Ամեն ինչ նույնն էլ մնալու է, մարդկությունը պետք է փոխվի. Սիսիանի բնակիչ
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի թեկնածու Արմեն Հակոբջանյանը Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Ինչ ակնկալիքներ ունեն Սիսիան համայնքի բնակիչներն այս ընտրություններից՝ հարցին, 168.am-ի հետ զրույցում Սիսիանի բնակիչներից մեկը պատասխանել է՝ ոչ մի բան էլ չի փոխվելու, ամեն ինչ նույնն է մնալու:
«Նույնն էլ մնալու է, ինչը պետք է փոխվի, մարդկությունը պետք է փոխվի»,- շեշտել է նա:
Հակադարձմանը, որ քիչ առաջ ասում էր, որ ամեն տարի ընտրության է գալիս, 168.am-ի զրուցակիցն արձագանքել է.
«Ընտիր եմ ասել: Եթե ամեն տարի գալու եմ, ուրեմն պետք է հետաձգեմ մեռնելս: Մի տարի էլ ձգեմ, տեսնեմ՝ վերջը ինչ է լինելու, վերջը չի երևում»:
Ըստ քաղաքացու, ընտրության է գնացել զուտ իր քաղաքացիական պարտքը կատարելու, ոչ թե ինչ-որ փոփոխության ակնկալիքով՝ կրկնելով, որ ոչ մի փոփոխություն չի լինելու, ժողովուրդը պետք է փոխվի, որ փոփոխություն լինի:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի աշխատանքը, սիսիանցին պատասխանել է.
«Ընտիր, շատ լավ: Մեր ընտանիքով հանդերձ բոլորս ընտիր ենք համարում Փաշինյանի աշխատանքը: Ամեն ինչը լավ է: Մեզ համար ամեն ինչը լավ է իր կառավարման ժամանակ: Մենք իրեն հարգել ենք, երբ դեռ դեպուտատ էր՝ ընտանիքով հանդերձ»:
Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Սյունիքում անվտանգային խնդիրներ են առաջ եկել, Սիսիանի բնակիչը ոչ մի անվտանգային խնդիր չի տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում