
Գերմանիայում բուժհաստատությունների աշխատակիցները գործադուլ են սկսվել

Գերմանիայում բուժհաստատությունների աշխատակիցները երեքշաբթի օրը նախազգուշական գործադուլ են սկսել: Գործադուլի մասին ավելի վաղ հայտարարել էր երկրի՝ մեծությամբ երկրորդ Ver.di արհմիությունը:
Գործադուլին մասնակցում են հիվանդանոցների, հոգեբուժական կլինիկաների, շտապ օգնության և հիվանդների մշտական խնամքով զբաղվող հաստատությունների աշխատակիցները։ Գործադուլավորների ստույգ թիվը հայտնի չէ: Tagesschau հրատարակության տվյալներով՝ գործադուլը միայն Բավարիայում ընդգրկել է ավելի քան 30 բժշկական հաստատություն: Գործադուլին միացել է նաև Բեռլինի նշանավոր Charite կլինիկան։
Սպասվում է, որ բուժաշխատողների գործադուլը կշարունակվի չորեքշաբթի օրը։ Վերջին երկու ամսվա ընթացքում Ver.di արհմիությունն արդեն մի քանի լուրջ գործադուլ է կազմակերպել, որոնցից առավել նշանավորները խափանել են գերմանական օդանավակայանների գործունեությունը և հանգեցրել քաղաքային տրանսպորտի աշխատանքի ընդհատումների։ Արհմիությունը պահանջում է պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացում 10,5 %-ով, բայց ամսական 500 եվրոյից ոչ պակաս։
Գործատուների պատասխան առաջարկը՝ 2500 եվրո միանվագ վճարի և աշխատավարձերը 5%-ով բարձրացնելու վերաբերյալ, մերժվել է։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու շուրջ բանակցությունների հերթական փուլը կսկսվի մարտի վերջին։