Մարտակերտը փրկել են Գրիգորի Խաչատուրովի գնդերը. Բերձորում թշնամուն ինքն է ջարդել. Բագրատ Սրբազան

«Ուզում եմ վերստին զորակցությունս հայտնել իմ շատ սիրելի գեներալ Գրիգորի Խաչատուրովին, ում հետ մենք տարբեր աստիճանի ճանապարհներ ենք անցել: Ինքն իր համեստությամբ, մարդկային տեսակով ուղղակի փայլում է և շատ բաներ թույլ չի տալիս որևէ կերպ արտահայտել: Երևի թե ժամանակը կգա, եթե հարմար կգտնի, կխոսի»,- Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորմանը ու նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթին:

Սրբազանը նշեց Գրիգորի Խաչատուրովի՝ Տավուշում ծառայության բոլոր տարիներին ինքը նրան տեսել է միայն խրամատներում, հայրենիքի սահմաններն ընդլայնելու մեծ առաքելության մեջ, երկրի անվտանգությունը բարձրացնելու նպատակին ուղղված քայլեր անելիս:

«Ես մի օր չեմ տեսել նրան առանց դաշտային համազգեստի, որովհետև գիշեր-ցերեկ նրա ամբողջ միտումը հայրենիքի պաշտպանությունն ու անվտանգությունն էր»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախյան վերջին 44-օրյա պատերազմին, որը Սրբազանն անվանեց Հայրենական պատերազմ, ըստ Բագրատ Գալստանյանի, տրամաբանությունը հուշում էր, որ յուրաքանչյուր զորամիավորում իր կորպուսի հրամանատարի հետ մասնակցեր պատերազմին:

Կարդացեք նաև

«Պատերազմի ժամանակ մեր Տավուշի գնդերը մասնատվել ու տարբեր ուղղություններով են գնացել, որոնց մենք նաև փնտրել ենք ողջ արցախյան տիրույթում: Այո՛, այսօր Մարտակերտի գոյության եաշխիքը պատկանում է 3-րդ բանակային կորպուսին, իր գնդերին, նախ՝ Վանաձորի գնդին, որը ստեղծել է գեներալ  Գրիգորի Խաչատուրովը, ապա նաև՝ հերթափոխի եկող Շամշադինյան գնդերը:

Նրա խոսքով՝ Բերձորյան ճակատում դարձյալ գտնվել են 3-րդ բանակային կորպուսի գնդերի որոշակի միավորներ և հերոսական ճակատամարտեր են մղել, որի արդյունքում նաև մեր հրաշալի սպայական կազմից ենք զոհեր տվել:

«Բայց արդեն այնտեղ փակ էր: Մեր տղաներն ուղղակիորեն ոչ միայն ետ են շպրտել դեպի իրենց եկող բոլոր թշնամական զորքերին, նույն թշնամուն, նույն զինտեխնիկայով, նույն կազմով, որն այսօր հոխորտում է, որ հաղթանակ է կնքել: Այո, Մարտակերտը փրկել են 3-րդ բանակային կորպուսի գնդերից Վանաձորի գնդի տղաները»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Վերջինս հիշեցրեց՝ Տավուշյան հուլիսյան մարտերի օրերին անգամ իշխանամերձ շրջանակները տեղեկություն էին տարածում, թե իբր Գրիգորի Խաչատուրովի միջոցով պատրաստվում է իրականացվել ռազմական հեղաշրջում:

«Հենց այդ օրերին, երբ գեներալ Գրիգորի Խաչատուրովը կազմակերպում էր հայրենիքի պաշտպանությունը, դատարանում էր գտնվում նրա հայրը՝ լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Գրիգորի Խաչատուրովը կարող էր թողնել ամեն ինչ՝ ասելով՝ հորս դատում են, ես էլ ոչ մի բանի հետ առնչություն չունեմ: Ասել եմ որոշ մարդկանց՝ ահավասիկ տեսեք պատկերը: Ինչպիսի՜ գիտակցություն, հայրենիքի նկատմամբ նվիրում ունի գեներալը, որ դա չի անդրադարձել նրա գործողությունների վրա»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Նա նկատեց՝ ինքը ոչ բացառում, ոչ էլ հաստատում է, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ արշավն ինչ-որ մեկի ցուցումով է տեղի ունենում:

«Ես մի բան կարող եմ ասել: Գեներալ Խաչատուրովն ուղիղ մտքով, հայրենիքով ապրող, բարձր գիտակցությամբ պրոֆեսիոնալ զինվորական և նվիրյալ հայորդի է, խորությամբ քրիստոնյա և գեղարդասեր մարդ: Երևի քչերը գիտեն նրա պաշտամունքն ինչպիսին է գեղարդի հանդեպ՝ որպես զինվորական: Մեր դիրքերից մեկն էլ կոչվում է Գեղարդ: Բնականաբար, միգուցե սա ուժեղ մարդկանց չեզոքացնելու մասն է կազմում»,- եզրափակեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս