
Գերմանիան մտադիր է զարգացնել Ճապոնիայի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է ակտիվացնել համագործակցությունը Տոկիոյի հետ պաշտպանության բնագավառում:
Ճապոնացի գործընկեր Յասուկաձու Համադայի հետ բանակցությունների ընթացքում ասված խոսքերը հայտնում է Kyodo գործակալությունը։
Ըստ Պիստորիուսի՝ Ճապոնիան շրջապատված է պետություններով, որոնք նրան մարտահրավեր են նետում: Դա հաշվի առնելով՝ Գերմանիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Ճապոնիայի իշխանությունների հետ պաշտպանության և զորավարժությունների ոլորտում։
Համադան իր հերթին ընդգծել է, որ Ճապոնիայի իշխանություններն անվտանգության բնագավառում բարդ իրավիճակներում են հայտնվել, ինչի պատճառով կարիք ունեն համագործակցելու միջազգային հանրության հետ:
Նախարարները պայմանավորվել են նաև հեշտացնել գերմանական զորքերի տեղակայումը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ակտիվացնել փոխանակումները երկու երկրների զինված ուժերի մակարդակով։