Ինչքա՞ն կպահպանվի գերարժևորումը. Կանխատեսվում է դրամի թուլացում

Անցած տարվանից սկսած դրամն արժևորվում է։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն հասցրել է էապես ամրապնդվել հիմնական արժույթների նկատմամբ։ Այս տարվա սկզբին էլ դրամը շարունակում է գտնվել գերարժևորված վիճակում։ Նախկին 490-ի փոխարեն՝ դոլարի փոխարժեքը տատանվում է 390 դրամի շրջակայքում։ Եվրոյի գինը մի փոքր բարձր է, բայց էլի մեծապես զիջում է նախորդ տարվա այս շրջանի փոխարժեքին։

Չնայած, ինչպես դոլարի, այնպես էլ եվրոյի փոխարժեքները դրամի նկատմամբ այս պահին գտնվում են բավական ցածր դիրքում, այնուհանդերձ կանխատեսվում է, որ դա երկար չի պահպանվի։ Միջազգային որոշ ֆինանսական կառույցներ համարում են, որ վերջին մեկ տարում գերարժևորված դրամն առաջիկայում աստիճանաբար կթուլանա։

Նման սպասումներ ունի, մասնավորապես, Եվրոպական Զարգացման Բանկը։

Բանկի մասնագետների գնահատումներով՝ տարեվերջին դոլարի փոխարժեքը Հայաստանում կկազմի 438 դրամ։

Խոսքը միջին փոխարժեքի մասին է։

Հաշվի առնելով, որ այս պահին դոլարի գինը նույնիսկ 400 դրամի չի հասնում, նշանակում է, որ տարեվերջին այն շատ ավելի բարձր պիտի լինի, քան 438 դրամն է։ Ասենք՝ 450 կամ 460 դրամ։

Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ Այս պահին նման ազդակներ շուկայում չեն երևում։ Դրամը շարունակում է պահպանել գերարժևորված վիճակը։ Բայց դա չի նշանակում, թե հիմքեր չկան դրամի թուլացման համար։

Հայտնի են այն գործոնները, որոնք հանգեցրել են ազգային արժույթի գերարժևորմանը։ Դրանք կապված են գերազանցապես ռուսական շուկայից Հայաստան մտնող մեծ քանակությամբ տարադրամային հոսքերի հետ։ Տարեսկզբին այդ հոսքերը որոշ չափով նվազել են՝ նախորդ տարվա վերջին ամիսների համեմատ։ Բայց դեռ վաղ է ասել, թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը։

Եվրոպական Զարգացման Բանկի մասնագետների կանխատեսումներով, դրսից տարադրամային միջոցների հոսքը դեպի Հայաստան դեռևս կշարունակի պահպանվել։ Դա կարտահայտվի՝ ինչպես տրանսֆերտային միջոցների ներհոսքով, այնպես էլ՝ զբոսաշրջության ակտիվությամբ։

Երկու դեպքում էլ հոսքերը մեծ կլինեն, բայց նախորդ տարվա ակտիվությունն այլևս չի լինի։ Ինչը ենթադրվում է, որ այդ հանգամանքը կազդի դրամի գերարժևորման վրա՝ հանգեցնելով վերջինիս դիրքերի թուլացման։

Այս սցենարի իրականացման արդյունքում ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ դրամի միջին փոխարժեքը տարեվերջին կլինի 438 դրամ։

Ի դեպ, նույնպիսի կանխատեսում է դրել այս տարվա պետական բյուջեում նաև Հայաստանի կառավարությունը։

Մնում է սպասել, թե այդ կանխատեսումները որքանո՞վ կիրականանան։

Եթե իրականանան, ազդեցությունները երկակի են լինելու։ Ինչպես հայտնի է, դրամի ամրապնդումը թուլացրել է ներքին տնտեսության դիրքերն արտաքին ու ներքին շուկաներում։ Արժեզրկման պարագայում այս հատվածից ներքին տնտեսության վրա ճնշումը որոշ չափով կմեղմվի, բայց կշարունակի պահպանվել։

