Տխուր հետևանքներ են լինում, ժանրային առումով անհամատեղելի են. «Գոյ»-ը Մայր թատրոնին միացնելու որոշման դեմ քաղաքացիներն ու դերասանները շարունակում են պայքարել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր ներկայացրել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու նախագիծը:
Քաղաքացիները հնարավորություն ունեին իրենց կարծիքը հայտնել մինչև ապրիլի 11-ը: Այս պահի դրությամբ 7081 հոգի կողմ է նախագծին, 4021 հոգի՝ դեմ: Տոկոսային առումով ստացվում է, որ կողմ է 64 տոկոսը, դեմ՝ 36 տոկոսը:
«Գոյ» թատրոնն այս համատեքստում Ֆեյսբուքի էջում հաղորդագրություն է տարածել՝ նշելով. ««Գոյ» թատրոնը հիանալի վայր է աշխատանքային և հանգստյան երեկոները անցկացնելու համար: Մեր կարծիքով՝ թատրոնը կոչված է լինել հասարակական մտքի ավանգարդում այլ և ոչ թե նրա սպասարկողը ուստի և չենք առաջարկում «ժամանցային կատակերգություններ»: Մեր համոզմամբ լավ ներկայացման գրավականն է հզոր դրամատուրգիան ու գրականությունը: Գոյ թատրոնի խնդիրն է ծանոթացնել հանդիսատեսին համաշխարհային դրամատուրգների նմուշներին: Սա Երևանի հենց այն բեմն է ուր մեզ բոլորիս սպասվում են բազում բացահայտումներ»:
Քաղաքացի Սեդա Գրիգորյանը, օրինակ, դեմ լինելով նախագծին՝ գրել է. «Մայր թատրոնն ու «Գոյ» թատրոնը ժանրային առումով անհամատեղելի են, Գոյի փորձարարական ձևաչափը իրագործելի է հենց այնպիսի բեմում ու դահլիճում, որտեղ նրանք գործում են այժմ (բարեկարգման կարիք ունի, իհարկե): Ավելի խելամիտ և նպատակահարմար կլիներ ոչ թե «Գոյ»-ին տեղավորել Մայր թատրոնի կառուցվածքի ներքո, այլ լիովին տարանջատել երկուսը, «Գոյ»-ին վերածել փորձարարական թատերախմբերի թատերաբեմ: Թող իրենց թատերախումբն ու ադմինիստրացիան դառնան հյուրընկալը, ոչ թե հյուր լինեն Մայր թատրոնում: Եթե կա ադմինիստրատիվ խնդիր, նախարարությունը թող ավելի կոմպետենտ մարդ նշանակի, բայց ժանրային նման տարբերությունը համատեղելու որոշումը շահեկան չի լինելու փորձարարական թատրոնին: «Գոյ»-ի բեմն ու ռեսուրսները կիսելով այլ նման թատերախմբերի հետ՝ միաժամանակ մի քանի խնդիր կարելի էր լուծել ու ունենալ ակտիվ, բազմազան փորձարարական բեմ»:
Յուրա Գանջալյանն էլ ընդգծել է, որ այս քայլի հետևանքները տխուր են լինելու:
«Տխուր հետևանքներ են լինում, երբ իշխանությունները նեղացնում են արվեստի նվիրյալներին: Այդպես եղավ Խորեն Աբրահամյանի հետ 1984 թվականին, երբ նրան ազատեցին իր հարազատ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնից: Երեք տարի Լենինականի թատրոնում աշխատելուց հետո նեղսրտած մեկնեց ԱՄՆ: Երբ վերադարձավ Հայաստան՝ նրա գործունեությունն այլևս այն չէր: Իշխանությունները վատ վարվեցին Տիգրան Լևոնյանի հետ, ով ստիպված հեռացավ, ով իր օպերային բեմադրությունները սկսեց շարունակել Զվարթնոց տաճարում: Նա այդպես էլ անժամանակ մահացավ՝ 67 տարեկանում, երբ այնքան նոր մտահղացումներ ուներ անելու: Հիմա էլ մերօրյա իշխանությունը նեղացնում է մի ամբողջ թատրոնի: 30 տարի գործող ու կայացած թատրոնը ինչո՞ւ պետք է լուծարվի: Իշխանություններ տարբեր ժամանակների, ինչո՞ւ եք նեղացնում ու արվեստից հեռացնում արվեստի նվիրյալներին: Ինչո՞ւ չեք հանդուրժում տաղանդավորներին: Արթուր Սահակյանը մեր այսօրվա ապրող ու ստեղծագործող թատրոնի ամենատաղանդավոր ռեժիսորն է»,- գրել է Յուրա Գանջալյանը:
Աննա Կոստանյանն էլ հորդորել է դադարեցնել անհիմն վիրահատական միջոցներով կայացած կառույցներն իրար միացնելու անարդյունավետ ու կործանարար գործընթացը։
«Ոչ մի հայեցակարգ չկա սրա հետևում, հետևաբար չի հաջողելու»,- նշել է նա։
Պետական կամերային երաժշտական թատրոնը 2021թ. Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին միացնելուց հետո «Գոյ» թատրոնում աշխատանքի անցած կամերային թատրոնի դերասանուհի Ալլա Հարոյանը մեզ հետ զրույցում ասաց՝ երբ այդ երկու թատրոնները միացրեցին, ոչ Պարոնյան թատրոնն էր պատրաստ ընդունել բոլորին, ոչ էլ իրենք էինք պատրաստ:
«Հիմա էլ՝ թատրոնները տարբեր են, ոճերը՝ նույնպես, դերասաններն ադապտացված են տվյալ թատրոնին: Ձեռագրերը լրիվ տարբեր են»,- նշեց դերասանուհին:
Ի դեպ, ԿԳՄՍՆ նախագծում ասվում է, որ «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարավորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութատեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություններից:
Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավորություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները: