Դատավոր Սերգեյ Մարաբյանը թեև Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցրել ու ուղարկել է ՍԴ, բայց գեներալին թողել է կալանավորված
Հուլիսի 7-ից բանավոր ընթացակարգով Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցվեց: Նախագահող դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր է տեսել և կդիմի Սահմանադրական դատարան: Այս որոշումը դատավոր Մարաբյանը կայացրել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ:
Թե որ հոդվածների առնչությամբ է Դատարանը սահմանադրության հետ խնդիր տեսել, կիմանանք, երբ պաշտպանական կողմը ստանա Դատարանի որոշումը:
Գրիգորի Խաչատուրովի պաշտպաններն իրենց վերաքննիչ բողոքում բարձրացրել են նաև Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանի կողմնակալությունը և խտրական վերաբերմունքի, Խաչատուրովի իրավունքների խախտման, թույլ տրված ընթացակարգային խախտումների հարցերը։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:
Ըստ դատախազության՝ գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին։ Գործով մեղադրյալները 13-ն են: