Ոչ միայն իշխանափոխություն է պետք, այլև իշխանապատժություն. Արմինե Ադիբեկյան
«Հայաստանի համար 29.000 քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը մեկն է՝ պետք է ընդունի մեր պայմանները. պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքել, մեր պայմաններով սահմանազատման աշխատանքներ կատարել»,- Բաքվի բռնապետի հերթական սպառնալիքն է հնչել օրերս:
Ալիևի 29.000 քկմ մասին արձանագրումները, այդուհանդերձ, նորություն չէին հայ հանրության համար. այս թիվն ամիսներ առաջ ակտիվ շրջանառության մեջ էր դրել հայկական կողմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:
«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29.800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»,- խորհրդարանում դեռ սեպտեմբերին հայտարարել էր նա:
Փաշինյանի և Ալիևի խոսույթների այս սիներգիկ կապի և ադրբեջանական կողմի տեղեկատվական ակտիվության ֆոնին փորձագիտական հանրույթը պարբերաբար խոսում է նոր պատերազմի ռիսկերի մասին:
«Պատերազմի վտանգն իրական է,– 168.am–ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, սակայն, առկա իրավիճակում ՀՀ իշխանությունների քայլերի մասին հակիրճ նկատեց,- Հրաժարական տալ և հրավիրել ուժերի, որոնք ի վիճակի են կառավարել»:
Արմինե Ադիբեկյանը համակարծիք չէ տարբեր շրջանակների կողմից գեներացվող այն տեսակետների հետ, թե պատերազմի դեպքում, օրինակ, Իրանը կկարողանա ինչ-որ կերպ «միջամտել»:
«Վստահ չեմ, թե Իրանը զորք կմտցնի Հայաստան, որովհետև Իրանը ևս կանգնած է պատերազմի շեմին, և այս ընդվզումները միտված են նաև Իրանի դեմ: Եվ հետո՝ եթե անգամ Իրանը խոստանում է, սպառնում է, մեզնից լավ մեզ ո՞վ պետք է պաշտպանի. Իրանն իր շահերն է պաշտպանում, ոչ թե մեր,- հավելեց նա՝ նկատելով, որ նմանատիպ ակնկալիքներ պետք չէ ունենալ նաև ՌԴ-ից՝ Արցախի շահերի պաշտպանության առումով,- Արցախի 120.000 հայերի շահերը պետք է պաշտպանեն Արցախի և Հայաստանի Հանրապետությունները, եթե խոսում ենք իրատեսության տեսանկյունից: Իսկ եթե խոսում ենք դիվանագիտական և ստորագրված փաստաթղթերի տեսանկյունից, ապա դա ՌԴ պարտավորությունն է. այն ամրագրված է եռակողմ պայմանագրով, ինչը, կարծում եմ, չի արվում, որովհետև նրանք այնտեղ պաշտպանում են ոչ թե հայերին, այլ սեփական շահերն այս տարածաշրջանում: Ուրեմն, այս պահին այդ շահերը չեն բխում ՌԴ շահերից. նրան առավել ձեռնտու է այս պահին սպասարկել Արդբեջանի և Թուրքիայի շահերը, որովհետև, օրինակ, նրանց միջոցով հնարավորություն ունի վաճառել իր նավթամթերքը»։
Ամփոփելով՝ ադրբեջանագետը վերահաստատեց իր մոտեցումը՝ առկա իրավիճակից ելքն իշխանափոխությունն է:
«Եվ ոչ միայն իշխանափոխություն է պետք, այլև իշխանապատժություն, որ եկող իշխանություններն իմանան՝ երկրի շահերի ու ազգի անվտանգության դեմ նման վերաբերմունքը ենթարկվելու է դաժանագույն պատժի:
Այսինքն՝ հուսալ, թե Նիկոլը «խելքը գլուխը կհավաքի» ու կդիմավորի պատերազմը պատշաճ ձևով, ռազմական գործողություններ կտանի և մեզ կտանի հաղթանակի, առնվազն անհեթեթություն է։ Նիկոլը մեզ բերելու է մեր ոչնչացմանը, և մենք դրա ականատեսն ենք արդեն»,- շեշտեց Արմինե Ադիբեկյանը:
Ի դեպ, այսօր համացանցում Հայաստանի և Արցախի հետ սահմաններին մոտ ադրբեջանական տեխնիկայի շարասյան շարժը ցուցադրող կադրեր էին հայտնվել:
«Рыбарь» տելեգրամյան ալիքը նույնիսկ կոորդինատներ էր փոխանցել՝ հիշեցնելով. «Վերջին շրջանում ավելացել են ադրբեջանական Telegram-ալիքներից ռազմատենչ հայտարարությունները։ Որոշ հրապարակումներ են եղել Ադրբեջանի քարտեզով, ներառյալ՝ Հայաստանի Սյունիքի մարզի ներկայիս տարածքը։ Իսկ երեկ՝ մահմեդական օրացույցով Նոր տարվա նախաշեմին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանին անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները։
Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից իրանական լրատվամիջոցներն ու ալիքները հերթական անգամ նշել են, որ ղարաբաղյան հարցն ուժային ճանապարհով լուծելու փորձը կառաջացնի Իրանի անհապաղ արձագանքը։ Այս պահին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը թեժանում է, և զինված հակամարտության վերսկսման նախադրյալներն ավելի ու ավելի շատ են։ Կոլեկտիվ Արևմուտքին ձեռնտու է Անդրկովկասում էսկալացիան՝ Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հարձակման ֆոնին Ռուսաստանի հարավային սահմաններում երկրորդ ճակատ բացելու համար»: