Հայկական պետականության ամենամեծ մարտահրավերը նստած է Հանրապետության հրապարակում. ռազմական փորձագետ
«Երեկ տրված պաշտոնական տեղեկատվությամբ՝ ես ոչ մի հասկանալի, ոչ իրարամերժ պատկեր չեմ կարողանում ստանալ՝ ո՛չ հրապարակած հայտարարությունից, ո՛չ տեսանյութից. ավելի շատ հարցեր են առաջանում,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ վստահեցնելով,- Հատուկ է այդպես արվում, որ առավել մեծ շփոթություն ստեղծվի, և որևէ լուրջ հարցի հստակ պատասխան չտրվի»:
Իսկ հարցերը, ըստ փորձագետի, շատ են. այդ թվում՝ ինչո՞ւ էր կորպուսի հրամանատարն այնտեղ, տեսանյութից պարզ չէ, թե որ մասում են հայերը, որ մասում՝ ադրբեջանցիները:
«Դատելով տեսանյութը դիտածների արձագանքներից՝ շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե ադրբեջանցիները մի մեքենայով գալիս են մոտ 30-40 հայերի մոտ, բայց իրականում այդպես չէ. այնտեղ մի պահ ձեռնամարտ է երևում, որտեղ ադրբեջանցիներն ավելի շատ են, քան այդ միակ մեքենան է:
Այսինքն՝ մեծ շփոթություն է, և, ըստ իս, հատուկ են ստեղծում՝ ինչպեսև նախորդ անգամները: Դա վաղը հնարավորություն է տալու, որ ինչ-որ մեկն ԱԺ ամբիոնից ասի՝ ինչ կուզի»,- հավելեց նա:
Իրավիճակի պատասխանատուների մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց Կառավարության նիստում Փաշինյանի հայտարարությունը։
«Նիկոլ Փաշինյանն անձամբ ասում է՝ հանում են զորքը, բերում են սահմանապահներ. այն տեղում, որտեղ ադրբեջանցիներն օրեր առաջ մտել են մեր տարածք: Թշնամին մտնում է քո տարածք՝ դու զորքն այդտեղից հանո՞ւմ ես»,- նշեց նա:
Այս համատեքստում անդրադառնալով նաև Սիսիան ներթափանցած ադրբեջանցիների մասին վերջին տեղեկություններին, ամեն օր աճող անվտանգային մարտահրավերներին՝ Կարեն Վրթանեսյանը շեշտեց.
«Հայկական պետականության ամենամեծ մարտահրավերը նստած է Հանրապետության հրապարակում, իր անունն է Նիկոլ Փաշինյան. մյուս բոլոր խնդիրները դրանից ածանցյալ են»: