Բաժիններ՝

Շվեդիան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել Ֆինլանդիայից առաջ. Շվեդիայի վարչապետ

Վերջին ժամանակներս մեծացել է հավանականությունը, որ Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայից առաջ: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

«Բացառված չէ, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցեն տարբեր փուլերում: Հավանականությունը, որ դա տեղի կունենա տարբեր արագությամբ, վերջին շրջանում մեծացել է», – ասել է նա: Քրիստերսոնի խոսքով՝ թագավորության անդամակցությունը դաշինքին միայն ժամանակի հարց է: «Հարցն այն չէ, թե (Շվեդիան) կանդամակցի արդյոք, այլ այն, թե երբ դա տեղի կունենա», – պարզաբանել է վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի հետ եռակողմ հուշագրի իրականացման գործընթացն ավելի արագ է ընթանում Ֆինլանդիայում։ Ինչպես մամուլի ասուլիսում պարզաբանել Է ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցություններում թագավորության ներկայացուցիչ Օսկար Ստենստրյոմը, Անկարան առայժմ բավարարված չէ Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ Շվեդիայի իշխանությունների գործողություններից։ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտեր են ներկայացրել 2022 թ. մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ նրանցից պահանջելով ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպությունները, ինչպես նաև արտահանձնել այն անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

Անցյալ տարվա հունիսի 28-ին Մադրիդում տեղի ունեցան կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի և այն ժամանակ Շվեդիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Մագդալենա Անդերսոնի հետ։ Ստորագրվեց հուշագիր, որը երկու հյուսիսային երկրներին թույլ է տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս