու է։
- ԱԺ-ում նրա նախօրեի հոխորտանքի մասին. նա միշտ այդպես անում է, երբ պատրաստվում է հերթական հակահայկական քայլն անել, ինչն իր ծրագիրն է։
- Այն, ինչ արեցին Ռուսաստանն ու Թուրքիան 1921 թվականին Հայաստանի հետ, վերջնական ջախջախում չէր, և պատմությունը ցույց է տվել, որ նպատակն է՝ Հայաստանը պատմականորեն ջախջախել, ինչը տեղի կունենա թուրանի միջանցքը բացելով և առանց Սյունիքի:
- Կկարողանա՞նք խուսափել պատմական ջախջախումից. հնարավորություններ կան, բայց ոչ այս իշխանությունների օրոք: Տարածաշրջանում լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում, որոնք դրական են Հայաստանի, բայց ոչ այս իշխանությունների համար:
- Հայաստանի գործող իշխանություններն Ադրբեջանի 5-րդ շարասյունն են: Սա ասել եմ և հիմա էլ կրկնում եմ:
- 44-օրյա պատերազմի պարտությանը նախորդել էր Հայաստանի դիվանագիտության ջախջախումը:
- Աշխարհաքաղաքական կենտրոնները՝ հավաքական Արևմուտքի զգալի մասը, Չինաստանը, դեմ են Սյունիքը հանձնելուն, դա նրանց ծրագրերի մեջ չի մտնում, բայց եթե դա լինի, ապա Հայաստանը կհայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ, իսկ դա Ռուսաստանին չի հետաքրքրում: Բայց ճար չունի, գնալու է և պատրաստվում է կատարել հակահայկական հերթական քայլը:
- Մտավախություն ունեմ, սակայն, որ Հայաստանի այս իշխանությունները դրան էլ համաձայնեն:
- Իրականում Ռուսաստանը միշտ պաշտպանել է Հայաստանի այս իշխանություններին, ինչպես նաև Արևմուտքը: Թե՛ Ռուսաստանի, և թե՛ Արևմուտքի համար Հայաստանում այս իշխանություններին այլընտրանք գոյություն չունի: 2018 թվականին սահմանադրական կարգի տապալմամբ իշխանազավթման գործընթացում մեծ դեր ուներ և Ռուսաստանը, և Արևմուտքը:
- Մենք անդունդում ենք և առաջիկա 2-3 ամիսների ընթացքում մեզ համար լրջագույն, ճակատագրական զարգացումներ են սպասվում:
- Ն. Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել էր.
«Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին:
Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ՝ կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը, խոսքը հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի:
«Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի», արձանագրվել է Եվրամիության հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից 2 կողմերի Զինված ուժերի ետքաշումը ապահով հեռավորության վրա, որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով:
Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից, և նման գործողությունը բխում է վերը հիշատակված Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից»:
Նիկոլ Փաշինյանի այդ ելույթը հենց վերահաստատում է, որ նա միացած է ռուս-թուրքական դաշինքի՝ Հայաստանի պատմական ջախջախման գործընթացին: Փաշինյանը սպասարկում է ռուս-թուրքական շահերը Հայաստանի ջախջախման համար: Պատրաստվում է հերթական ծանր հարվածը հասցնել Հայաստանի Հանրապետությանը:
- 1990 թվականի ապրիլի 3-ին ԽՍՀՄ ընդունած օրենքով բոլոր ինքնավար մարզերը կարող էին ինքնորոշվել, և հենց այդ հիմքով է Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել:
- 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ թող բացատրեն՝ ի՞նչ է նշանակում մադրիդյան սկզբունքներ, բայց հետո Ալիևի հետ առանձին հանդիպումից հետո ասաց, որ Ալիևն իրեն բացատրել է: Տգիտությունը ծնում է չարություն: Փաշինյանը հերթական անգամ իր անգրագիտությունն է ցույց տալիս ամբողջ աշխարհին:
- Շատ բան են պայմանավորվել, այդ թվում՝ նաև Հյուսիս-Հարավ ճանապարհը հանձնել՝ որպես միջանցք:
- Հայաստանը միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, Ռուսաստանն էլ հրաժարվում է: Այստեղ կա երկու ճանապարհ՝ կամ զիջենք ինչ հնարավոր է, այսինքն՝ այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը՝ Փաշինյանը, կամ պաշտոնապես դադարեցնել Ադրբեջանի հետ խաղաղության բոլոր բանակցությունները և հայտարարել, որ Ռուսաստանը ոչ մի թյուրքական միջանցք չի ստանալու: Քանի դեռ հույսներս մեզ վրա չենք դրել, դաշնակից չենք գտնի:
- Հայաստանում կա խորը ճգնաժամ՝ անվտանգության, պետականության, բայց ոչ քաղաքական:
- Հայաստանը և Արցախը մի անվտանգության համակարգ են, եթե մասնատեն՝ երկուսն էլ կփլուզվեն:
- «Կեցցե Ռուսաստանը» լոզունգը մեզ համար նույնքան կործանարար է, որքան «Կեցցե Արևմուտքը» լոզունգը, բայց ոչ մեկին պետք չէ մեր դեմ թշնամացնել:
- Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը և՛-և-ի արտաքին քաղաքականություն էր վարում, որը ճիշտ էր, և բոլորի հետ Հայաստանը համագործակցում էր:
- Ադրբեջանը կլկտիանա այնքան, որքան Մոսկվան թույլ կտա, իսկ Մոսկվան թույլ է տալիս:
- Մադրիդյան հիմնարար փաստաթուղթը եղել է մեր ողջ բանակցային պրոցեսի բարձրակետը: