Էսկալացիայի վտանգը չի դադարել, բայց այս պահին սահմանին կուտակումներ չկան. Սուրեն Պապիկյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 14-ին հնչեցրած հայտարարությանը, որ ռազմական էսկալացիայի մեծ վտանգ կա, և հարցին՝ արդյո՞ք այդպես է, և որքանո՞վ է բանակը պատրաստ դրան, պատասխանեց
«Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին մենք մշտապես հայտարարել ենք։ Բնականաբար, պետք է լինենք աչալուրջ և պատրաստ լինենք մեր երկրի սահմանները պաշտպանելուն»,- նշեց Սուրեն Պապիկյանը։
Թե ինչպե՞ս են դիմակայելու էսկալացիային, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ դա Զինված ուժերի խնդիրն է։
«Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև գործընկերներին, հիմա եկեք չխոսենք չեղած բանի մասին։ Ասում եք՝ պատրա՞ստ եք դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետր, ավելին չեմ պատասխանի»,- հարցին կարճ պատասխանեց Ս. Պապիկյանը։
Ինչ վերաբերում է Արցախի ու Հայաստանի սահմաններին կուտակումների վերաբերյալ տեղեկություններին, Սուրեն Պապիկյանը պարզաբանեց՝ Արցախի շուրջ կուտակումների կամ այլ երևույթների վերաբերյալ ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով։ Նաև ռուս խաղաղապահներն են դրա մասին ամենօրյա հաղորդագրություն տարածում։
«Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին, ապա այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ սրանով մենք մեր աչալրջությունը պիտի դադարեցնենք»,- եզրափակեց Պաշտպանության նախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում