Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է․ Փաշինյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք այժմ պատկերացնում է այն գինը, որը պետք է հայ մարդը վճարի հանուն իր ասած խաղաղության, որը, ինչպես ասում է՝ երաշխավորված չէ։

Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2018 թվականից ամենամեծ պրոբլեմը, որի հետ անձամբ առնչվել է ԼՂ խնդրի հետ կապված, հետևյալն է եղել՝ 2018 թվականի ապրիլի դրությամբ եղել է մի իրադրություն, որ անխուսափելիորեն պետք է գնան զիջումների կամ պատերազմի ճանապարհով։

«Ես ինձ այդ հարցը տվել եմ, ասել եմ, լավ, այս զիջումն անենք, այս զիջումն անենք, այս զիջումն անենք, այս զիջումն անենք, որտեղ է կանգնելու զիջումների այս ընթացքը, և չեմ կարողացել պատասխանել այդ հարցին։ Հիմա ձեր հարցն էլ է շատ դիպուկ, հիմա ես այդ հարցի պատասխանն ունե՞մ, այո, ես այդ հարցի պատասխանն ունեմ և այդ հարցի պատասխանն է  ՀՀ 29.743 քկմ տարածքը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մի քանի անգամ բառերը կրկնելուց զատ, Նիկոլ Փաշինյանը կրկնեց նաև մեկ այլ միտք, որն իր խոստովանությամբ՝  բազմիցս հրապարակային ասել է, թե առնվազն պետք է գար ԱԺ ու հայտարարեր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի մաս՝ ինքնավարության կարգավիճակով, սակայն դրա մեջ չի կարողացել իրեն համոզել։

Կարդացեք նաև

«Ես հասկանում եմ, որ դա անելը պետք է վերցնեմ ինձ վրա, որովհետև եթե ես չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի, կամ դա իմ պարտքն է, որ ես վերցնեմ։ Կներեք, բայց ոչ մի միակողմանի զիջում տեղի չի ունեցել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը  կրկնեց հարցը, թե՝ մինչև ո՞ւր է պատրաստ գնալ զիջումների, որին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը կրկնեց նախորդ պատասխանը՝ ՀՀ 29.743 քկմ։

«Ձեր հարցի առաջին մասն ինձ հնարավորություն տվեց, որ մի կարևոր թեմայի էլ անդրադառնամ։

Այդ հարցը վերցրել եք, որը ճիշտ հարց է, ու ճոճում եք իմ ուղղությամբ, ճիշտ եք անում, լավ եք անում, ինչպես ասացի՝ ես ինքս եմ այդ հարցը վերցրել ու ճոճել իմ ուղղությամբ։  Ասում եք, որ կան երկրներ, որոնք վիճարկում են մեր ինքնությունը, այո,՝ դա պրոբլեմ է ու շատ լուրջ պրոբլեմ է։ Եկել եմ այս հարցին՝ բա լավ, այդ հարցն ո՞վ է լուծելու, և ես ասել եմ՝ դու ես լուծելու այս հարցը, որովհետև դու ես ՀՀ վարչապետը, գնա գտիր լուծում և ոչ միայն ես, այլև մեր գործընկերները։ Այո, դրա համար մեզ պետք է հայհոյեն, ասեն դավաճան և էլի բաներ։ Եթե այդպես չլինի, այս երկիրը կլինի այն, ինչից դուք վախենում եք, ինչից մենք էլ ենք վախենում, բայց մենք վախով չենք առաջնորդվում, ընդհակառակը՝ ռիսկերը կառավարում ենք։ Ձեր հարցերի պատասխանն է այն, ինչը մենք անում ենք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի հետ զրույցում

Տեսանյութեր

Լրահոս