Ո՞վ կարող է երաշխավորել, որ Նիկոլ Փաշինյանը ներգրավված չէ կոռուպցիոն գործարքներում
Այն, որ կոռուպցիան Հայաստանում ընդլայնվել է, հաստատում են ոչ միայն տեղական, այլև միջազգային կառույցները։ Չեն թաքցնում նաև իշխանությունները։ Թեև ցանկության դեպքում էլ չեն կարող թաքցնել, որովհետև դա տեսնում են բոլորը։
Ու չնայած նրան, որ կոռուպցիան վերջին շրջանում ընդլայնվել է, շարունակում են համառորեն պնդել, թե Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա։
«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ես դա հաստատում եմ, որովհետև եթե լիներ համակարգային կոռուպցիա, այդ բացահայտումները չէին լինի»,- անդրադառնալով կոռուպցիայի տարածմանը՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։
Զարմանալի կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ասեր, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա։ Այսինքն՝ ոչ միայն ներքին օղակները, այլև ինքն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն են ներգրավված կոռուպցիայի մեջ։
Համակարգային կոռուպցիան հենց նրանում է, որ չի բացահայտվում։ Ու քանի որ չի բացահայտվում, ոչ ոք, նաև Նիկոլ Փաշինյանը, չի կարող երաշխավորել, որ այն չկա։
Պարզ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթակա իրավապահ համակարգը չի բացահայտի այն կոռուպցիան, որը կարող է կապված լինել իր կամ իր մերձավոր շրջապատի հետ։ Բայց դա չի նշանակում, թե այդպիսի երևույթներ չկան։ Համակարգային կոռուպցիան այն է, որ բոլորը կապված են իրար հետ, ու որևէ մեկը չի ուզենա, որ մյուսը բացահայտվի։
Ո՞վ կարող է երաշխավորել, որ Նիկոլ Փաշինյանը չկա այդպիսի գործարքների մեջ։
Այն, որ չի բացահայտվել, դա դեռ հիմք չէ համակարգային կոռուպցիան բացառելու համար։
Ոչ մի իշխանություն կամ իշխանության ղեկավար չի բացահայտի այն կոռուպցիան, որին նաև ինքն է մասնակից։
Նախկին իշխանություններին էլ էին մեղադրում համակարգային կոռուպցիայի մեջ։ Բայց որևէ նման դեպք չկար բացահայտված։ Այդ հետո փորձեցին «բացահայտել»։
Մինչև հիմա, սակայն, նախկինների կողմից կատարված համակարգային կոռուպցիայի ոչ մի դեպք չի հաստատվել, չնայած բազմիցս հայտարարում էին, թե համակարգային կոռուպցիան համատարած է։
Իշխանափոխությունից անցել է 5 տարի, ու դա լիովին բավարար էր համակարգային կոռուպցիայի գոնե մեկ հաստատված դեպք ունենալու համար։ Բայց չկա։ Եթե չկա, դա արդյո՞ք նշանակում է, որ նախկինում էլ Հայաստանում համակարգային կոռուպցիա չի եղել, պարզապես շահարկել են։
Ու երբ Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության մյուս ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է, կարելի՞ է ենթադրել, որ այն չի էլ եղել։ Եղել է միայն կոռուպցիա, այնպես, ինչպես հիմա է, ու ոչ պակաս ծավալներով, քան նախկինում էր։
Համակարգային կոռուպցիան հենց այն է, որը չի բացահայտվում, իշխանություններն էլ շահագրգռված չեն, որ բացահայտվի, որովհետև դա առնչվում է նաև իրենց ու իրենց մերձավորներին։
Չբացահայտված լինելը դեռ ոչինչ չի նշանակում։ Այսօր բացահայտված չէ, վաղը կարող է բացահայտվել։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ, որ այդպիսի երևույթները բացահայտվեն ու դուրս գան ջրի երես։ Բայց վաղը, երբ նա այլևս իշխանության չլինի, կարող է պարզվել, որ այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք խնամքով թաքցրել են։
Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ համակարգային կոռուպցիան միայն այն է, որ փողը պետական համակարգի տարբեր օղաներով ներքևից գնում է մինչև ամենավերև։ Իրականում, ինչպես կոռուպցիան, այնպես էլ համակարգային կոռուպցիան տարբեր դրսևորումներ ունեն։ Բայց ընդհանուր հաշվով ոչ մի տարբերություն չկա՝ կոռուպցիա՞ է, թե՞ համակարգային կոռուպցիա։
Եթե երկրի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները, նրանց կողմից բացված հիմնադրամները գործարարներից ու ոչ գործարարներից «կամավոր-պարտադիր» սկզբունքով նվիրատվություններ են ստանում, երբեմն՝ անանուն, սրանում արդյոք կա՞ կամ կարո՞ղ է լինել կոռուպցիա։ Կամ կարո՞ղ է այնպես լինել, որ այդպիսի նվիրատվությունների մի մասն էլ զուտ անձնական են և ոչ մի տեղ չեն երևում։
Ի՞նչ տարբերություն՝ երևույթները կանվանենք կոռուպցիա՞, թե՞ համակարգային կոռուպցիա, եթե դրանում պետության բարձրաստիճան դեմքերն են ներգրավված կամ նրանց մերձավորները։
Եթե ամեն ինչ այդպես արդար է, ինչպե՞ս ստացվեց, որ կարճ ժամանակում պետական պաշտոնյաները, ովքեր նախկինում գրեթե ոչինչ չունեին՝ հանկարծ մեծ կարողություններ կուտակեցին, բնակարանների ու առանձնատների, անշարժ ու շարժական տարբեր գույքերի, ֆինանսական մեծ միջոցների տեր դարձան, իրենց չեն զրկում թանկարժեք ռեստորաններում ու բարձրակարգ հյուրանոցներում, հանգստյան վայրերում ժամանակ անցկացնելուց, բրենդային ու ճոխ գնումներ կատարելուց։ Արդարանում էին, թե գործող աշխատավարձերը բավարար չեն պետական պաշտոնյային վայել ապրելու ու պատշաճ ներկայանալու համար, պետք է պարգևավճարներ ստանան, որպեսզի այդ բացը լրացնեն, բայց հանկարծ բոլորը միանգամից կարողությունների տեր դարձան։ Որտեղի՞ց այդ գումարները։
Միայն թե պետք չի ասել, որ այդ բոլորն իրենց աշխատավարձերով ու արդար քրտինքով են վաստակել։
Այն, որ հրապարակում են իրենց գույքի ու եկամուտների հայտարարագրերը, բոլորովին հիմք չէ, որ դրանից դուրս թաքնված եկամուտներ չեն ստացել ու ստանում։
Պարզ է, որ այդ ունեցվածքի մի մասը, որը կուտակել են այս կարճ ժամանակում, ձեռք են բերել՝ պաշտոնական դիրքից ելնելով։ Մեկին լավություն են արել ու դրա դիմաց լավությամբ են հատուցվել, մեկի հետ փայ են մտել, մյուսին գործի են նշանակել տվել ու շնորհակալության ձևով են վարձատրվել, մյուսից ուղղակի գույքը կամ բիզնեսն են խլել՝ հետևելով կառավարության օրինակին։ Տարբերակները շատ կարող են լինել։
Ո՞վ կհավատա, որ միլիարդավոր դրամների ճանապարհաշինական կամ այլ ծրագրերին առնչվող պաշտոնյաները, որոնք մեկ անձից կամ նույնիսկ մրցույթով բազմամիլիոն գնումներ են կատարում, կոռուպցիոն ռիսկերի չեն առնչվում։
Զարմանալի կլիներ, եթե հայտնաբերվող չարաշահումներն ու կոռուպցիոն երևույթները վերաբերեին միայն ներքին օղակներին։ Եթե ներքևում կոռուպցիա կա, չի կարող վերևում չլինել։ Այդպիսի երևույթները սովորաբար վերևների իմացությամբ են տեղի ունենում։ Իսկ եթե վերևներն այնուհանդերձ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում իրենց ենթակա հիմնարկներում, նշանակում է իրենց տեղում չեն ու պետք է պատասխանատվություն կրեն դրա համար։ Սա ամբողջ պետական համակարգին է վերաբերում։ Սկսած Նիկոլ Փաշինյանից՝ բոլորը պատասխանատու են ոչ միայն համակարգային կոռուպցիայի, այլև ընդհանրապես այն կոռուպցիոն երևույթների համար, որոնք կան պետական համակարգում, անկախ նրանից՝ դրանք հայտնաբերվա՞ծ են, թե՞ ապագայում կհայտնաբերվեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