«Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին զեկուցող նույն դատախազն է, նա այդ աթոռին հենց դրա համար է». Քրիստինե Վարդանյան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։

«Գլխավոր դատախազը համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի ապրիլի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մ.Ս.-ն, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) նախագահ Վ.Վ.-ին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես՝ Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ.-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել Հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով»,-նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խոսելով Մհեր Սահակյանի վերաբերյալ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության մասին, ասաց, որ հարցին կարճ կանդրադառնա, քանի որ ապրիլի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյային հարցի մասին խոսելու առիթ լինելու է։

Կարդացեք նաև

«Ես ուրախ եմ, որ Գլխավոր դատախազությունը նման միջնորդությամբ դիմել է ԱԺ-ին։ Սա ընկալում եմ՝ որպես Մհեր Սահակյանի և Դաշնակցության վերաբերյալ տարածված ստերի, կեղծիքների հերքման, ճշմարտության ներկայացման լավ հնարավորություն։ Նաև՝ որպես ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասն խոսելու հնարավորություն։

Իհարկե, մենք տեսնում ենք կողմնակալ վերաբերմունք, բայց դրա վերաբերյալ զարմանալը կլիներ միամտություն, եթե ոչ՝ հիմարություն։ ՔՊ-ի պահվածքն օրինաչափ է, Գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին զեկուցող նույն դատախազն է, նա այդ աթոռին է հենց դրա համար»,- եզրափակեց Քրիստինե Վարդանյանը։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:

Ըստ ականատեսների՝ միջադեպից րոպեներ անց Ազգային ժողով  էին ներխուժել ոստիկանության աշխատակիցները, որոնք անհամաչափ  ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել ընդդիմադիր պատգամավորին:

Տեսանյութեր

Լրահոս