Թեհրանն ու Մոսկվան շահեր ունեն Հարավային Կովկասում՝ Արևմուտքի ազդեցության թուլացում և Ադրբեջանի զսպում. Սկակով
Մարտի 29-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և իր իրանցի գործընկեր Հոսեին Ամիր Աբդոլլահիանի միջև։
Այս մասին հայտնել էր օրերս ՌԴ ԱԳՆ-ն: Նախատեսվում է քննարկել միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։
Դիտարկվելու է Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը։ Մոսկվայի և Թեհրանի սկզբունքային դիրքորոշումն է՝ անշեղորեն աջակցել Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, սիրիացիների՝ իրենց երկրի ճակատագիրն ինքնուրույն որոշելու օրինական իրավունքին։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները կհստակեցնեն իրենց դիրքորոշումները տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ, հայտնել էին ՌԴ ԱԳՆ-ից։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ռուս-իրանական բանակցություններն անդրկովկասյան օրակարգի շուրջ բավականին ծավալուն բնույթ են կրելու: Ըստ նրա՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից հետո Ռուսաստանն իր ազդեցության ու դիրքերի մի մասն այս ռեգիոնում համաձայնեցված կերպով զիջել է Իրանի Իսլամական Հանրապետությանը, ում հետ Ռուսաստանն այս ռեգիոնում համատեղ շահեր ունի: Ուստի, վերլուծաբանի խոսքով, այն, ինչ Ռուսաստանն իր սահմանափակ ռեսուրսների պատճառով չի կարողանում անել անձամբ, այդ թվում՝ զսպող դերակատարություն ունենալ, անում է Իրանը, որի համար անընդունելի են Հայաստանի ու ԼՂ-ի հետագա պարտությունները՝ թե դիվանագիտական, թե ռազմական:
«Իրանը հասկանում է, թե ինչ լուրջ խնդիրների առջև կկանգնի թուրք-ադրբեջանական տանդեմի հետագա ամրապնդման պարագայում, որի հիմքերը դրվեցին Ղարաբաղյան այս պատերազմից հետո, հանգեցնելով ադրբեջանաիրանական հարաբերություններում աննախադեպ լարվածության: Բնականաբար, այդ լարվածության արմատները շատ ավելի հեռու են տանում այս ռեգիոնից, ադրբեջանաիրանական հարաբերություններում տեղի ունեցողը կապ ունի աշխարհաքաղաքական գլոբալ իրավիճակի հետ, պարզապես ռեգիոնալ իրավիճակը և Իրանի դեմ Ադրբեջանը կանգնած են «կրակի առաջին գծում»: Իրանական ուղղությամբ Ադրբեջանի քայլերն ինքնուրույն չեն, այլ ուղղորդված բնույթ են կրում բոլորին հայտնի երկրներից, և այստեղ որևէ սցենար բացառել չի կարելի»,-ասաց Սկակովը:
Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի գերինքնավստահ քայլերը անհանգստացնում են նաև Մոսկվային, ում ձեռնտու է, որ այս փուլում Թեհրանը փորձի բոլոր միջոցներով զսպել Ադրբեջանին:
«Թեև չեմ կարծում նաև, թե Մոսկվան բացարձակապես չի արձագանքում Բաքվի գործողություններին, պարզապես այդ ամենը կուլիսային բնույթ է կրում: Սակայն, ինչպես վերջին շրջանում ենք ականատես դառնում, Բաքվի քայլերն այնքան համարձակ են դառնում, որ Ռուսաստանը, չնայած իր ներկայիս իրավիճակին, սկսում է այդ ամենը հրապարակային դաշտ դուրս բերել և հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ:
Սակայն պետք է նաև հասկանալ, որ այդ հայտարարությունները որևէ արդյունքի չեն հանգեցնում, և ըստ իս՝ հենց դա էր պատճառը, որ Մոսկվան շատ միջադեպերի ու քայլերի չի արձագանքել հրապարակայնորեն: Բաքուն հասկանում է, որ Մոսկվան ներկայումս գործում է սահմանափակ դիվանագիտական և այլ բնույթի ռեսուրսների իրավիճակում, հստակորեն օգտվում է դրանից: Բաքուն նաև հասկանում է, որ իր արժեքը ներկայումս էականորեն բարձրացել է Արևմուտքի համար, այսինքն՝ այս հանգամանքների համախումբը նպաստում է, որ Բաքուն շարունակի իր ավանդական՝ ուժի և սպառնալիքի ակտիվ կիրառմամբ քաղաքականությունը: Ուստի այս իրավիճակում Իրանի դերակատարությունը Հարավային Կովկասում Մոսկվան բավականին կարևորում է, հասկանալով նաև այդ հարցում Իրանի շահագրգռությունը»,-ասաց Սկակովը:
Հարավային Կովկասում, ըստ ռուս քաղաքագետի, Մոսկվան ու Թեհրանը երկու խնդիր ունեն.
«Թուլացնել Արևմուտքի ազդեցությունը կողմերի ու բանակցային գործընթացի նկատմամբ ու զսպել Ադրբեջանին: Սա ենթադրում է խոսակցություն թե բանակցությունների, Խաղաղության համաձայնագրի բովանդակության, թե ճանապարհների, թե բազմակողմ համագործակցության մասին: Վերջին տասնամյակների ընթացքում Թեհրանի ու Մոսկվայի հարաբերություններն այսչափ սերտ չեն եղել, բոլոր հարցերում ըստ էության կա համաձայնություն»,-ասաց նա: