«Խնդրում եմ, կչկչոցները դադարեցնել. տիկին Բյուզանդը դաշնա՞կ է». Թեհմինա Վարդանյան

«Առաջարկում եմ երեք փողոցներ անվանակոչել՝ ի պատիվ երեք հայ մտավորական կանանց. Էլեն Բյուզանդի, Մարո Մարգարյանի և Արմենուհի Տիգրանյանի»,- ավագանու նիստի ժամանակ ասաց «Իմ քայլ»-ի ավագանու անդամ Նվարդ Վարդանյանը:

Նա նշեց, որ նիստին չի մասնակցել, սակայն ստացել է զանգեր, եղել են հարցեր, որոնք խիստ խտրական են կին սեռի հանդեպ:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարցրեց՝ գուցե նրա համար է, որ դաշնակցակա՞ն կանայք են:

Հարակից զեկուցող, մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը ասաց, որ հարցին տրվել է բացասական եզրակացություն:

Կարդացեք նաև

Նա ասաց, որ չէր կարող հանձնաժողովը խտրական վերաբերմունք ունենալ:

«Օրինակ՝ Մարո Մարգարյանի անունով փողոցի անվանակոչությանը միաձայն կողմ էին, մյուս երկուսի դեպքում կարծիքների տարանջատում եղավ, և արդյունքում՝ տրվեց բացասական եզրակացություն»,- տեղեկացրեց  Հայկ Միրզոյանը:

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ ընդգծեց, որ Հայկ Միրզոյանը չպատասխանեց կուսակցական պատկանելության հարցին:

«Էս շենքում խոսակցությունները շատ արագ են տարածվում: Գիտեմ, որ հանձնաժողովում հնչել է կարծիք, որ դե, տիկին Բյուզանդը դաշնակ է: Գուցե այլ կարծիքներ էլ հնչել են, տեղյակ չեմ: Այդ ի՞նչ խտրական մոտեցում է: Հիշում եմ իմ բերած փողոցների անվանակոչությունները, երբ նշեցիք, որ երեքից մեկը սուրբ էր, այն երկուսը՝ չէ: Ձեր հանձնաժողովում հնչե՞լ է կարծիք, որ տիկին Բյուզանդը դաշնակ է»,- հարցրեց Թեհմինա Վարդանյանը:

Ապա խոսքն ուղղելով դահլիճին՝ ասաց. «Խնդրում եմ, կչկչոցները դադարեցնել»:

Հայկ Միրզոյանը պատասխանեց, որ անձամբ ինքը կողմ է քվեարկել:

Տեսանյութեր

Լրահոս