
Հանրահայտ ջութակահար Լեոնիդաս Կավակոսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա վիրտուոզ ջութակահար Լեոնիդաս Կավակոսի մենահամերգը:
Կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի Ջութակի պարտիտա № 3, մի մաժոր, BWV.1006, Սոնատ սոլո ջութակի համար № 2, լյա մինոր, BWV.1003, Սոնատ սոլո ջութակի համար № 3, դո մաժոր, BWV.1005 գործերը:
Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների, ինչպես նաև Sony Classical ձայնագրման ընկերության հետ: Ի դեպ, Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող, Leonie Sonning-ի մրցանակակիր Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թվականին պատրաստած ջութակով: