«Ասկերանում ունենք մոտ 2000 հեկտար հող, որը գտնվում է վտանգավոր գոտում. այս պահին միայն անվտանգության հարցերն են մտահոգում». Շրջվարչակազմի ղեկավար

Արդեն 114 օր է՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ 120 հազար արցախահայեր, արդեն 3 ամսից ավելի է՝ գտնվում են հումանիտար աղետի մեջ։ Շրջափակմանը զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, դաշտում աշխատող քաղաքացիական անձանց վրա՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքներին։

Թշնամու թիրախում են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի գյուղերի բնակիչները։

168.am հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ գյուղատնտեսական աշխատանքներն Ասկերանում շարունակվում են, սակայն վտանգավոր հատվածներում դրանք դադարեցվել են։

«Սահմանին մոտ գտնվող տարածքներում աշխատանքներ մերթ ընդ մերթ տանում ենք, բայց երբ ընթացքում թշնամին կրակում է, աշխատանքները 1-2 օր դադարեցվում են։ Այսինքն՝ մեկ օր աշխատում ենք, մի երկու օր չենք աշխատում։ Այսպես ասեմ՝ գյուղատնտեսական աշխատանքներ անելու համար բարենպաստ պայմաններ չկան»,- նշեց Համլետ Ապրեսյանը։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի, լինում են դեպքեր, երբ գյուղացիները, առանց ռուս խաղաղապահներին տեղյակ պահելու, գնում են դաշտ աշխատելու, այդ ժամանակ խաղաղապահները կանգնած չեն լինում։ Բայց հիմնականում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հատկապես՝ տեխնիկայի առկայության դեպքում, խաղաղապահները կանգնում են դաշտում։

«Ընդհանուր առմամբ մեր շրջանում ունենք մոտ 2000 հեկտար հող, որը գտնվում է վտանգավոր գոտում, նայած իրավիճակին, դրա մի մասը կարողանում են մշակել, մի մասը՝ չէ։ Սա մոտ 15 համայնքի հողատարածք է։

Համայնքում ունենք բնակիչներ, որոնց հողերն ամբողջությամբ վտանգավոր հատվածում են գտնվում, նրանց միակ եկամուտն այդ հողից է։ Մենք նրանց բոլորին գիտեք ու փորձում ենք սոցիալական տարբեր ծրագրերով նրանց հարցերը լուծել։

Այս պահի դրությամբ փորձում ենք լուծել դիզվառելիքի, սերմացուի հետ կապված հարցերը, կանոնակարգելով դիզվառելիքի տրամադրման գործընթացը, և կարծես այս առումով խնդիրը լուծվում է։ Այս պահին մեզ միայն անվտանգության հետ կապված հարցերն են մտահոգում»,- եզրափակեց Համլետ Ապրեսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս