«Նա Փաշաև է, թուրքի հերոս, ինքն ինչքան արագ հեռանա, այնքան շուտ Հադրութն ու Շուշին մերը կդառնա». Շրջափակման մեջ գտնվող Իվանյան գյուղի բնակիչ
«Արդեն 100 օրից ավելի է՝ շրջափակման մեջ ենք, բայց ընդհանրապես չե՛նք հուսահատվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) գյուղի 83-ամյա բնակիչ Գյոզալ Մոսիյանը:
«Ճիշտ է՝ ճանապարհները փակ են, մթերք չեն բերում, բայց եղածն իրար տալով՝ յոլա ենք գնում, քանի որ մեր հողում, մեր ջրումն ենք: Եթե անգամ որոշեն ճանապարհը վերջնական էլ փակեն, կարծում եմ՝ մեկ է, ժողովուրդը չի ուզի այստեղից դուրս գալ, ինչի այդտեղի վիճակը լա՞վ է, որ գան այդտեղ, այստեղ ավելի լավ ա, քան Հայաստանում: Ինչ մնում է նրան, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ու ադրբեջանցիների հետ ապրենք, դա հնարավոր բան չի՛, անհնար է, ավելի լավ է մեռնենք, քան թե նրանց հետ ապրենք»,- ասաց արցախցի կինը:
Նրա խոսքով՝ Արցախում բոլորը՝ մեծից փոքր, նույն կերպ են մտածում, ավելի լավ է դժվարություններ, զրկանքներ կրեն, քան թե թշնամու հետ համատեղ ապրեն:
«Թող մի քիչ կուշտ, մի քիչ սոված ապրենք, բայց հայը հայի հետ ապրի, ադրբեջանցի չմտնի մեր հողը…»:
Տիկին Գյոզալը ադրբեջանցիների հետ համատեղ ապրելուց հրաժարվելու իրենց տեսակետը բացատրեց նաև այն փաստով, թե ինչպես մարտի 5-ին ադրբեջանցիները սպանեցին արցախցի ոստիկաններին: Շատ լավ գիտեր այդ պատմությունը, զոհված ոստիկաններից մեկն էլ իր հարազատներից էր.
«Ոստիկաններից մեկը՝ Արարատ Գասպարյանը, թոռանս ամուսինն էր, ընդամենը 1 երեխա ունի, մեկն էլ պետք է ծնվի. սպանեցին… իրենք չեն իմացել, որ ադրբեջանցիները կարող է հարձակվեն, հանկարծակի կրակել են, Արարատը մտել է մեքենայի անիվների արանքը, նրանք կրակել են խցիկի մեջ ու փախել, կարծել են, թե բոլորին կոտորել են: Որ փախել են, Արարատը ակերի արանքից կրակել է դրանց վրա, նորից հետ են դարձել, կրակել, վիրավորվել է, բայց չնայած այդ վիճակին՝ ինքն է հայտնել, որ սենց բան է պատահել, եկեք, հասեք: Արարատը ծանր շնչելով հասել է մինչև քաղաք, բայց ցավոք, մահացավ…»:
Տիկին Գյոզալին հարցրեցինք՝ ծնունդով Արցախցի, հաղթահարելով 3 պատերազմի դժվարությունները, տեսնելով թշնամու հայատյաց գործողությունները, հավատո՞ւմ է Հայաստանի իշխանությունների առաջ քաշած խաղաղության օրակարգին, որի մասին նաև այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ խաղաղություն, թուրքերի հետ ո՞նց կարող է խաղաղություն լինի, ընդհակառակը, ես մտածում եմ՝ պատերազմ է սպասվում: Ոչ մի հայ չի ուզի թուրքի հետ ապրի, ինքը իմ երեխուն սպանի, ես գնամ նրա հետ ապրե՞մ, ինքն իմ տունը վառի, ես նրա հետ ապրե՞մ, դա հնարավոր բան չի: Նրանք իրենց երեխեքին էլ փոքրուց սովորեցնում են, որ հայը չպետք է ապրի, որ հայը ապրի՝ մենք կմեռնենք, դրա համար պետք է հային սպանենք:
