Ալեն Սիմոնյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, կա երեք հանցատեսակ. Էդգար Ղազարյան

«Այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը ևս մեկ ենթադրյալ հանցագործություն է գործել»,- այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում ասաց խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Երևանի կենտրոնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Էդգար Ղազարյանն ասաց, որ Ալեն Սիմոնյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ կարգադրել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին իրականացնել գործողություն:

Ըստ նրա, ԱԺ նախագահի լիազորությունները, որը սահմանված է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում, չի նախատեսում, որ նա իրավասու է որևէ իրավապահ մարմնի աշխատակցի, այդ թվում՝ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին, հանձնարարություններ տալ:

«Եվ եթե նա իր իրական դիրքը նրանց նկատմամբ չարաշահել է, դա մյուս հանցագործությունն է, որն օրենքով հստակ նկարագրված է: Եվ կա՝ իր բախտից, նաև երրորդ հանցատեսակը, որն օրենքը նկարագրում է, դա 441 հոդվածն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը: Ի դեպ, այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը ևս մեկ ենթադրյալ հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկություն, նա նշել է, որ երեկ իբր բռնության է ենթարկվել վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Վարչապետի որդին հատուկ Պետական պաշտպանության անձանց անվտանգության ապահովման մասին օրենքով (ոչ միայն վարչապետը, այլև նրա ընտանիքի անդամները) հանդիսանում են պետական պահպանության օբյեկտ, և եթե պետական պահպանության օբյեկտի նկատմամբ իրականացված լիներ որևէ հանցագործություն, բռնություն, ապա այդ մասին հաղորդագրություն անպայման պետք է տարածեր ՊՊԾ-ն, Ոստիկանությունը կամ Քննչական կոմիտեն: Իսկ քանի որ նման հայտարարություններ չկան, ապա նշանակում է, որ ԱԺ նախագահի տեղեկություններն առնվազն կեղծ են կամ հիմնված են գիշերն այլ աղբյուրից ստացված տեղեկատվության վրա»,- մեկնաբանեց խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս