Խայտառակություն է. եթե այլ երկրի ղեկավար նման հարցազրույց տար, ականջներից բռնած դուրս կշպրտեին. Արծվիկ Մինասյան
Օրերս իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով տարածաշրջանում ռուսական դերակատարման մասին, ասել էր, որ կարող է մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:
Փաշինյանի, ինչպես այս արտահայտությանը, այնպես էլ Ռուսաստանին վերաբերող մյուս հայտարարություններին Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել։
«Մոսկվայում դրանք գնահատում են իրենց տոնով և բովանդակությամբ անընդունելի՝ սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու նկատառումով։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Այնուամենայնիվ, սա պետք է լինի երկկողմանի ճանապարհ: Հայաստանը նաև չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանին դուրս մղելու համար»,- ասել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, խոսելով մի կողմից՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիաների և սահմանային լարվածության, մյուս կողմից՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություննների որակի մասին, նշեց.
«Նախ՝ իտալական թերթին տված այդ հարցազրույցն ուղղակի խայռատակություն էր։ Փաշինյանն անում էր մի վերլուծաբանի մակարդակի հայտարարություններ, իսկ եթե այլ երկրում երկրի ղեկավարը նման որակի հարցազրույց տար, ականջներից բռնած դուրս կշպրտեին։ Այո՛, փաստ է, չկա որևէ երկիր, որը քեզ ավելի շատ սիրի, քան ինքդ քեզ։ Ռուսաստանն էլ, երբ տեսնում է, որ ինքդ քեզ չես սիրում և հարգում, ապա մտածում է միայն իր շահի մասին։ Ռուսաստանն ու Իրանը մտածում են իրենց գերակա շահերի մասին՝ համագործակցելով նաև մեր թշնամիների հետ. սրա միակ պատճառը Փաշինյանի իշխանության այլանդակ քաղաքականությունն է»։
Ըստ Մինասյանի՝ պատմական փաստ է այն, որ ո՛չ ամերիկյան զինվորը, ո՛չ ֆրանսիականը Հայաստանի և Արցախի լեռները երբեք չեն բարձրանալու, իսկ այդ երկրների՝ ներկայիս ակտիվությունը մնալու է ընդամենը քաղաքական ակտիվության տիրույթում՝ առանց ռազմական բաղադրիչի։
«Հետևապես, մեզնից բացի, բա ո՞ւմ վրա հույսս դնեմ՝ Նիկոլի՞, որի աչքի առաջ ոչնչացնում են հայ զինվորին, գրավում հայկական տարածքները և նա ոչինչ չի անում, թե՞ ՔՊ-ի։ Ես չեմ, դուք եք, ո՞ւմ համարենք մեզ բարեկամ ու դաշնակից, որի հետ կկարողանանք քայլ կատարել, չէ՞ որ ռազմական գործողության ժամանակ պաշտպանություն սպասել ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ իրատեսական չէ»,- ասաց Մինասյանը՝ շեշտելով՝ քանի Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի իշխանության ղեկին, պատերազմն է իրատեսական, որովհետև ինքն Ալիևի մոտ առաջացրել է սպասումներ՝ տված խոստումներով, իսկ դրանք չստանալով՝ Ալիևը կարող է գնալ գործողություննրի, պատերազմի՝ Հայաստանի դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։