«Հրեշը որոշեց Տեղ գյուղում բանակը փոխարինել ԱԱԾ ուժերով. հողերը լուռ հանձնում են». զոհված զինծառայողի մայր
«Սյունիքում իրավիճակը սարսափելի է, մի գիշերվա մեջ, առանց 1 կրակոցի, ադրբեջանական կողմն առաջ է եկել»,- այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որը նոր է վերադարձել Սյունիքի մարզի Տեղ գյուղից:
«Երբ Կառավարության նիստին այս հրեշը որոշեց, որ Տեղ գյուղում բանակը փոխարինում է սահմանապահ ուժերով՝ ԱԱԾ ուժերով, ի՞նչ է դրանով անում: Քանի որ գիտեն, որ եթե նորից զոհեր լինեն, ժողովուրդը բնազդով դուրս կգա, և դա, հնարավոր է, լինի իրենց վերջը, ամեն բան անում են, որպեսզի զոհերից խուսափեն, ժողովրդին դրանով հանգստացնեն, հողերը հանձնում են լուռ, մեր շուրջ մահացու օղակը սեղմվում է, ժողովրդին նորից պահում են անգիտության մեջ, այսինքն՝ ինֆորմացիա չկա, շատ սահմանափակ է տեղեկատվությունը…
Երբ մենք գնում էինք, ճանապարհին բազմաթիվ ավտոբուսներ՝ մոբով կամ զինվորներով, իջեցնում էին ներքև, որովհետև այնտեղ եղել են գեներալներ, ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք պարզապես չե՛ն ենթարկվել սրանց հրամանին, երբ ասել են՝ չկրակե՛ք, մարդիկ ասել են՝ ո՞նց, պետք է կրակենք: Հետևաբար՝ նրանց իջեցրել են, նրանց փոխարեն՝ բերել են ոստիկանական կամ ԱԱԾ ուժեր, որոնք ուղիղ Փաշինյանի և Աբազյանի ներքո են, և այսպես լուռ, քայլ առ քայլ Ադրբեջանը գալիս է առաջ, իսկ մենք Երևանում նստած ուրախանում ենք, որ տեսեք՝ հերթական անգամ էսկալացիայից խուսափեցինք, զոհեր չունենք:
Զոհեր լինելու են առաջիկայում, երբ այդ հատվածը և ոչ միայն այդ հատվածը կվերցնեն, բոլոր կողմերից մենք կլինենք շրջափակված…»:
Զոհված զինծառայողի մայրը սթափության կոչ արեց, ապա քաղաքացիներին հրավիրեց վաղը կայանալիք հանրահավաքին:
Հիշեցնենք, որ վաղը 16:00-ին Ազգային ժողովի Բաղրամյան պողոտայի մուտքի դիմաց «Միասին» շարժումը հանրահավաք է հրավիրել, պահանջներից մեկը Նիկոլ Փաշինյանի ինքնակամ հրաժարականն է: