Ադրբեջանը դենացիֆիկացիայի կարիք ունի. Մարիամ Ավագյան

Կառավարության մարտի 16-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տեղահանվածների խնդրին: Նա հիշեցրել էր, որ եռակողմ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ինքն Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է՝ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ:

«Ի դեպ, այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չենք բարձրացնում: Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն Լեռնային Ղարաբաղի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին: Բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների՝ էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներն ինքնակազմակերպվեն և իրենց գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»,- նշել  էր Փաշինյանը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչպես ինքը, այնպես էլ շատերը պատրաստ են վերադառնալ, բայց մեկ դեպքում. «Այո՛, պատրաստ ենք հենց հիմա էլ գնալ, բայց գնանք մարդակեր պետությո՞ւն: Կգնանք, եթե մեր ֆիզիկական գոյությանը վտանգ չսպառնա, ինչպես եղավ 1988-1992թթ.: Վտանգն ավելի է սրվել, քանի որ պետական մակարդակով երեսուն տարիներ տարվել է հակահայ քարոզ: Ուստի Ադրբեջանը դենացիֆիկացիայի կարիք ունի: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը պարտադրեց Գերմանիային դենացիֆիկացիա: Համառ աշխատանք տարան, որ ժողովրդի միջից դուրս գա ֆաշիստական իդեոլոգիան»,- ընդգծեց Մարիամ Ավագյանը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգողը կարևորեց Հայաստանում փախստականների հարցերով հանձնակատար ունենալու հանգամանքը,  ով կզբաղվի հայ փախստականների իրավաքաղաքական խնդիրների կարգավորմամբ՝ նաև Արցախյան կարգավորմանը միտված միջազգային իրավական տիրույթում:

Կարդացեք նաև

«Փախստականների հարցերով հանձնակատարն իր վրա կվերցնի Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 820 հազար հայ փախստականների (տվյալները ստացված են փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում) հաշվառմամբ ՀՀ-ում, ԱՀ-ում, նաև Սփյուռքում, նրանց բոլոր տիպի իրավունքների, նաև գույքային փոխհատուցման և վերականգնման հարցերով, կզբաղվի Արցախի Հանրապետությունից փախստականների  խնդիրներով: Փախստականների հարցերով հանձնակատարը սերտ կհամագործակցի՝ ինչպես Սփյուռքի հանձնակատարի, այնպես էլ՝ ՀՀ և ԱՀ ԱԳՆ-ի հետ: Գիտենք, որ թշնամին փախստականների հարցում հետևողական ռազմավարություն է մշակել: Օրինակ՝ 1989 թ. սեպտեմբերին Ադրբեջանում հիմնվել է իրենց տները թողած մարդկանց հետ աշխատող կոմիտե, որը 1993 թ. հունվարի 5-ին վերանվանվել է Փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտե, և այդ կոմիտեն այդ անունը կրում է մինչ օրս:

Առաջին «ադրբեջանցիները» հեռացել են Հայկական ԽՍՀ-ից 1988թ.-ի նոյեմբերի վերջին, այնուհետև՝ 1989-ի ընթացքում, և դրա մասին վկայում են ադրբեջանական վավերագրական ֆիլմերը, նաև անձամբ Հեյդար Ալիևը: Հայկական իշխանությունները և «Ղարաբաղ» կոմիտեն կարողացան ապահովել, որ «ադրբեջանցիները» հեռանան Հայկական ԽՍՀ-ից անվտանգ ու ապահով, առանց բռնությունների, կամավոր: 1989 թվականին հայկական իշխանությունները միակողմանիորեն 14.500 «ադրբեջանական» ընտանիքների` որպես փոխհատուցում Հայաստանում թողած տների ու ունեցվածքի համար, վճարել են 70 մլն ռուբլի (մոտ 110 մլն ԱՄՆ դոլար): Իսկ այս ֆոնին ավելի քան 820 000 հայ փախստականներից և ոչ մեկը երբևէ Ադրբեջանից չի ստացել ոչ միայն փոխհատուցում, այլ այդ պետությունից փախել են մորթվելու անմիջական վտանգի տակ, ենթարկվելով տանջանքների, նսեմացման, կտտանքների…»,- փոխանցեց Մարիամ Ավագյանը:

Հավելենք, որ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններում անհանգստացնում է նաև այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար: Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեման: Մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին:

Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա արդեն ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի օրակարգը կձախողվի, մոռացության կմատնվի Բաքվի կողմից: Մեզ համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել մեկ այլ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը»:

Տեսանյութեր

Լրահոս