Իրանի պարագայում անձերի փոփոխությունը քաղաքականության կտրուկ փոփոխության չի բերելու. իրանագետ
Իրանի ԱԳՆ-ն օրերս հայտարարել է, որ Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով նույն առաքելությամբ կժամանի Հայաստան, իսկ Ադրբեջանում Իրանի դեսպան կդառնա Մոջթաբա Դեմիրչին:
Ինչո՞վ է պայմանավորված դեսպանների փոփոխությունը և ինչո՞ւ հիմա. 168.am-ը այս հարցադրումների պատասխանները լսել է իրանագետ Ահարոն Վարդանյանից:
«Հայաստանի պարագայում դեսպանի ժամկետն էր ավարտվում, և նշանակվելու է այնպիսի դեսպան, որը ՀՀ-ում աշխատելու փորձ ունի, և բացի այդ՝ Մեհդի Սոբհանին վերջին շրջանում եղել է Սիրիայում: Այսինքն՝ նաև պատերազմական իրավիճակներում, թեժ կետերում աշխատելու փորձ ունի: Սա նշանակում է, որ ներկայումս Իրանը թեժ կետ է դիտարկում, և այդպես էլ կա, Հարավային Կովկասը, որը դարձել է աշխարհաքաղաքական շահերի բախման կետ, և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը՝ Սյունիքի մարզը, Արցախը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանական Հանրապետությունում դեսպանի փոփոխությանը, ապա Իրանում բավականին դժգոհ էին ներկա դեսպանից: Դժգոհությունները հատկապես ազգայնական թևից էին. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած փորձագետները պահանջում էին դեսպանի շուտափույթ փոփոխություն: Պարզապես Իրանի քաղաքականությունն է՝ հաճախ չփոխել իր տարբեր պաշտոնյաների, աշխատում են որոշակի ժամկետ տալ, և սա էլ պատճառներից մեկն էր, որ ժամանակից շուտ չփոխեցին Ադրբեջանի դեսպանին:
Ի դեպ, Ադրբեջանում այժմ բավականին փորձառու դեսպան է նշանակվել, որը նախկինում եղել է Վրաստանում, Ղազախստանում, որը Հարավային Կովկասում աշխատելու փորձ ունի»,- մանրամասնեց իրանագետը:
Ահարոն Վարդանյանը նկատեց, որ թեև նաև դեսպանների փոփոխությամբ է հստակորեն երևում, որ Իրանն ակտիվանում է տարածաշրջանում, սակայն Իրանի պարագայում անձերի փոփոխությունը քաղաքականության կտրուկ փոփոխության չի բերելու, որովհետև Իրանում համակարգ է աշխատում:
«Պարզ է մի բան, որ Հայաստանում և հատկապես Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձություններն Իրանի համար չափազանց կարևոր են, և Իրանը դրանք համարում է նաև իր ազգային անվտանգության խնդիրը, ինչի մասին մեկ անգամ չէ, որ խոսել են, հայտարարել ամենաբարձր մակարդակով՝ սկսած հոգևոր առաջնորդից, արտաքին գործերի նախարարից, վերջացրած՝ ռազմական գործիչներով և այլն:
Ներկա պահին այս փոփոխություններով փորձում են իրենց քաղաքականությունը տեղ հասցնել»,- ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին դեռ անցյալ տարի հետ էր կանչվել Իրան՝ խորհրդակցությունների համար. Իրանում դժգոհություն էր առաջացրել Իրանի դեսպան Մուսավիի կողմից նոյեմբերի 9-ի կապակցությամբ Ադրբեջանին հղված շնորհավորական ուղերձը։
«Աբբաս Մուսավին Իրանի դեսպա՞նն է, թե՞ Ալիևի փաստաբանը»,- գրել էին իրանական ԶԼՄ-ները՝ տարակուսանք հայտնելով, որ Բաքվում Իրանի դեսպանությունը շնորհավորում է Ադրբեջանին, այսպես կոչված, «հաղթանակի» օրվա կապակցությամբ՝ Իրանի հետախուզության նախարարության հայտարարությունից հետո առ այն, որ Ադրբեջանը մասնակից է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությանը։