Բաժիններ՝

ՔԿ-ից հաստատում են՝ պարեկի մոտ «Մեթամֆետամին» թմրամիջոցի՝ առանձնապես խոշոր չափ է հայտնաբերվել

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ըստ տեղեկությունների, այսօր Արագածոտնի մարզում ձեռբակալվել է պարեկ, ով զբաղված է եղել «կրիստալ» տեսակի թմրանյութերի վաճառքով»:

168.am-ի՝ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները հաստատեցին լուրը:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ավելի ուշ տեղեկացրեց՝ «Դանիել Իոաննիսյանի կողմից ընտրված պարեկը հերթական հանցագործություն է կատարել: Այս անգամ բնակարանային գողություն չի, ծանր թմրանյութերի վաճառք է:

Հանցագործ թմրավաճառ պարեկին բացահայտել են հին ոստիկանները:

Կարդացեք նաև

Նշեմ, որ թմրավաճառ պարեկը համակարգում նախկինում երբեք չի աշխատել և պարեկային ծառայությունում հայտնվել է Դանիել Իոաննիսյանի թեթև ձեռքով»:

168.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հաստատեցին.

«Երեկ ոստիկանության կողմից Արագածոտնի մարզում թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու հանցավոր արարք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 2 անձ։ Նրանցից մեկի մոտ զննությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված։ Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց՝ 1,86 գրամ ընդհանուր քաշով, այսինքն առանձնապես խոշոր չափերով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Քննությամբ պարզվում են հանգամանքները, նաև ձեռքբերման աղբյուրը։ Անձը, ում մոտ հայտնաբերվել է թմրամիջոցը, շարունակում է մնալ արգելանքի տակ, մյուսը ազատ է արձակվել»,- ասաց ՔԿ մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Եվ թեպետ վերջինս իր պատասխանի մեջ պարեկի մասին չէր նշել, հարցը մենք հենց այդպես էինք ուղղել ՔԿ-ին, այսինքն՝ վարույթ նախաձեռնվե՞լ է արդյոք Կարապետ Պողոսյանի տված ինֆորմացիայի առնչությամբ, եղե՞լ է նման դեպք:

Տեսանյութեր

Լրահոս