«Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից պետք չէ փոփոխություններ ակնկալել. Ադրբեջանի ռազմական տեխնիկայի շարժը պարբերաբար արվող գործընթաց է». Կովկասագետ

95-րդ օրն է՝ ինչ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում է  շրջափակման մեջ։ Փակելով Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, Ադրբեջանը գրեթե ամեն օր անջատում է Արցախին Հայաստանից մատակարարվող գազն ու էլեկտրաէներգիան։

Վերջերս Արցախի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները ռուս խաղաղապահների միջնորդությամբ հանդիպում ունեցան՝ քննարկելու հումանիտար հարցեր։ Առաջին իսկ հանդիպումից հետո Ադրբեջանն Արցախին փոխանցել էր, որ Ստեփանակերտ-Բաքու հումանիտար երկխոսությամբ կա՛մ պետք է առաջ տանեն ինտեգրացիոն քաղաքականություն, կա՛մ իրենց քայլերն ավելի կոշտ կլինեն։

Նման պայմաններում իրատեսակա՞ն է սպասել, որ Ստեփանակերտի հետ երկխոսության միջոցով Բաքուն կարող է շրջափակման պայմաններում գոնե չխորացնել հումանիտար աղետը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովը պատասխանելով մեր հարցին՝ նշեց, որ ձևաչափը, որն Ադրբեջանի ղեկավարությունն առաջարկում է, Արցախի համար միանգամայն անընդունելի է, քանի որ նրա առաջարկած ձևաչափում պետք է, նրանց ասած՝ «Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների» հետ հաջորդ հանդիպումը կայանա Բաքվում։

Կարդացեք նաև

«Նախ, գոյություն չունի Ղարաբաղ տերմին, այլ կա Արցախի Հանրապետություն, որտեղ կա բնական ճանապարհով ընտրված իշխանություն, անկախ այն հանգամանքից՝ դա ուզո՞ւմ են տեսնել Ադրբեջանի իշխանությունները, թե՞ ոչ։

Նաև՝ չկա «Ղարաբաղի հայ համայնք», այլ կա Արցախի Հանրապետության բնակչություն, որը նրա պատմական տարածքն է, և որևէ համայնքի մասին խոսք լինել չի կարող։ Բանակցային գործընթացը կարող է տեղի ունենալ միայն մեկ ձևաչափով՝ եթե հանդիպումը տեղի է ունենում ոչ Բաքվում, և բանակցում են հավասարը հավասարի հետ, այսինքն՝ Արցախի և Ադրբեջանի իշխանությունները։

Այլ ձևաչափերով հանդիպումները և քննարկումներն անընդունելի են, և դրանից դրական ակնկալիք չենք էլ կարող ունենալ, որովհետև Ադրբեջանը հետո նման հանդիպումները որպես խաղաքարտ սկսելու է օգտագործել, անգամ, եթե նման հանդիպմանը ներկա լինեն ոչ Արցախի պաշտոնյաներ, այլ հասարակական հատվածից անդամներ, միևնույն է՝ նման ձևաչափն անընդունելի է։ Կա միջազգայնորեն ընդունված եռաչափ բանակցությունների ձևաչափ, և բանակցությունները պետք է ընթանան հենց այդ ֆորմատով»,- նշեց Հովիկ Ավանեսովը։

Ըստ նրա, Արցախը պետք է առաջ տանի 1994 թվականին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որտեղ կա Արցախի ռազմական ղեկավարության ստորագրությունը։ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունում, եթե կան նախապայմաններ Ադրբեջանի կողմից, ապա պետք չէ սպասել, որ այն կարող է դրական արդյունք տալ։ Ավելին՝ Ստեփանակերտի և Բաքվի օրակարգերը տարբեր են, և կան հարցեր, որոնց շուրջ պետք է երկխոսել, իսկ եթե Ադրբեջանն առաջ է քաշում սեփական նախապայմանները, դա արդեն անիմաստ երկխոսություն է։

«Երբ տեսնում ենք Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և այդ համատեքստում խոսում ենք Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից, ապա պետք չէ փոփոխություններ ակնկալել։ Մենք գործ ունենք արհեստածին ահաբեկչական պետության հետ, որի ղեկավարն ուժի սպառնալիքի տակ փորձում է տարածքներ զավթել»,- շեշտեց Հ. Ավանեսովը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ ՀՀ գերագույն խորհրդի որոշում կա դեռ 90-ականներից ընդունված, որ Հայաստանի որևէ ղեկավարություն չպետք է ընդունի կամ ստորագրի այնպիսի փաստաթուղթ, որտեղ Արցախը դիտարկվում է Ադրբեջանի կազմում։ Այս մասին վերջերս իր հայտարարության մեջ հիշեցրել էր նաև Արցախի խորհրդարանը։

«Այդ հայտարարությամբ Արցախը հստակ հասկացրեց, որ նման բան գոյություն ունի, և պահանաջատերը, ի դեպ, ՀՀ ԱԺ-ն է։ Որևէ ԱԺ չի հրաժարվել Գերագույն խորհրդի կողմից ընդունված որևէ փաստաթղթի իրավական լինելուց կամ չլինելուց։

Երբ դիտարկում ենք Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի շարժը, ապա սա Ադրբեջանի կողմից պարբերաբար արվող գործընթաց է, դրանով փորձում է հոգեբանական ահաբեկչության մեխանիզմ ցուցադրել։ Ադրբեջանի կողմից նկատվող տեխնիկական շարժը Պաշտպանության բանակի դիրքերի մոտակայքում է, այս դեպքում էլ հոգեբանական ահաբեկչության մեխանիզմն են օգտագործում՝ հատկապես շրջափակված Արցախի պայմաններում։

Մենք բազմիցս ասել ենք, որ ռազմական էսկալացիայի վտանգը բավականին մեծ է, այդ վտանգը նաև կախված է Հայաստանի գլխին՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում, ընդ որում, սրա մասին հայտարարում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ադրբեջանն ակնհայտ տարածքային պահանջ է ներկայացնում ամբողջ Հայաստանի նկատմամբ։

Այս ամենին զուգահեռ՝ կա մեկ այլ հանգամանք, որը մեր ուշադրությունից չպետք է բաց թողնենք։ Հիմա այն, ինչ կատարվում է, զուտ ադրբեջանաարցախյան հակամարտություն չէ, այստեղ մենք գործ ունենք Թուրքիայի հետ, ներգրավվածություն ունեն Իսրայելն ու Պակիստանը։ Այս նույն կոնտեքստում բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Իրանի հետ կապված։ Իսրայելը կարող է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներն օգտագործել ընդդեմ Իրանի։ Տվյալ պարագայում մեր խնդիրը պետք է լինի ամեն ինչի հաշվարկում՝ երկու մոդելով։ Մեկը՝ տեղական ու լայնամասշտաբ ռազմական գործողություններ երկու հայկական հանրապետությունների նկատմամբ, երկրորդը՝ տարածաշրջանային էսկալացիան»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս