Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է մեքսիկացի սենատորների հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեքսիկայի սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումի և Ինդիրա Կեմպիս Մարտինեսի գլախավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանի։ Այս մասին հայնտեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հայոց Հովվապետն ի դեմս սենատորների իր երախտագիտությունն է հայտնել Մեքսիակայի Սենատին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է բերել սենատորներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին Սենատում և միջազգային ատյաններում արցախահայության իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։
Վերհիշելով հայրապետական իր այցը Մեքսիկա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է հայկական համայնքի նկատմամբ Մեքսիկայի իշխանությունների հոգատար վերաբերմունքին, ինչը նաև մեծ գնահատանք է հայորդիների ծառայությանը՝ ի նպաստ Մեքսիկայի առաջընթացի։
Հանդիպմանը, սենատորները շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հաստատել են, որ Նորին Սրբության օրհնությունն առավել պարտավորեցնող է էլ ավելի նախանձախնդրորեն պայքարելու հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերին։