Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները Տեղ գյուղում, ո՞ր փաստաթղթում է դա գրված. Էդգար Ղազարյան
«Մեր երկրում նորից պատերազմ է, և այս պատերազմը նորից մեր երկիր բերեց հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թվականին մեր ժողովրդի ամենաազնիվ զգացողությունները շահարկելով, խարդախությամբ, խաբեությամբ տիրացավ մեր ժողովրդի օրինական իշխանությանը, ու իշխանությունը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին և իր, իրեն շրջապատող խունտայի բարեկեցությանը»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Ավելի վաղ 168.am-ը փոխանցել էր ՊՆ հաղորդագրությունը, որում մասնավորապես ասվում էր. «Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»:
«Այսօր մեր զինվորներին սպանել են մեր երկրի տարածքում՝ Տեղ գյուղում, իսկ հիմա հարց՝ ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները Տեղ գյուղում, որտե՞ղ է գրված, որ նրանք պետք է այսօր՝ ապրիլի 11-ին, լինեին այնտեղ. չկա՛ նման փաստաթուղթ: Վերջին միակ փաստաթուղթը, որը ստորագրվել է պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի հայտարարությունն է և դրան լրացնող այլ հայտարարություններ, որոնցում ոչ մի տեղ գրված չէ, որ ադրբեջանցիները պետք է վերահսկողություն հաստատեին Լաչինի միջանցքի նկատմամբ, այդ տարածքի նկատմամբ, հասնեին այնտեղ, բայց նրանք այնտեղ էին:
Հանում է մեր բանակը, ԶՈՒ-ն՝ սահմանային պահպանության տեղամասերից, և այնտեղ կանգնեցնում ԱԱԾ զորքեր. սահմանապահ զորքերը ինչպե՞ս կարող են տեղակայվել մի հատվածում, որտեղ սահմանանշում չկա»,- հավելեց Էդգար Ղազարյանը:
Նա նաև արձանագրեց, որ Սահմանադրության իմպերատիվ պահանջն է, որ երբ ՀՀ վրա կա ռազմական ներխուժման, կամ դրա սպառնալիք, պետք է երկրում հայտարարվի ռազմական դրություն և մասնակի կամ համընդհանուր զորահավաք հայտարարվի:
«Ռազմական դրությունը միայն ռեժիմ չէ լրագրողների գործունեությունը սահմանափակելու համար. դա հստակ սահմանադրական կարգավիճակ է խաղաղ պայմաններից ռազմական դրության անցնելու»,- հավելեց քաղաքական գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում