Երևանի թիվ 116 դպրոցը կանվանակոչվի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ
Երևանի համար 116 հիմնական դպրոցը կանվանակոչվի դպրոցի շրջանավարտ, արցախյան պատերազմների մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ։ Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Նախագծին կողմ է քվեարկել ավագանու 55 անդամ, դեմ՝0, ձեռնպահ՝0։
Սամվել Հովսեփյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 2-ին Երևանում: 1965 թ. հաճախել է Երևանի 90 միջնակարգ դպրոցը: 1967-1975 թթ. սովորել և ավարտել է Երևանի համար 116 միջնակարգ դպրոցը: 1976-1978 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989-1994թթ. մասնակցել է Արցախի համար մղված ազատագրական և ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերին։
1995-1997 թթ. ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման վարչության պետի տեղակալ, միաժամանակ մասնակցել է ՀՀ ՊՆ բարձրագույն ակադեմիական դասընթացին: 1997-1999 թթ. նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքի գնդի հրամանատար, 1999-2001 թթ.` ՀՀ ՊՆ Բալահովիտի գնդի հրամանատար, 2001-2002 թթ.` ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: 2002 թ. զորացրվել է ՀՀ զինված ուժերից (2-րդ կարգի զինհաշմանդամ):
2016 թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Պատերազմը սկսվելու օրից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո առողջական վճակը կտրուկ վատացել է: Մահացել է 2016 թ. նոյեմբերի 9-ին, հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում:
Սամվել Հովսեփյանը պարգևատրվել է ՀՀ «Արիության», ԱՀ «Արիության», ՀՀ «Մարտական ծառայության» մեդալներով: 05.03.2021թ. հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանով, «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Ամբասիր ծառայության առաջին և երկրորդ աստիճան», ԱՀ Հ/Կ «Արցախի մայրերի երախտագիտություն» մեդալներով: