Սյունիքով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք կտրելը կհանգեցնի պատասխանի Իրանի տարածքից. Սերգեյ Մելքոնյան
«Իսրայելը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ ունի, խուսափում է նոր խնդիրներից և ուղիղ առճակատումից Իրանի հետ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը՝ վերլուծելով տարածաշրջանային վերջին զարգացումները:
Նա նշեց, որ կարող ենք ֆիքսել մի քանի զարգացում՝ իրանաադրբեջանական հարաբերություններում միտումը բացասական բնույթ է կրում, և երկրորդ՝ այդ հարաբերությունները մոտենում են իրենց պատմական մինիմումին ժամանակակից Ադրբեջանի ողջ պատմության ընթացքում:
Ըստ Մելքոնյանի՝ բացի նրանից, որ սրվում է իրավիճակը սահմանին, կա նաև ներքին կոնտեքստ, բացի նրանից, որ իրանցի դիվանագետներին անցանկալի անձ հայտարարեցին Ադրբեջանում, վերջին ամիսների ընթացքում համակարգային աշխատանք է ծավալվում Ադրբեջանի հետ այդ երկրի տարածքում իրանական տարրերի չեզոքացման նպատակով:
«Այդ աշխատանքը սկսվել էր դեռևս 1990-ական թթ., հետո այն էապես նվազեց, այսօր մենք ականատեսն ենք այդ գործընթացի ամենաակտիվ փուլին՝ այս ողջ ընթացքի համեմատությամբ:
Ինչ վերաբերում է իսրայելական գործոնին: Իրականում հստակ ասելը բարդ է, բայց կարող ենք կրկին ֆիքսել մի քանի փաստ: Ադրբեջանի տարածքում իսրայելական ներկայությունը բավականին ընդարձակ է, մինչ դեսպանատան բացում այս երկու երկրների միջև հարաբերությունները կարելի է որակավորել՝ որպես ռազմավարական գործընկերության բնույթ ունեցող, սակայն դրանք վերաճեցին փաստացիորեն միության մակարդակի: Երկրորդ՝ Իսրայելն ունի ֆիզիկական ներկայություն Ադրբեջանի տարածքում Իրանի հյուսիսային սահմանների մոտ: Հետաքրքրվա՞ծ է արդյոք Իսրայելը ողջ Հարավային Կովկասում Իրանի դիրքերի թուլացմամբ, իհարկե: Արդյոք Իսրայելն ունի՞ ինչ-որ հնարավորություն իրանական ազդեցության սահմանափակման համար, իհարկե ունի»,- ասաց վերլուծաբանը:
Նա հիշեցրեց ադրբեջանաիսրայելական համատեղ հայտարարությունն Իսրայելում՝ Ադրբեջանում դեսպանատան բացման ժամանակ, որ երկու կողմն էլ կիսում են այն սպառնալիքը, որը ելնում է Իրանից:
Նրա խոսքով, Իսրայելի համար իրանական սպառնալիքը կրում է գոյաբանական բնույթ, Ադրբեջանը դրան միանում է, փաստորեն, ընդունելով այդ սպառնալիքը:
«Եվ այստեղ բացվում է ֆորմալ պատուհան արդեն ուղիղ Իրանի դեմ գործունեության համար»,- ասաց Մելքոնյանը:
Սակայն, ըստ նրա, միևնույն ժամանակ բարդ է ասել, թե որքանով է Իսրայելը հետաքրքրված Իրանի դեմ ռազմական գործողություններում, քանի որ Իսրայելը վերջին տասնամյակների ընթացքում առաջ է մղել Մերձավոր Արևելքում Իրանի զսպման պրոակտիվ դիրքորոշում, և ոչ միշտ է ստացել իր ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի աջակցությունը:
«Ներկայումս դեմոկրատների՝ Բայդենի օրոք, այս հարցում միակամություն չկա: Սա՝ առաջին:
Երկրորդ՝ որքանո՞վ է Իսրայելը պատրաստ: Իսրայելում ներկայումս ճգնաժամի մի քանի շերտ գոյություն ունի՝ ներքաղաքական և երկրորդ՝ պաղեստինյան կոնտեքստը և պաղեստինյան կոնտեքստից ավելի լայն, դուրս է գալիս Գազայի հատվածից, և տեսնում ենք՝ բախումներ կան արդեն իսրայելալիբանանյան սահմանին:
Այսինքն՝ կա անվտանգության ապահովման այս մի քանի շերտը, հանգեցնելով այն մտքին, որ Իսրայելը քիչ հավանական է, որ պատրաստ է ինքնուրույն լուծել պայմանական ասած իրանական հարցը: ԱՄՆ-ը թեև շարունակում է Իրանի զսպման քաղաքականությունը, հիշենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որ Ադրբեջանին հարկավոր է պաշտպանել Իրանից, բայց նշում է նաև, որ դա չի նշանակում պատերազմի բաց փուլ:
Ուստի Իսրայելն այդ թվում հասկանում է, որ այս իրավիճակում ռիսկի է դիմում մնալ միայնակ: Դաշինքների այն ցանցը, որը կառուցվում էր, Սաուդիան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյնի և այլնի հետ, փոխվում է, արդեն կա լիովին այլ միտում, այս բոլոր երկրները գնում են Իրանի հետ մերձեցման»,- ասաց Մելքոնյանը:
Ըստ վերլուծաբանի, Իսրայելը խուսափում է շատ սրել հարաբերություններն Իրանի հետ՝ նույնիսկ Լիբանանից հարվածները խուսափելով վերագրել «Հըզբոլլահ»-ին, ուղիղ առճակատումից Իսրայելը «Հըզբոլլահ»-ի և Իրանի հետ խուսափում է ներկայումս, քանի որ ներկայումս բազմաթիվ խնդիրներ ունի:
Խոսելով «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի զեկույցի մասին, համաձայն որի՝ Ադրբեջանը Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայլերով, իսկ Իրանը, չնայած մտահոգված է առևտրային ուղիներ կորցնելու հեռանկարից, հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի, Մելքոնյանն ասաց, որ մասամբ համաձայն է այս պնդումներին:
Նրա որակմամբ՝ Երևանը բանակցություններ է վարում ատրճանակի փողի ներքո, հայկական կողմը համաձայնում է ադրբեջանական օրակարգին, ուստի մասշտաբային պատերազմի հավանականությունը ցածր է, բայց լոկալ բախումներ, իհարկե, կարող են լինել:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: