Ունենք հիմքեր՝ ասելու, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա. Հրանտ Միքայելյան
Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կոռուպցիան կարծես թե շատացել է Փաշինյանի թիմակիցների շրջանում։
«Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ես դա հաստատում եմ, որովհետև եթե լիներ համակարգային կոռուպցիա, այդ բացահայտումները չէին լինի»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին ու կալանավորումներին, որոնք առնչվում էին Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածում չարաշահումներին, Փաշինյանը նշել էր, որ գնումների ոլորտում միշտ էլ ռիսկեր կան, որոնք թե՛ իրենք են բացահայտում, թե՛ լրատվամիջոցները։
«Ես սա ցավով եմ ասում, որ այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից կամ իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ»,- ասել է նա։
Այս համատեքստում Փաշինյանն ընդգծել է, որ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել։
Նրա խոսքով` կոռուպցիոն բացահայտումները շատացել են, քանի որ կոռուպցիան ևս շատացել է։
Փաշինյանը հիշեցրել է, որ դեռևս 2018-19 թվականներին իրենց քաղաքական թիմի անդամներից մեկը կալանավորվել էր կոռուպցիայի համար։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը մեզ հետ զրույցում ընդգծեց՝ վերջին ձերբակալությունները վկայում են, որ իշխանությունում կոռուպցիա կա:
Տնտեսագետը հիշեցրեց ՊՎԾ նախկին պետի հետ կապված դեպքը, Փաշինյանի բարեկամների հետ կապված դեպքերը, որոնք հրապարակվել են մամուլում: Հիշեցրեց նաև տրվող պարգևավճարների մասին:
«Հիմա, այս ամեն ինչի ֆոնին կարո՞ղ ենք խոսել համակարգային կոռուպցիայի մասին, թե՞ չենք կարող: Ուղղակի բնույթը փոխվել է, անձինք փոխվել են: Նշեմ, որ վերջերս հարցում էր անցկացվել MPG-ի կողմից, համաձայն որի՝ Հայաստանում 32.5 տոկոսը համարում է, որ թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիան աճել է, իսկ 60 տոկոսը համարում է, որ նվազել է: Բայց նույնիսկ 32 տոկոսը, եկեք համաձայնեք, որ բարձր ցուցանիշ է: Այնպես որ, ունենք հիմքեր՝ ասելու, որ Հայաստանում կա համակարգային կոռուպցիա: Գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք օրենքը համամասնորեն բոլորի նկատմամբ հավասար կիրառվում է: Եթե դա չկա, ապա կոռուպցիա կա: Եթե կոռուպցիա համարենք միայն բյուջեից գողացումները, ապա կարծում եմ, որ այս պահի դրությամբ բարձր չէ: Սակայն, եկեք մյուս կողմից դիտարկենք. բյուջեից գողացե՞լ են գումար, թե՞ ոչ, դա մի հարց է, այլ է, թե ինչքանո՞վ են արդյունավետ բյուջետային ծախսերը: Օրինակ, եթե բյուջեից 100 մլն դոլար մսխվել է, ի՞նչ տարբերություն: Մսխում կարող է տեղի ունենալ այն պարագայում, երբ կադրը, որը նշանակվել է, ընտրվել է ծանոթ-բարեկամի տրամաբանությամբ: Իսկ նման նշանակումներ կա՞ն, թե՞ ոչ: Գիտենք, որ կան և երկրի զարգացման վրա բացասաբար ազդում են: Սա էլ է կոռուպցիայի դրսևորում: Կարող ենք հիշել նաև մեկ անձից գնումները, որոնք վերջերս շատ են տարածված»,- ասաց Հրանտ Միքայելյանը:
Մեր դիտարկմանը, որ կա տեսակետ՝ պարգևավճարները տրվում են, որպեսզի չլինի կոռուպցիա, տնտեսագետը նշեց. «Իսկ եթե դա կա, ու ինքն իրեն կոռուպցիա է: Դե եկեք, որպեսզի հանցագործություններ չլինեն, թույլ տանք՝ գողություն անեն: Լայնորեն տարածվում է թմրանյութը. սա կոռուպցիայի հետ կապ ունի՞, թե՞ չունի: Կարո՞ղ է առանց իշխանության տարածվել»,- նկատեց Հրանտ Միքայելյանը: