Ընդամենը 500 կազմակերպված մարդ երկու շաբաթում առանց բռնության կարող է փոխել իշխանությունը․ Տիգրան Աթանեսյան

Հայաստանն այսօր տարածք է, որը չեն գրավում, քանի որ ժամանակ չունեն, կամ էլ տարածք նվաճելը նորաձև չէ։ Դրա միակ մեղավորը մենք ինքներս ենք, մենք կործանել ենք մեր պետությունը, այն դե ֆակտո այլևս գոյություն չունի։ Սրանք մեծ հաճույքով դե յուրե էլ կկործանեն, իշխանության եկած խմբակը որևէ առաքինություն չկրող անձանց համախումբ է, նրանք պետությունը վիլայեթ կամ գուբերնիա դարձնելու հարցում որևէ խնդիր չունեն։ Պարզապես աշխարհը դեռևս այն վիճակում չէ, որ ՄԱԿ-ի անդամ երկիրը հենց այնպես վերանա, և կարծես արդեն աշխարհը չի թողնում, որ մենք մեր պետությունը քանդենք։ Բոլոր դեպքերում, սա աղետ և խայտառակություն է, և դժվար է ասել՝ ինչով կավարտվի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«44-օրյա պատերազմի ժամանակ, պարզվում է, Հայաստանում զորահավաքային զորակոչ չի հայտարարվել։ Այս իշխանությունը խելացի չէ, բայց խորամանկ է։ Ռազմական դրություն են հայտարարում հենց առաջին օրը, թվում է՝ ամեն ինչ անում են ագրեսիային դիմակայելու համար։ Որոշման հավելվածում նշում են՝ ՀՀ-ում հայտարարել համընդհանուր զորահավաք, և նորմալ մարդու ականջին դա հնչում է այնպես, ասես շուտով բոլորին բանակ են տանելու։ Բայց զորահավաքը մի քանի տարր է ներառում, որոնցից մեկը զորահավաքային զորակոչն է, մյուսը՝ պետական մարմինների և ՏԻՄ-երի աշխատանքի հատուկ ռեժիմը, ԶՈՒ օգտագործման և տեղաշարժման հատուկ պլանը։ Զորահավաքային զորակոչը հայտարարվում է առանձին որոշմամբ, մինչդեռ այդպիսի որոշում չունենք»,- ասաց փաստաբանը:

«Նենգ և խորամանկ մարդը, հայտնի ասացվածքի պես, միշտ երկու թաթով է թակարդն ընկնում։ Խելացի մարդու համար հեշտ է կարդալ՝ ինչ են իրենք անում, ուղղակի պետք է շատ ուշադիր լինել։ Հինգերորդ շարասյունը խոսում է իր մասին, ինչպես անբարոյականն է դիմացինին մեղադրում անբարոյականության համար։ Հինգերորդ շարասյունը հենց նրանք են։ Բոլորս գիտենք, որ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին հինգ միլիարդ դոլար էր առաջարկում Արցախի հանձնման դիմաց։ Հարյուր դոլարով հոդված գրողն ինչպե՞ս կարող է չվաճառել իր հայրենիքը։ Հինգ միլիարդը նրա համար շատ է, 50 միլիոնն էլ է ծով, կարող է դրա կեսն էլ տված չլինեն՝ նրան ուղղակի չհարգելով։ Այդ ամենն իմանալով՝ մեր ընտրողների մեծամասնությունը ծափ տալով գնում ու նրան է ընտրում, այսինքն՝ ազգն ինքն իրեն է դավաճանել։ Այս պայմաններում ի՞նչ անես, երբ իրական հինգերորդ շարասյունը Փաշինյանի ընտրողներն են»,- նշեց Աթանեսյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ նման իրավիճակներ կարող են լինել ցանկացած պետությունում, ուղղակի շատ պետություններ ու էլիտաներ նման զարգացում թույլ չեն տալիս. «Մենք, չգիտես ինչու, ընկանք պատմական մի սարսափելի փուլի մեջ՝ միգուցե գնահատելու համար այն, ինչ ունենք։ Այս վիճակից էլ կարելի է հեշտությամբ դուրս գալ, դրությունն անելանելի չէ։ Այս իշխանությունը շատ թույլ է, և ընդամենը 500 կազմակերպված պասիոնար մարդ՝ ոչ զինված, ոչ մահապարտ, երկու շաբաթում կարող է իշխանությունը վերցնել։ Բռնություն պետք չէ, կարմիրբերետավորները լուրջ պատնեշ չեն այս իշխանության համար, նրանք կարող են զոհված հերոսների անպաշտպան մայրերին նեղացնել, բայց երբ տեսնեն քսան տղամարդու, որոնք կարող են իրենց վրա հարձակվել, արագորեն կնահանջեն։ Նրանք ընդամենը աշխատավարձ ստացող են, անպաշտպանին ծեծում են, բայց երբ լուրջ դիմադրություն տեսնեն, երբեք մոտ չեն գա։ Տեխնոլոգիան, ձևերը, մարդիկ, ռեսուրսները կան, մնում է պարզել, թե ինչո՞ւ չի արվում»:

«Ինչո՞ւ է Հայաստանը հանրապետություն, դա մեր ժողովրդի ընտրությո՞ւնն է։ Իշխանությունը Հայաստանում կրում է խանական բնույթ, կա խան, որին պատկանում է ամբողջ իշխանությունը։ Երևանի վերջին խանից մինչև հիմա իշխանության էությունը Հայաստանում չի փոխվել։ Բանակը, բոլոր ազգային ինստիտուտները հեղինակազրկվում են, և չկա բողոքի ձայն, քանի որ պետությունն ընկալվում է խանական ձևով, այսինքն՝ դա ոչ թե մերն է, այլ խանինն է, և նա պետք է դրա համար պայքարի և կռիվ տա, նրան են պատկանում այդ ինստիտուտները։ Իսկ եթե խանն իր էությամբ դավաճան է և թրքահպատակ, այդ ամենը փլվում է։ Խնդիրների արմատն այստեղ է»,- ամփոփեց Տիգրան Աթանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս