Ռուսաստանում հասկանում են, որ Երևանը նման որոշում չի կայացնելու, և այդ որոշումը պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներին. Խրամչիխին

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նախօրեին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանին բավարարում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությունը։ Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»։

«Նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում են բարձր մակարդակով։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ սկզբունքների ամրագրմանն ուղղված աշխատանքներին: Գնդակը Երևանի կողմում է»,- ասաց Զախարովան։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են:

Կարդացեք նաև

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել էր՝ որպես բազմամյա հակասությունների հետևանք։

ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովն էլ իր հերթին՝ նշել էր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական ​​պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես ​​պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև այլ օգնություն ցուցաբերել»,- Շուվալովի խոսքն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Շուվալովը հավելել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որն ընթացքի մեջ է։

Ավելի վաղ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անակնկալ հայտարարություն էր արել, ասելով, որ Հայաստանը չի մերժել ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ-ում, այլ նախագիծը գտնվում է բանակցային սեղանին:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ հանուն արդարության՝ ՀԱՊԿ-ից Հայաստանին ընդառաջ բազմաթիվ քայլեր են եղել վերջին շրջանում, սակայն արդեն ուշացած, քանի որ ներկայիս Երևանին դրանք հետաքրքիր չեն՝ իր աշխարհաքաղաքական ընտրությամբ պայմանավորված:

Նա նշեց, որ Ռուսաստանից հայտարարում են, որ գնդակը ՀՀ դաշտում է, բայց հասկանում են, որ նման որոշում չի կայացվելու, և այդ որոշումը ներկայումս պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներին:

Ըստ նրա, այս առաջարկով ՀԱՊԿ անդամ երկրները և հատկապես Ռուսաստանը փորձեցին ՀԱՊԿ-ի համար հեղինակություն պահել, ցույց տալ, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է այս քայլին:

«Բայց այս բարդ փուլում Ռուսաստանի համար ևս այս հարցը հավելյալ ինտրիգ է, որի կարիքը ՌԴ-ն ամենևին չունի: Ինչպես տեսնում ենք, արդեն իսկ մեծ բարդություններ կան ԼՂ-ում ռուս խաղաղապահների համար, բացի այդ, հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի ու հետագա էսկալացիայի վերաբերյալ անընդհատ տեղեկություններ են շրջանառվում: Կարծում եմ՝ Ռուսաստանը հետաքրքրված չէ իր համար ուկրաինական թատերաբեմում ծավալվող զարգացումների ֆոնին հավելյալ բեռ ստանձնել այլ գոտիներում այն դեպքում, երբ արդեն իսկ ստանձնած պարտավորությունների իրականացման շուրջ կան խնդիրներ և անընդհատ ստեղծվում են խնդիրներ Ռուսաստանի համար:

Ուստի, եթե կարիք կա, հնչում են դիվանագիտական հայտարարություններ, ինչպիսին էր նաև ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ՀԱՊԿ առաքելությունը չի մերժվել, այնինչ իրականությունն այն է, որ այն մերժվել է, և Երևանի կամքով ԵՄ դիտորդներ են ժամանել, իրավիճակի մասին զեկույցներ են գրում: Սակայն, եթե նմանատիպ զեկույցներ գրեին ՀԱՊԿ դիտորդները, ապա Երևանը նման գործելակերպին միանշանակ դեմ էր լինելու: Բայց ԵՄ դիտորդների գործունեությունից մեծ գոհունակություն կա, քանի որ այն ոչ թե ծառայում է անվտանգությանը, այլ ռեգիոնի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության ծրագրերին»,- ասաց Խրամչիխինը:

Իսկ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, նրա խոսքով, հավելյալ «գլխացավանք» չեն ցանկանա:

«Այս դեպքում ՀԱՊԿ մյուս երկրները՝ Ղազախստանը, Բելառուսը, կհայտնվեին բարդ իրավիճակում, որոնք երբևէ չէին ցանկանա նման առաքելության մասնակցել, ուստի այս փուլում ՀԱՊԿ առաքելությունը մերժելը նաև ծառայություն է Ռուսաստանին ու ՀԱՊԿ անդամ երկրներին:

Տեսանյութեր

Լրահոս