Փաշինյանը շատ բան կուզի, Փաշինյանն ասել է՝ Շուշին դժգույն քաղաք է, տես՝ էդ դժգույն քաղաքն ինչ արեց, եթե Շուշին տված չլինեին, հիմա ճանապարհները չէին կարողանա փակել, Շուշին տվեցին, դրա համար էլ ճանապարհը փակեցին: Հիմա թշնամին Շուշիում քեֆեր է անում, ուրախանում են, ծաղրում են, բայց ի՞նչ անենք, ո՞ւր գնանք, մեր բախտը սա է, մեր ճակատագիրը սա է, մեզ գնալու ուրիշ տեղ չկա: Հակառակ դեպքում, եթե պատերազմ սկսվի, մենակ փոքրերին կհանենք, որ չվախենան, բայց մնացածս, թեկուզ մենք՝ ծերերս, չենք ուզում դուրս գալ, ո՞ւր գնանք, որտե՞ղ է խաղաղությունը: Եթե Ղարաբաղը տվեցին, չկարծեք, որ Հայաստանը մնալու է, Ղարաբաղը որ տան, նրանց ախորժակն ավելի կբացվի, ավելի շատ տարածքներ կուզեն: Եթե ռուսն այստեղ չլիներ, հիմա Ղարաբաղ չէր լինի, այսօր ռուսն է մեր փրկությունը, ինքն է պահում մեզ:
Տարբեր հայտարարություններ են անում, թե՝ ինչո՞ւ է թույլ տալիս, որ ադրբեջանցիները սադրանքներ անեն, նա կրակելու իրավունք չունի, որ կրակի, պատերազմ է սկսվելու, ռուսը կանգնեցնում է պատերազմը, չի թողնում, շատերը դա չեն հասկանում, ասում են՝ ի՞նչ է պահում, ո՞նց է պահում, հա՛, պահո՛ւմ է, եթե կանգնած չլինի, պարզ չի՞, որ թուրքը կմտնի»:
Ու չնայած ստեղծված ծանր վիճակին, արցախցի 83-ամյա կինը շարունակում է լավատես մնալ, հույսը չի կորցնում.
«Հիմա մենք շատ քիչ ենք ու պատերազմում հաղթելու հավանականությունը շատ քիչ է… Բայց ես չեմ պատկերացնում, որ թուրքն այստեղ կապրի, ես վստահ եմ, որ մինչև Հադրութ էլ նորից մերը կլինի, դա լինելու է, մի օր կտեսնեք, ես լինեմ-չլինեմ, դու տեսնելու ես, որ մինչև Հադրութ նորից մերը կդառնա, Շուշին էլ մերը կդառնա, չհավատա՛ս, որ իրենց ձեռքին կմնա…
Այնպիսի բաներ են եղել, որ կյանքում մերոնք չէին մտածել Աղդամը վերցնելու մասին, բայց 90-ականներին վերցրեցին, էն էլ էն ժամանակ, որ ոչ զենք ունեին, ոչ բան, բայց հաղթեցին, ու ցավալի է, որ այսօր այդ հաղթողներին չեն հիշում, ոչ էլ իրենց ձեռքով զոհ գնացած զինվորներին են հիշում: Հիմա, որ Փաշինյանը կարողանում է զոհվածների ծնողներին քաշքշել տա, դա հա՞յ է, դա հայ չի՛, թո՛ւրք է, նա ոչ թե Փաշինյան է, այլ Փաշաև է: Կարողանում են 2 օրում Հայաստանից դեպի Թուրքիա ճանապարհ բացեն, բայց դեպի Արցախ չի կարողանում բացել, ինչո՞ւ, որովհետև այնտեղ թուրքերն են, այստեղ՝ հայե՞ր, կարողանում է, ուղղակի չի ուզում, ինքը թուրքի հերոս է, ուրիշ ոչ մի բան:
Մենք անպայման կհաղթենք, բայց առաջին հերթին Փաշինյանին պետք է հաղթել: Ինքն ինչքան արագ հեռանա, ինչքան քիչ վաճառի մեր հողերը, ինչքան քիչ թղթեր ստորագրի՝ Հայաստանը տա, ինչքան ճանապարհները քիչ բացի դեպի Թուրքիա, հասկանալի չէ՞, որ լավ կլինի:
Ցանկանում եմ, որ ճանապարհը բացվի, այս զրկանքներից պրծնենք, թուրքերը Շուշիից կորչեն, մենք էլ խաղաղ ապրենք, խաղաղություն՝ թե՛ Հայաստանի հայերին, թե՛ Արցախի հայերին, բոլորին խաղաղություն, թող հայը հայի հետ ապրի, թուրքը գնա թուրքի հետ ապրի, ոչ մի ազգ ուրիշի մեջ չի կարող ապրել, ամեն ազգ իր ազգի մեջ պետք է ապրի: Ամեն դեպքում ես մեր Արցախը, մեր սուրբ հողն Ադրբեջանի կազմում չեմ տեսնում…»։