Մյուս կողմից, սակայն, դա կմեծացնի գնաճային ճնշումը ներքին շուկայում։

Անցած երկու տարիներին Հայաստանը հայտնվել է բարձր գնաճային միջավայրում։ Վերջին ամիսներին թեև գնաճի տեմպը որոշ չափով թուլացել է, այնուհանդերձ, դեռևս շատ ավելի բարձր է, քան նախատեսված գնաճային միջավայրն է։

Հունվարին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմեց 8,1 տոկոս՝ 0,2 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա վերջի ցուցանիշից։ Փետրվարին գնաճը մնաց անփոփոխ՝ կրկին 8,1 տոկոս։ Միջազգային ապրանքային շուկաներում նկատվող գնանկումային երևույթների, ինչպես նաև տարբեր երկրների կենտրոնական դրամատների կողմից իրականացված խիստ դրամավարկային քաղաքականության արդյունքում, ակնկալվում է, որ առաջիկայում գնաճային ճնշումները դրսից կթուլանան։ Դա կարող է որոշակի ազատություն տալ Կենտրոնական բանկին՝ ինչպես դրամավարկային պայմանների թուլացման, այնպես էլ՝ արժութային շուկայում ավելի ագրեսիվ քաղաքականություն իրականացնելու և տարադրամային ճնշումները դրամի վրա մեղմելու առումով։

Միջազգային ֆինանսական կառույցները հույս ունեն, որ այս տարի գնաճի տեմպը Հայաստանում համեմատաբար ցածր կլինի։ Դա, իհարկե, չի նշանակում, որ գները կնվազեն, պարզապես անցած 2 տարվա բարձր գնաճի վրա կթուլանա թանկացումների տեմպը։

Միջազգային ֆինանսական կառույցները սպասում են նաև տնտեսական աճի տեմպի նվազում։ Այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի նրանց գնահատականներն ընդամենը 4 տոկոսի սահմաններում են։ Սա էապես ցածր է ոչ միայն՝ նախորդ տարվա փաստացի, այլև՝ կառավարության նախատեսած այս տարվա ցուցանիշից։

Հիշեցնենք, որ կառավարությունն առնվազն 7 տոկոս աճի ակնկալիք է դրել պետական բյուջեում։

Համաշխարհային բանկն այս տարվա Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատել է 4,1 տոկոս։ Դրանից շատ չի տարբերվում նաև ԵԱԶԲ կանխատեսումը. սպասումը 4,2 տոկոս է, իսկ հաջորդ տարվանը՝ 4,3 տոկոս։

Տնտեսության աճի կանխատեսումը գրեթե նույն սահմաններում է նաև մեր Կենտրոնական բանկի պարագայում։ ԿԲ-ն աճի պոտենցիալը 4,5 տոկոս է գնահատել։

Տարեսկզբին թեև տնտեսական ակտիվությունը Հայաստանում շարունակում է բարձր լինել, այնուհանդերձ տեղի է ունենում տեմպի կրճատում։

Ակտիվության աճի տեմպը կրճատվել է ոչ միայն անցած տարվա վերջի, այլև սկզբի համեմատ, երբ դեռևս չկային այն գործոնները, որոնք 2022թ. նպաստեցին Հայաստանում բարձր տնտեսական աճի արձանագրմանը։ Հաշվի առնելով այն, որ այդ գործոնները դրսևորվեցին հիմնականում երկրորդ եռամսյակից, ենթադրվում է, որ բազային էֆեկտի ազդեցությունն այս տարվա տնտեսական ցուցանիշների վրա կսկսի արտահայտվել ավելի ուշ, մասնավորապես՝ երկրորդ եռամսյակից։

Կանխատեսվում է, որ այդ շրջանից հետո կդիտարկվի տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ պայմանավորված տնտեսական աճի վրա անցած տարի դրսից թելադրված ազդեցությունների թուլացմամբ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս