Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր. ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի կանայք,
Սիրելի մայրեր
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա կապակցությամբ, որը մենք նշում ենք նաև որպես Մայրության և գեղեցկության տոն: Մարիամի մայրությունն աստվածային հրաշք էր և այս տոների խորհուրդը մարդկայինի ու աստվածայինի միաձուլումն է, որովհետև մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ:
Մարդկության համար «մայր» հասկացությունը նվիրումի, ապահովության, բարության ու անսահման սիրո գաղափարների ամբողջությունն է: Պատահական չէ, որ հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր լեզուն՝ մայրենի, մեր երկրի կենտրոնը՝ մայրաքաղաք և ինչպես անուրանալի են հայրենիքն ու լեզուն, այնպես էլ անգնահատելի է մեր կանանց, մայրերի, քույրերի ու դուստրերի դերը մեր կյանքում:
Սիրելի կանայք,
Տոնական այս օրվա առիթով կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»