«Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանին ներառելը վրիպակ է եղել․ Պենտագոն
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը ներառվել «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում, իսկ որոշ ժամանակ անց հեռացվել այդ ցանկից։ Պենտագոնը պատասխանել է թեմայի վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ի հարցմանը։
«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշված է Պենտագոնի պատասխանում:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում մեկնարկող «Defender 23» անունը կրող զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժություններին մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը, սակայն ժամեր անց հաղորդագրության թարմացված տարբերակում Հայաստանի անունը հեռացվել է մասնակից երկրների շարքից:
Թեմայի վերաբերյալ ապրիլի 8-ին 168.am-ին պարզաբանում էին տվել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հայտնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին: