Ժողովուրդը զարթնում է, Երևանում կլինի ահռելի պայթյուն, այս շնածիններից կազատագրվենք, և նրանց ոչինչ չի փրկի․ Նաիրա Մելիքյան

Սյունիքի Տեղ գյուղի ուղղությամբ՝ հայկական և ռուսական անցակետերի միջև, արդեն տեղադրված է ադրբեջանական դրոշը, այնտեղ կա թշնամու ռազմական ներկայություն, շուտով նրանք կհայտարարեն, որ անցակետ էլ ունեն։ Օրինակ, Լավրովն ասում էր, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով՝ հայկական և ռուսական անցակետերի միջև ադրբեջանական անցակետ չպետք է դրվի։ Բայց Փաշինյանն իր թուրք եղբոր հետ որոշեց ևս մեկ կտոր կտրել հայկական հողից։ Քանի որ ադրբեջանցիները չէին կարող տեղակայվել ռուսական պատասխանատվության գոտում, Փաշինյանն ասաց՝ մտե՛ք մեր ինքնիշխան տարածք, զավթե՛ք հերթական հատվածը, տեղակայվե՛ք այդտեղ։ Արդյունքում՝ այդտեղ որևէ անցուդարձ տեղի չի ունենա, քանի որ պարզապես կհայտնվես թուրքերի ձեռքում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

«Հիմա Տեղ գյուղն ամբողջությամբ թշնամու դիտարկման ներքո է, բոլոր բարձունքներում իրենք են, մրջյունի նման աշխատում են, մեր կողմից ոչինչ չի ձեռնարկվում։ Շուտով Տեղ գյուղն էլ կզավթեն, ապա՝ Սյունիքը, Ջերմուկը, Վայոց ձորը, բոլոր այդ հատվածները կվերցնեն ու հարցին վերջակետ կդնեն։ Ինչ զարգացումներ էլ եղել են նախորդ տարիներին, Սյունիքը մշտապես եղել է մեր ուշադրության ու վերահսկողության ներքո, և եղբայրական Իրանի աջակցությամբ մենք պահել ենք այն։ Մեր ժողովուրդը պատկերացնո՞ւմ է, թե Իրանի հետ սահմանի փակման դեպքում մեզ հետ ինչ է կատարվելու։ Տեղում ՔՊ-ն կեղծիքներով է հաղթել, իսկ այս օրերին համայնքապետարանի դռները կողպված են, փողոցներում էլ մեկ գյուղացի անգամ չկա, նրանց սպառնալիքներով հեռացրել են։ Փոխարենը՝ այնտեղ փողոցներում ինչ-որ անհասկանալի երիտասարդներ են շրջում՝ մոտ տասը հոգի, որոնք գյուղացի չեն, բայց քարոզ են տանում, թե ադրբեջանցիները եկել և իրենց տեղում կանգնել են, դա իրենց իրավունքն է, այսինքն՝ ՔՊ-ական թրքակենտրոն ուժերի ներկայացուցիչներն են»,- ասաց հասարակական գործիչը:

«Երբ Սյունիքում տեղակայված էին կամավորականները և մեր բանակի ստորաբաժանումները, եղել է հրահանգ, որ եթե թշնամին առաջխաղացում ունենա, չկրակեն։ Մարդիկ հակառակվել են, արդյունքում՝ նրանց իջեցրել են դիրքերից, գյուղացիներից հավաքել են զենքերը։ Մարդկանց ահաբեկում ու ստորացնում են, այն դեպքում, երբ նրանք տեսնում են, որ թշնամին ամրակայվում է, իսկ մեր կողմն անգործ ու անտեր է։ Պետք է այն մարդկանց կողքին լինել, ովքեր ունեն արժանապատվություն և պատրաստ են անգամ բահով կռիվ տալ։ ԱԱԾ-ն համարում է, որ 500 մետրը ոչինչ է, բայց անգամ կես սանտիմետրն է կարևոր։ Մեր գող վարչապետի և թուրքի լուռ համաձայնությամբ գողեգող եկան առաջ, դա արդեն խելագարվելու բան է։ Իրականում զիջվածը 500 մետր չէ, հեկտարներ են, ահռելի տարածք է։ Այս ամենն արվում է լուռ, քանի որ նոր զոհերի դեպքում Երևանում կլինի ահռելի պայթյուն»,- նշեց Մելիքյանը:

Հերոսի մոր պնդմամբ՝ թեև Փաշինյանը մարսեց Շուշիի մասին իր հայտարարությունները, և դա նրան տվեց մեծ լկտիություն՝ շարունակելու իր պետականասպան գործունեությունը, բայց ժողովրդի համբերության բաժակը լցվում է. «Եթե ժողովուրդը զարթնեց, սրանց ոչինչ չի փրկելու։ Իսկ ժողովուրդը թող չհուսահատվի, քանի որ 90-ականներին շատ ավելի վատ վիճակում ենք եղել, էներգետիկ ճգնաժամ էր, սահմաններն ամբողջապես փակ էին։ Այսօր դեռ հնարավորություն ունենք սրանց հեռացնելու, ազատագրվելու, դաշնակից պետությունների՝ Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ մեր բանակը կարգի բերելու։ Թուրքերն իրենք են զարմացել իրենց բախտից, բայց եթե մի հարված ստանան դեմքներին, կանգ կառնեն։ Ինչ վերաբերում է ՔՊ-ին, լավ է, որ սրանք օգնում են բացահայտելու իրենց դեմքը՝ փողոցից եկած շնածիններ են»:

«Սրանք գտնում են խեղճերի խմբեր, գնում նրանց մոտ, ներկայացումներ բեմադրում և բարոյահոգեբանական անկման քարոզ տանում։ Դա ճնշման ձև է, խաբկանք, մարդկանց հուսահատեցնում են, ընտրում՝ ուր գնալ և ինչ քարոզ անել։ Աննա Հակոբյանը՝ այդ սատանայապետը, խոսում էր հայ կանանց իբր մեռյալ լռության, սգո ոստիկանության մասին, ասում էր՝ բավ է լացեք ձեր երեխաների համար։ Աննա Հակոբյա՛ն, գարշա՛նք, սատանա՛, դու խաբեություն արեցիր քո ջոկատով, երբ հարդարված ու շպարված լուսանկարվում էիր, բայց դա ո՛չ սահման էր, ո՛չ առաջնագիծ։ Քարոզ էիր անում՝ եկե՛ք, միացե՛ք, իսկ ո՞վ պիտի քեզ պես մեկին միանար։ Որդիս դավաճանված էր, բայց արեց անհնարինն ու զոհվեց։ Ի հակադրություն այդ սատանայի՝ տղամարդիկ էլ, կանայք էլ պատրաստ էին գնալ ու պայքարել հանուն մեր երկրի, պատրաստ էինք ինքներս զոհվել, միայն թե մեր երեխաները ողջ վերադառնային տուն»,- ամփոփեց Նաիրա Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս